Փոխնախարարի կինն աշխատանքի է անցել նրա համակարգած ներդրումային ծրագրում

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի կինն անցած տարվանից աշխատանքի է անցել «ՌԻԴ» ընկերությունում, որի ներդրումային ծրագրերից մեկը համակարգվում է ամուսնու կողմից։ Խոսքը Արագածի հարավային լանջերին «Արագած» ծրագրի մասին է, որով նախատեսվում է կառուցել լեռնադահուկային, ինչպես նաև էկո-տնտեսական կենտրոն։ Այս ծրագիրը բախվել էր դժվարությունների՝ մրցակցության մեջ մտնելով նույն տարածքում լեռնադահուկային կենտրոն կառուցելու մտադրություն ունեցող «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հետ։ Վերջինը Հայաստանում ծրագիրն իրականացնելու համար համագործակցում էր ֆրասիական Société des 3 Vallées ընկերության հետ։ Ստեղծվել էր պետական միջգերատեսչական հանձնաժողով, որ պետք է հավանություն տար երկու հայտերից մեկին։ Հանձնաժողովը, որի նախագահը Նարեկ Տերյանն էր, բարձր էր գնահատել «ՌԻԴ»-ի հայտը՝ ըստ էության հավանության չարժանացնելով «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հայտը։ Դրանից հետո Տերյանի կինն աշխատանքի է անցել «ՌԻԴ»-ում՝ կասկածներ առաջացնելով հնարավոր շահերի բախման վերաբերյալ։

Ներդրումային երկու հայտ՝ մեկ տեղանքում

Արագածի հարավային լանջերին ներդրումային ծրագիր իրականացնելու առաջին մտադրությունների մասին խոսակցություններն սկսել էին դեռ 2019-ից։ Երկու ընկերություններ հավակնություններ էին ներկայացրել նույն հատվածում ներդրումներ կատարել։ Առաջին ընկերությունը «ՌԻԴ»-ն էր, որի պնդմամբ՝ դեռ 2018-ից էին մեկնարկել գործընթացը, տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել, նաև ստացել Ապարանի ավագանու հավանությունը՝ էկոտուրիզմի գոտի, ջրամբար, լեռնադահուկային հանգստավայր ու հյուրանոց կառուցելու համար։ Ծրագիրն իրականացվելու էր Վարդենուտ, Շենավան, Արագած բնակավայրերի վարչական տարածքում։ «ՌԻԴ»-ի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է, նրա ամենահայտնի ընկերությունը «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը։ «Ռուցոգ ինվեստ»-ը շինարարական խոշոր նախագծեր է իրականացրել Մոսկվայում՝ կառուցելով «Նիկոլսկայա պլազա» բիզնես կենտրոնը, St Regis Moscow Nikolskaya հյուրանոցային համալիրը, Olympic plaza բազմաֆունկցիոնալ կենտրոնն ու Մոսկվայի հայկական թանգարանը։ «ՌԻԴ»-ը մտադրություն ուներ նաև արդիականացնել Երևանի մանկական երկաթուղին, սակայն հետագայում հրաժարվեց այս նախագծից։

Արագածի հարավային լանջերի նույն տեղանքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերն էր Նիկոլայ Սարկիսովը՝ Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոսը։ Սարկիսովը խոշոր գործարար է, եղբոր հետ միասին ռուսական «Ռեսո» ապահովագրական ցանցի բաժնետեր է հանդիսանում։ Սարկիսովի կարողությունը 2021-ի դրությամբ կազմել է 850 միլիոն դոլար։

Նիկոլայ Սարկիսով

«Արագեյթ ինվեստմենթս»-ը այս ծրագրում ներգրավել էր նաև ֆրանսիական խոշոր երկու ընկերությունների՝ MDP consulting and engineering-ին և Société des 3 Vallées-ին։ Վերջինը ֆրանսիական Քուրշեվել ձմեռային հանգստավայրի կառավարիչ ընկերությունն է։ «Արագեյթ ինվեստմենթս»-ը նախատեսում էր կառուցել 126 կիլոմետրանոց դահուկուղիներ, 30 ճոպանուղիներ, ստեղծել 800 աշխատատեղեր, հյուրանոցներ և այլն։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ն ու Société des 3 Vallées-ն Արագածի հետ կապված այս ծրագրում նախատեսում էին ներգրավել մեկ այլ ֆրանսիական ընկերության՝ POMA-ին, որը մասնագիտացած էր ճոպանուղիների նախագծման, կառուցման, տեղադրման ոլորտում, աշխարհում նմանատիպ 8 000 համակարգ էր տեղադրել։

Միջգերատեսչական հանձնաժողովն ընտրում է «ՌԻԴ»-ը

2021-ին ստեղծվեց միջգերատեսչական խումբ, որ պետք է քննարկեր երկու ծրագրերից մեկին հավանություն տալու հարցը։ Հանձնաժողովի նախագահը փոխնախարար Տերյանն էր։ Հանձնաժողովը ավելի բարձր միավորներով էր գնահատել «ՌԻԴ»-ի հայտը՝ ըստ էության մերժելով «Արագեյթ ինվեսթմենթս»-ին ու ֆրանսիացիներին։ ՍիվիլՆեթը գրավոր հարցմամբ խնդրել էր նախարարությանը տրամադրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ու հանձնաժողովի անդամների անհատական քվեարկությունները։

«Հանձնաժողովն ուսումնասիրել է երկու հայտերը, մասնագիտական քննարկման արդյունքում արձանագրություն չի կազմվել, հիմնվելով գնահատման արդյունքների վրա՝ համապատասխան մասնագիտական կարծիք է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ»,- տեղեկացրել են նախարարությունից՝ չտրամադրելով նաև հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր ծրագրի մասով։

«Արագեյթ ինվեսթմենթս»-ի ու ֆրանսիացիների հայտի մերժումը դժգոհություն էր առաջ բերել նաև ֆրանսիական պաշտոնական շրջանակների մոտ, որի մասին ժամանակին գրել էր ՍիվիլՆեթը։ Որ Հայատանի ու Ֆրանսիայի պաշտոնական շրջանակները քննարկման առարկա էին դարձրել այս ներդրումային ծրագիրը, հաստատում է նաև Société des 3 Vallées-ի ղեկավար Պասկալ դը Տիերսանթը։ Նա տարակուսանք էր հայտնել իրենց հայտի մերժման համար, ասել՝ կորցնողը Հայաստանն է։ Դը Տիերսանթը նաև շեշտել էր՝ «Հայաստանի իրավապահ մարմինների և հայ հասարակության գործն է իմանալ ավելին այս նախագծի չհաստատման իրական պատճառների մասին»։

Ի վերջո կառավարությունը 2023-ի մարտին վերջնական հաստատեց «ՌԻԴ»-ի 200 միլիոն դոլարի ներդրմամբ ծրագիրը։

Նարեկ Տերյանի կինը՝ «ՌԻԴ»-ի աշխատակից

Նարեկ Տերյանը, փաստացի, և՛ ներդրումային ծրագրերից մեկն ընտրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ էր, և՛ համակարգում է «ՌԻԴ»-ի ներդրումային ծրագիրը էկոնոմիկայի նախարարությունում։ «ՌԻԴ»-ի կողմից «Արագած» ներդրումային ծրագրի հաստատումից երկու ամիս անց՝ մայիսին, փոխնախարար Նարեկ Տերյանի կինը՝ Յուլիա Տերյանը, աշխատանքի է անցել «ՌԻԴ»-ում։ Այդ մասին նշված է Տերյանի 2023-ի գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի հայտարարագրում։ Վերջինս 3,2 միլիոն դրամի եկամուտ է ստացել «ՌԻԴ»-ից։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ փոխնախարարի կնոջ կողմից այս ընկերությունում աշխատանքի անցնելը կարող է պարունակել ենթադրյալ շահերի բախման, ազդեցության չարաշահման ռիսկեր։ «Ամենաբացահայտ շահերի բախումն այն է, որ նրա կինը աշխատում է այն ընկերությունում, որի հետ կապված ծրագիրը համակարգում է իր փոխնախարար ամուսինը։ Ես այստեղ նաև էթիկական խնդիր եմ տեսնում։ Փոխնախարարի կնոջ կողմից հետագայում աշխատանքի անցնելը լուրջ կասկածներ է առաջ բերում շահերի բախման առումով»,- ասում է Հոկտանյանը։ Նա կասկածելի է համարում նաև այն, որ միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրություններն ու անհատական գնահատումները հասանելի չեն։

Ի՞նչ են պարզաբանում Տերյանն ու «ՌԻԴ»-ը

Փոխնախարար Տերյանը անդրադառնալով իր կողմից համակարգվող ներդրումային ծրագրում կնոջ աշխատանքի անցնելը՝ հերքել է հնարավոր շահերի բախումը։ «Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում շուրջ երկու տարի անց, քան սկսել են «Արագած» ներդրումային ծրագրի քննարկումները։ Յուլիա Տերյանը «ՌԻԴ»-ում իրականացնում է վերոնշյալ ծրագրի հետ առնչություն չունեցող պարտականություններ և ի պաշտոնե չունի որևէ լիազորություն որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու, ուստի տվյալ պարագայում չի կարող առաջանալ շահերի բախում»,- նշված է նախարարության պատասխանում։

Ըստ դրա՝ Յուլիա Տերյանը ներգրավված է ոչ թե «Արագած» ներդրումային ծրագրում, այլ «ՌԻԴ»-ի կողմից իրականացվող «Փարաջանով քլաբ հաուս» նախագծում՝ որպես վաճառքի բաժնի պետ։ Սա Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում կառուցվող 27 հարկանի համալիր է։ Համալիրի ներկայացման շնորհանդեսին ներկա էր նաև փոխնախարարը, լուսանկարներում նրան կարելի է տեսնել «ՌԻԴ»-ի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի կողքին։

Ձախից աջ՝ դերասան Միխայիլ Գալուստյանը, գործարար Ռուբեն Գրիգորյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Փարաջանով քլաբ հաուս»-ը բաղկացած է լինելու բնակելի ու հասարակական տարածքներից, օլիմպիական լողավազանից, ունենալու է 5 հարկանի ավտոկայանատեղի, այգի, խաղահրապարակ, հատուկ անվտանգություն։ «ՌԻԴ»-ը պատասխանելով Սիվիլնեթի գրավոր հարցմանը՝ ևս հերքել է հնարավոր շահերի բախման դեպքը. «Ընկերության կադրային քաղաքականությունը հիմնված չէ այս կամ այն հաստիքին աշխատանքի ընդունելու ժամանակ ճշտելը, թե հավակնորդի ամուսինը կամ կինը որտեղ է աշխատում և ինչ պաշտոն զբաղեցնում»,- պատասխանել է «ՌԻԴ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունովը։

Մինչդեռ Վարուժան Հոկտանյանը արձագանքելով հարցին, թե փոխնախարարի կնոջ նշանակումը «ՌԻԴ»-ում կարո՞ղ էր լինել շնորհակալական ժեստ Տերյանին, պատասխանել է՝ «միանշանակ»։ «ՌԻԴ»-ի սեփականատեր Ռուբեն Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում Նարեկ Տերյանին անվանել էր մարդ, որ «լուրջ աջակցություն է ցուցաբերել իրենց ներդրումային ծրագրին ու 4 տարում ուղղել կառավարության բոլոր սխալները»։ Նույն հարցազրույցում Գրիգորյանն ակնարկել էր, որ իրենք ավելի վաղ էին ներկայացրել ներդրումային ծրագիրը և որ ծրագրի գաղտնիությունը կառավարությունում չի հարգվել։

Հայաստանում ծրագրի տապալումից հետո ֆրանսիական Société Des 3 Vallées-ը ծրագիր սկսեց Ղրղզստանում։ Երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպումից հետո հայտարարվել է Իսիկ Կուլի շրջանում լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու մասին, որը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրը։ Ղրղզստանում այս ծրագրի արժեքը կկազմի 165 միլիոն եվրո, հանգստավայրը պատրաստ կլինի մինչև 2026-ի ավարտ։

Մեկնաբանել