Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ավելի քան երկու տարի է, ինչ չի գործում Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի մի հատվածը։ Թեև Երևանի քաղաքային իշխանությունները ճանապարհահատվածի փլուզումից ի վեր մի քանի անգամ հայտարարել են այն ամբողջապես վերականգնելու մասին, սակայն մինչ օրս ճանապարհն ամբողջությամբ չի գործում։
Դեռևս 2023-ի հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը նույն տարում ողջ ծավալով վերականգնվելու է:
#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ ինչո՞ւ 2023-ին ճանապարհի վերականգնումը տեղի չունեցավ, ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում և «ո՞վ է մեղավոր» փլուզված ճանապարհի համար։
2022-ից վերակառուցվող ճանապարհահատվածը
2022-ի մայիսի 20-ին Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում տեղի ունեցավ փլուզում։
Քաղաքապետարանից հայտնել էին, որ փլուզված հատվածը վերակառուցելու է ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։
Վերջինը Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյան փողոցի միջակայքում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցում։
Այդ ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանն ասել էր, որ ճանապարհահատվածը կվերաբացվի «այն տրամաբանությամբ, որը կար մինչև փլուզումը»։
Շաբաթներ անց արդեն Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերանորոգված է։ Հետագայում, սակայն, պարզ դարձավ, որ գործող չորս ուղեգծերից բացվել են միայն երեքը։
2024-ի մարտին ՍիվիլՆեթը նկարահանել էր տվյալ հատվածը, տեսանյութում երևում է, որ ճանապարհի չորրորդ գոտին վերականգնելու ուղղությամբ գործնականում ոչինչ չի իրականացվել։ Տվյալ հատվածում արգելապատնեշներ են տեղադրվել, որ փլուզում չլինի ու աշխատանքները չընդհատվեն ընկնող քարերի պատճառով։
Ճանապարհի երթևեկելի չորրորդ գոտին շարունակում է մինչ օրս փակ մնալ։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու չորրորդ հատվածի չվերականգնման հիմնական պատճառները տեխնիկական են՝ կապված առանձին ենթակառուցվածքների հետ:
Վերականգնման մասով հստակ ժամկետներ, սակայն, նշված չեն։
Ովքե՞ր են մեղավոր ճանապարհահատվածի փլուզման համար
Փլուզման պատճառների մասին տարբեր կարծիքներ կան։
2022-ի հուլիսի 22-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փլուզված հատվածում ստուգումներ էր իրականացրել, ինչի արդյունքում հայտնել էր, թե «Սահակյանշին» ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։
«Սահակյանշին»-ից պնդում են, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևները և նախկինում անորակ նյութերով ճանապարհի լայնացում իրականացնելն է եղել։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սահակյանշին» ընկերությանը խախտումները վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ էր տվել։ Ըստ տեսչական մարմնի՝ տրված ցուցումները 2023-ին վերացվել են։ Բացի այդ, «Սահակյանշին»-ը հաստատման է ներկայացրել կառուցապատման նախագիծ, քանի որ համալիրը մեծ է և պետք է ունենա նաև կայանատեղիներ․ արտակարգ իրավիճակների նախարարությունը պահանջել է կայանատեղիների համար երկկողմանի մուտք ու ելք նախատեսել՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց և Մոնթե Մելքոնյան փողոցից։ Ծիծեռնակաբերդի խճուղուց մուտք ու ելքը կազմակերպեու համար ընկերությանն անհրաժեշտ է եղել համայնքային հողից հատված։
Քաղաքապետարանը փլուզված հատվածում հողհատկացում է արել և կառուցապատման իրավունքով վարձակալությամբ տվել «Սահակյանշին»-ին։
Ներկայում ընկերությունը սպասում է համալիր փորձաքննության արդյունքներին, որպեսզի կարողանա կայանատեղիների և չորրորդ ուղեգծի շինարարական աշխատանքները սկսել։
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Սահակյանշին» ընկերության հիմնադիր Սուրեն Սահակյանը նշեց, որ կառուցվելիք շինությունը նաև ճանապարհի համար հենապատ է լինելու։
Դիտարկմանը, թե ինչու է ընկերությունը վերականգնում ճանապարհահատվածը, եթե ինքը չէ փլուզման պատճառը, Սուրեն Սահակյանը նշեց, որ քաղաքապետարանն ընկերությանը չի պարտադրել վերանորոգել ճանապարհահատվածը․ իրենց բարի կամքն է եղել։
«Մենք այդտեղ կառույց ունենք, մեր կառույցը նաև հենապատ է, մեխանիկորեն վերականգվում է և գումարած երկու ուղեգիծ էլ ավելանում, և Ծիծեռնակաբերդի խճուղին դառնում է երթևեկելի վեց գծով»,- ասաց Սուրեն Սահակյանը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը շինարարի հետ որևէ խնդիր չունի։ Կոստանյանի խոսքով՝ նախագծի համալիր փորձաքննությունից և դրական եզրակացություն ստանաուց հետո ընկերությունը կդիմի Երևանի քաղաքապետարան շինթույլտվության համար, որից հետո էլ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն։
Քննչական կոմիտեից էլ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեռևս նախաքննություն է ընթանում, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։
Այսպիսով, 2022-ից մինչ օրս Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ճանապարհահատվածն ամբողջությամբ վերականգնված չէ։ Պարզ չէ, թե ովքեր են մեղավորները, քանի որ մինչ օրս նախաքննություն է ընթանում։ Իսկ ճանապարհահատվածի չորրորդ ուղեգիծը կբացվի, երբ «Սահակյանշին» ընկերության ներկայացրած նախագիծը համալիր փորձաքննություն անցնի, ստանա դրական եզրակացություն և սկսվեն շինարարական աշխատանքները։