Անուշ Պետրոսյան
Մեկ դար ապրած նրա մտախոհ հայացքը շղարշում են կուտակված հիշողություններն ու խառնաշփոթ մտքերը։ Ծերացած ու կնճռոտված ձեռքերով համրում է թզբեխի սև քարերը, ծանր հոգոց հանում, ուղղում ծնկները ծածկող վանդակավոր ծածկոցը և մի կում սուրճ խմում։ Որքան էլ թզբեխը օգնում է համրել մտքերը, դեպքերի և իրադարձությունների հարյուրամյա ժամանակագրությունը նա խառնում է։
«1990-ականների իրադարձությունները մտքում միացրել է 2023-ի սեպտեմբերին սկսված գաղթի օրերին։ 1992-ի Ջրաբերդից փախչելը երևի ամենածանր հետքն է թողել տատիս ենթագիտակցությունում, քանի որ հիմա նա հուշերով հաճախ հենց այդ օրեր է վերադառնում։ Պատմությունները երբեմն խառնում է իրար․ 1992-ի Ջրաբերդից գաղթի տեսարանները, 2020-ի հոկտեմբերին Ստեփանակերտի տան վրա արկ ընկնելն ու պատուհանները ջարդվելը, 2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտում նկուղ գնալուց հրաժարվելն ու տանը մենակ մնալը համատեղում է մեկ շարքի մեջ»,- ասում է 100-ամյա Արաքսյա Ներսիսյանի թոռնուհին` 42-ամյա Սիրանուշ Խաչատրյանը։
Հինգ պատերազմ տեսած Արաքսյա Ներսիսյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հայադ գյուղում։ Արցախի հայաթափումից հետո, ևս մեկ անգամ անցնելով գաղթի ճանապարհը, այսօր թոռնուհու ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արագածոտնի Կոշ գյուղում։
Որպես մասունք՝ փայփայում է ծնողների ու մեծ գերդաստանի նկարը։ Եկող-գնացողներին հարցնում է՝ «ինչպե՞ս են հարմարվել տարհանումից հետո»։ Իսկ երբ իրեն են հարցնում՝ «ինչպե՞ս ես», վեց երեխա, 17 թոռ, 46 ծոռ, յոթ կոռ ունեցող Ներսիսյանն ասում է՝ «ողջ եմ»։
Չնայած մեկդարյա տարիքին՝ Արաքսյան, բացի լսողական և տեսողական խնդիրներից, առողջական այլ խնդիրներ չունի։ Հիշողությունը վատացել է 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո, սակայն լավ է հիշում, որ վեց երեխա է ունեցել, դուստրերից մեկը վաղուց մահացել է, իսկ մյուս դուստրը, որդիներից մեկն ու թոռներից վեցն ապրում են Հայաստանում, մյուսները՝ արտերկրում։
Որոշ ժամանակ Արաքսյա Ներսիսյանը ապրում էր Ռուսաստանում գտնվող որդիների հետ, բայց կարճ ժամանակ անց, չհարմարվելով, վերադառնում է հայրենի հող։
Նրա ձեռքի՝ մաշված ու խունացած դաջվածքը հիշեցնում է Հայրենական պատերազմի տարիները։

«45-ին 21 տարեկան էի, ինձ 20 օրով ուղարկեցին Մախաչկալա, որտեղ մեզ պատրաստում էին պատերազմին։ Տեղում էլ դաջվածք արեցին, որ եթե պատերազմ գնամ ու զոհվեմ, գոնե դաջվածքով մարմինս կարողանան ճանաչել։ Բախտս բերեց, պատերազմն այդ օրերին ավարտվեց, ու ռազմակաճակատ չուղարկեցին»,- հիշում է 100-ամյա կինը։
Սակայն պատերազմները նրան հետևում են հետագա կյանքում։ Թոռնուհու օգնությամբ վավերագրում է անցյալը, ճշտում տարեթվերն ու իրադարձությունները։
«22 տարեկանում ամուսնացել եմ, ամուսնուս հետ ապրել Մարտակերտի Հասանղա (Հայկաջուր) գյուղում, բայց քանի որ գյուղում ադրբեջանցիներն էին, նորածին երեխայի անվտանգության մասին մտածելով՝ տեղափոխվեցինք Մարտակերտի Ջրաբերդ ավան: 1992-ի պատերազմի ժամանակ ստիպված թողեցինք Ջրաբերդը։ Ամուսինս վաղուց է մահացել»,- պատմում է Արաքսյան։
Ե՛վ 2020-ի պատերազմի, և՛ 2023-ի ռազմական գործողությունների ժամանակ Արաքսյան Ստեփանակերտում էր՝ աղջիկներից մեկի ընտանիքի հետ։ Սիրանուշը պատմում է, որ 2023-ի սեպտեմբերին տատը հրաժարվել է անգամ նկուղ մտնել, միայն քաղաքը լքելիս տնեցիները եկել ու նրան տարել են իրենց հետ։
Արաքսյան սիրում է լուսանկարվել, հիշում է նախնիների անունները, թե նրանցից ով քանի տարի է ապրել, ինչով է զբաղվել։
«Օրինակ՝ Ասադը՝ իմ պապի հայրը, 120 տարի է ապրել։ Երկար ապրելը նաև գեներով է փոխանցվել»,- բարեհամբյուր ժպտալով՝ ասում է նա ու ավելացնում. «Աստված ինձ մոռացել է այստեղ»։
Սիրանուշ Խաչատրյանն էլ կարծում է, որ տատի երկարակեցության գաղտնիքն ինքն իրեն սիրելու, ինչու չէ՝ նաև մի քիչ էգոիստ լինելու մեջ է։

«Տատիկս հաճախ է հիշում, որ հարազատ եղբայրը Հայրենական պատերազմից տուն չի վերադարձել։ Պատմում են, որ Արաքսյա տատի մայրը լացելով է մահացել. որդու մահվան վշտից կուրացել էր։ Դրա համար ինքը՝ Արաքսյան, քիչ էր լացում։ Ասում էր, որ ուզում է 100 տարի ապրել, ու ապրեց։ Վերջերս հայրս էր եկել մորը այցելության։ Երբ հայրս գալիս է տատիկին այցի, դուրս եմ գալիս սենյակից, թողնում եմ, որ մայր ու որդի վայելեն իրար. ո՞վ գիտի, թե ինչքան կտևեն այդ պահերը։ Անգամ 100 տարեկանում մայրը մնում է մայր։ 70 տարին լրացած հորս ամեն անգամ տեսնելիս հարցնում է՝ «հաց կերե՞լ ես»,- պատմում է Սիրանուշը։
Թոռնուհու մանկական հիշողություններում վառ են տատի հետ կապված դրվագները. հպարտությամբ պատմում է, որ Արաքսյա տատը ժամանակին Հայադ գյուղի գեղեցկուհիներից է եղել, կոլխոզի «ларёк»-ում է աշխատել ու հինգ գյուղի մթերք վաճառել, նաև անասնաբուժություն է սովորել, այդ ամենի հետ մեկտեղ էլ խիստ ամուսին է ունեցել։
«Հիշում եմ, երբ փոքր էինք, չէր սիրում, երբ դիպչում էին ճաշի կաթսային։ Ինքն իր ձեռքով պետք է ճաշը լցներ ափսեի մեջ ու դներ սեղանին։ Երբ ճաշ էր պատրաստում, բոլորի բաժինը պահում էր։ Թոռներին միշտ կոնֆետներ էր տալիս։ Հիմա ես ու իմ ընտանիքն ամեն ինչ անում ենք, որ տատիս կյանքի մայրամուտը տխուր չանցնի։ Մեծին հարգելը օրենք է, մեր տանը բոլորն այդ մասին լավ գիտեն», – ասում է Սիրանուշը։
Արաքսյայի կյանքի պատմությունը կրկնվում է սերնդեսերունդ։ Սիրանուշը տասը տարեկան է եղել, երբ 1992-ին ընտանիքով դուրս են եկել Ջրաբերդից։
«Լավ բան չկա հիշելու. օրերով ճանապարհներին, գետնի վրա էին քնում։ Ոտքով ենք դուրս եկել Ջրաբերդից։ Մի բլոկադա էլ այն ժամանակ ենք ապրել»,- պատմում է Սիրանուշը։
2016ի Ապրիլյան պատերազմի ժամանակ տարհանվել են Մարտակերտից. որպես բազմազավակ ընտանիք՝ ամուսնու՝ Ռաֆայելի հետ պատերազմից առաջ այնտեղ տուն էին ստացել պետության կողմից։ 2023-ի սեպտեմբերի 24-ին էլ կրկին տարհանվեցին Մարտակերտից։
«Զգում էի, որ մի օր նորից ենք դուրս գալու Արցախից։ Երազներ էի տեսնում, թե ինչպես են աչքիս առջև շենքեր փլվում․․․ մենք մի քանի տարին մեկ տեղահանվում ենք»,- ասում է երեք տղաների և չորս աղջիկների մայրը։
Կոշում տան համար ամսական վճարում են 100 000 դրամ։ Սիրանուշին դեռ չի հաջողվել աշխատանք գտնել, իսկ ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է։ Պետության կողմից տրվող ամսական 50 000 դրամական աջակցությունն արդեն երկրորդ ամիսն է՝ չեն ստանում։ Թե ինչու են ուշացնում, տեղյակ չեն։
«Ապագան անորոշ է, բայց հույսս Աստծուց երբեք չեմ կտրում»,- ասում է Սիրանուշը։
Նրա տղաներից 13-ամյա Դանիելն արդեն հասցրել է երեք պատերազմ տեսնել, մեծերին հավասար անգիր պատմում է տեղահանված մեծ գերդաստանի պատմությունը։
Ասում է, որ Կոշում վատ չէ, բայց ինքն իր Մարտակերտն է կարոտում, իր ընկերներին՝ Գոռին, Ռուբենին ու Սասունին, որոնց տեղահանվելուց հետո այդպես էլ չի տեսել։
Դանիելը օգնում է Սիրանուշին՝ նախատատին խնամելու հարցում, իսկ երբ հյուրեր են ունենում, նստում է մեծ տատի կողքին և ականջին ասում, թե ինչ են իրեն հարցնում։
Տարին երկու անգամ` hունիսի 22-ին և հուլիսի 1-ին, նշում են Արաքսյա Ներսիսյանի ծննդյան օրը, քանի որ անձնագրում նշված ծննդյան ամսաթիվը իրականից տարբերվում է։ Տատի ցանկությամբ նրա շուրջն են հավաքում այստեղ եղած բոլոր թոռներին, ծոռներին ու կոռներին, տորթի վրայի մոմերն էլ փչելիս 100-ամյա տատն իր երազանքի մասին է բարձրաձայնում.
«Թո՛ղ խաղաղություն լինի, էլ պատերազմ չլինի՛։ Ձեզ իմ առողջությունից եմ մաղթում։ Ուզում եմ, որ դուք էլ այսքան տարի ապրեք ու չհիվանդանաք։ Աստծուց խնդրում եմ, որ գերդաստանիս համար ճանապարհը կանաչ լինի»։
***
Անուշ Պետրոսյանը լրագրող է, որը 2020-ի պատերազմից հետո Շուշիից տեղափոխվել էր Ստեփանակերտ, իսկ 2023-ի սեպտեմբերի Արցախի էթնիկ զտումից հետո հաստատվել է Երևանում։