Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 26-ին, այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։
Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութին կից Փաշինյանը գրել է, որ անցակետի արդիականացման ծրագրի արժեքը 1 միլիարդ դրամ է։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022-ի հուլիսի 1-ին Վիեննայում հանդիպմանը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Պայմանավորվածությունից հետո Հայաստանի կառավարությունը հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ էր կառուցել, որը մինչ օրս «սպասում է» սահմանի բացմանը։