Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Լրատվամիջոցներում հուլիսի 26-ին տարածվել է տեղեկություն, թե ոստիկանության պարեկային ծառայությունը ընդամենը 25 օրվա ընթացքում երթևեկության խախտումների փաստերով 515 430 արձանագրություն է կազմել: Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Լուրի սկզբնաղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթի հուլիսի 26-ի «515 430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերիալ է»» վերտառությամբ հրապարակումն է:
Հոդվածում նշվում է, որ Պարեկային ծառայությունը «միայն 2024-ի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության խախտումների փաստերով շուրջ 515 430 արձանագրություն է կազմել»: Որպես տեղեկության աղբյուր՝ հղում է արվում Պարեկային ծառայության կազմակերպման վարչության տվյալներին:

Այս տեղեկությունն արագ տարածվեց տասնյակ այլ լրատվամիջոցներում, այդ թվում՝ Tert.am, Lurer.com, 24news.am, Armday.am, Iravunk.com, Asekose.am, Infoport.am, Pastinfo.am լրատվական կայքերում:
Տեղեկությունը սխալ է. ՆԳՆ-ն հերքում է
Լուրի տարածումից ժամեր անց Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց այդ տեղեկությունը: Նա հայտնեց, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից մինչև հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ յոթ ամսվա ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը հերքումից հետո խմբագրել է իր հոդվածը՝ առանց դրա մասին հոդվածում հատուկ նշում անելու: Լրատվական այլ կայքերում, որոնք արտատպել էին նյութը, սխալ տեղեկությունը մնացել է անփոփոխ: Անգամ ՆԳՆ խոսնակի հերքումից հետո լուրը շարունակում է տարածվել:
Այսպիսով, լրատվամիջոցներում տարածված պնդումը, թե Պարեկային ծառայությունը 25 օրում 515 430 արձանագրություն է կազմել, սխալ է: Իրականում այդքան արձանագրություն կազմվել է ոչ թե 25 օրում, այլ յոթ ամսվա ընթացքում:
Civilnet
CivilNetCheck











