Կեղծ գովազդ սոցցանցերում՝ հոդերի անվճար բուժման մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում սոցցանցերում տարածվում են գովազդային կասկածելի գրառումներ, որոնցում պնդվում է, թե Հայաստանում հոդերի հիվանդությունների անվճար բուժման հնարավորություն է ստեղծվել, և առաջարկվում է ստանալ բուժիչ դեղամիջոցը:

Ակտիվ գովազդվող գրառումներում նշվում է, թե «Կարմիր խաչը Հայաստան է ուղարկել արթրիտով հիվանդների համար նախատեսված դեղամիջոց», որն իբր կարող է բուժել հոդերը: Այլ գրառումներում նշվում է, թե հոդացավերը վերացնող անվճար դեղամիջոցը հատկացվում է պետական ծրագրի շրջանակում։

#CivilNetCheck-ը ստուգել է այս հրապարակումները և պարզել, որ դրանք կեղծ են:

Կեղծ կայքը նմանակում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

Հոդերի արագ և անվճար բուժում խոստացող գովազդվող այս գրառումները տանում են դեպի մի քանի կասկածելի կայքեր: Դրանցից մեկը ներկայանում է որպես «Առողջապահության միջազգային միավորում»՝ այդպիսով նմանակելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Անվանմանը համապատասխան՝ կասկածելի կազմակերպության տարբերանշանը նույնպես նմանակում է ԱՀԿ-ի պատկերանշանին:

Կասկածելի կայքում առաջարկվում է անվճար ստանալ «ՍուստավՊրո» անվանումով միջոց՝ իբր Հայաստանի բնակչության շրջանում «Օգնություն» ծրագրի շրջանակում: Դրա համար կայքն առաջարկում է պարզապես անցնել հարցում հոդերի ցավերի մասին, որի վերջում տրվում է մտացածին ախտորոշում՝ իբր անցած հարցման հիման վրա:

Էկրանապատկերը՝ դեղամիջոցը գովազդող կասկածելի կայքից։

Դեղամիջոցն անվճար ստանալու համար կայքն առաջարկում է անկետայում լրացնել անուն և հեռախոսահամար: Մենք գրանցվեցինք և մի քանի ժամ անց զանգ ստացանք հայկական համարից։

Սպասված զանգ խարդախներից

«Հենաշարժողական համակարգի հիվանդությունների» հարցերով ընկերության մասնագետ ներկայացած ռուսախոս տղամարդը հայտնեց, որ զանգահարում է, քանի որ մենք իբր գրանցվել ենք «նախագահի արտոնյալ պետական ծրագրով» հոդերի համար միջոց ստանալու համար:

Մեր այն դիտարկմանը, որ գրառումներում նշված էր, թե ծրագիրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից է, այլ ոչ թե նախագահից, հստակ պատասխան չստացվեց: Այնուհետև զրույցի ընթացքում տղամարդը հարցեր էր տալիս հոդերի ցավերի մասին և շուտով «ախտորոշում» կազմեց: Նա խորհուրդ տվեց ստանալ «ՍուստավՊրո» անվանումով քսուքը. այն իբր գելի տեսքով նոր դեղամիջոց է, և բաղադրությունը գաղտնի է պահվում:

Տղամարդը հավաստիացնում էր, որ բուժման կուրսն անցնելու դեպքում բոլոր տեսակի հոդային ցավերը կանցնեն: Ըստ նրա՝ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս որպես այս արտադրանքի որակի երաշխավոր։ Սա ակնհայտորեն կեղծ պնդում է։

Զրույցի ընթացքում շուտով պարզ դարձավ, որ առաջարկվող «հրաշք դեղամիջոցն» իրականում անվճար չէ (ինչպես գրված էր գրառումներում և կայքում), այլ «արտոնյալ զեղչով», որն իբր վճարվել է պետական բյուջեից:

Պարզվում է՝ «ՍուստավՊրո» անվանումով քսուքի օգնությամբ բուժման կուրսը տևում է երկու ամիս, և որ դեղամիջոցի կուրսը զեղչի դեպքում կարժենա 37 000 դրամ: Առաքումը, ըստ զրուցակցի, կատարվում է առցանց վճարումից հետո:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և առողջապահության նախարարությունը հերքում են

Մենք կապվեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որտեղից հերքեցին այդ տեղեկությունը: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնեց, որ կոմիտեն որևէ կապ չունի սոցցանցերում տարածվող գովազդային գրառումների և նշված միջոցի հետ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից սոցցանցերում շրջանառվող նման հայտարարությունները որևէ կապ չունեն կոմիտեի գործունեության հետ: Առհասարակ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բնակչությանը չի բաժանում դեղորայք կապված որևէ առողջական խնդրի հետ»,- նշեց Զառա Ամատունին և հորդորեց քաղաքացիներին զգուշանալ նմանօրինակ կեղծիքներից։

Առողջապահության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ նման արտադրանք պետության կողմից կամ պետական ծրագրով քաղաքացիներին չի տրամադրվում և շրջանառվող տեղեկությունը կեղծ է։

«Առողջապահության նախարարության կողմից թե՛ մարդասիրական, և թե՛ կենտրոնացված կարգով վերոնշյալ արտադրանքը չի տրամադրվել։ Պետական պատվերի շրջանակում հոդերի բուժման համար նշված արտադրանքը չի տրամադրվել։ Շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է»,- հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Քսուքը կասկածելի համբավ ունի և դեղամիջոց չէ

Գովազդվող «ՍուստավՊրո» քսուքի մասին հիշատակումներ չկան վստահելի աղբյուրներում և գրանցված դեղամիջոցների ռեեստրներում՝ այդ թվում Հայաստանի դեղերի պետական գրանցամատյանում։

Որպես դեղամիջոց ներկայացվող քսուքն իրականում պաշտոնապես գրանցված է որպես «մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոց», ընդ որում՝ միաժամանակ մի քանի ընկերությունների կողմից։ Այսինքն՝ միջոցի բժշկական ազդեցության վերաբերյալ հետազոտություններ չեն իրականացվել։

Էկրանապատկերը՝ ՌԴ հավաստագրերի համապատասխանության ռեգիստրից։

Համացանցում, ինչպես նաև ՌԴ տարածքում այն գտնվում է ազատ վաճառքում։ Տարբեր առցանց խանութներում «ՍուստավՊրո» ապրանքի ազդեցության վերաբերյալ առկա են հակասական մեկնաբանություններ և գնահատականներ։

Նմանատիպ խաբեությունները տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Դրանք հաճախ թիրախավորում են տարեց մարդկանց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին՝ խոստանալով «հրաշք» բուժում:

#CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է շաքարախտի արագ և «հրաշք» բուժում խոստացող սոցցանցերում տարածվող կեղծ գրառումներին։

Տես՝ Շաքարախտը «բուժող» կեղծ դեղեր՝ սոցցանցերում

Այսպիսով, սոցցանցերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ պետության անունից տարածվող՝ հոդերը բուժող դեղամիջոցի մասին հրապարակումները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ գումարներ կորզելու համար:

Մեկնաբանել