Ամբիցիաների պակաս Արցախում

Դեկտեմբերին Հայաստանում և Արցախում տեղի կունենան ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Երկու ընտրություններն էլ պատգամավորական երկու տեղերի համար են: Եթե ՀՀ-ում նման ընտրությունները մեծ հետաքրքրություն և նույնիսկ մրցակցություն են ենթադրում, ապա Արցախում դրանք կընթանան 2010թ. խորհրդարանական ընտրությունների սցենարով՝ համապատասխան պայմանավորվածությունների և ոչ մրցակցային մթնոլորտում:

ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Զոյա Լազարյանն արցախյան նոր կառավարության ձևավորումից հետո ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ խորհրդարանական մեկ այլ հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Կասյանը, զբաղեցրել է Շուշիի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Նրանք երկուսն էլ խորհրդարան էին մտել մեծամասնական ընտրատարածքներից և երկուսն էլ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական կուսակցության ձևավորած «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցության անդամ էին: Այս երկու գործիչները նախկինում էլ զբաղեցրել էին վերոնշյալ պաշտոնները:

Ազատված պատգամավորական մանդատներին տեր դառնալն այնքան էլ չի ոգևորում Արցախի քաղաքական ուժերին և խմբավորումներին: Ընտրատարածքներից մեկում, որն ընդգրկում է Շուշիի շրջանն ու Ասկերանի որոշ գյուղեր, նույնիսկ մեկ թեկնածու է առաջադրվել: Ընտրվելիք պատգամավորներն էլ, հավանաբար կհամալրեն «Ժողովրդավարություն» խմբակցությունը:

Այս ընտրություններում ինտրիգ կարող էր մտցնել Արցախի սպասվելիք ընդդիմությունը: Ցավոք, այն դեռ մնում է սպասված երևույթ: Ամռանն անցկացված նախագահական ընտրություններում քվեարկած ընտրողների ձայների մեկ երրորդը ստացած Վիտալի Բալասանյանը և նրա կողմնակիցները քաղաքական ուժ չստեղծեցին, ընտրեցին քաղաքացիական շարժման ձևաչափը, որը հստակ հայտարարեց իշխանության համար չպայքարելու մասին: ԱԺ դեկտեմբերյան լրացուցիչ ընտրությունները պոտենցիալ ընդդիմությանն այսպիսով նույնպես չեն հետաքրքրում:

Հետաքրքրության պակասը պայմանավորված է նաև Արցախի խորհրդարանական համակարգի առանձնահատկություններով: Մինչև 2015թ. գործող խորհրդարանները կիսապրոֆեսիոնալ են, այսինքն՝ մշտական հիմունքներով գործող պատգամավորներ են համարվում միայն ԱԺ նախագահն ու նրա տեղակալը, հանձնաժողովի նախագահներն ու նրանց տեղակալները: Մյուսները նույնիսկ աշխատավարձ չեն ստանում, կարող են եկամուտներ ստանալ այլ աղբյուրներից: Նոր ընտրվելիք պատգամավորները հազիվ թե մշտական հիմունքներով գործող պատգամավոր լինելու բախտի արժանանան:

Ուրախալի է միայն, որ թեկնածուների մեջ երիտասարդ կա: Մարտակերտի շրջանի գյուղերից մեկի 26-ամյա զինղեկը կպայքարի պատգամավորական մանդատի համար: Արցախի երիտասարդների քաղաքական ամբիցիաները սովորաբար զսպվում են, քաղաքական դաշտում գերիշխում են քաղաքական երկարակյացները, որոնք ասպարեզ են մտել իննսունականներին:

Սակայն մեկ երիտասարդի ամբիցիան բավարար չէ հասարակության մեջ նոր փոփոխությունների և զարգացման հեռանկարի համար: Նոր սերնդի քաղաքական ամբիցիան է պետք՝ արտահայտված վերանձնական ինստիտուցիոնալ կառույցներով: Միայն նման համակարգերի ստեղծումը թույլ կտա հաղթահարել լճացած այս վիճակը, մտածել հեռանկարային ծրագրերի մասին: Ամբիցիաներ չունեցող հասարակությունները մեռնում են, դառնում այլ հասարակությունների ամբիցիաների խաղալիքը: Այնպես որ՝ այսօր ևս, ինչպես 1988թ., երիտասարդների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Դրանից խուսափելը լավագույն դեպքում կխորացնի ճահճացումը:

Մեկնաբանել