Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։



«Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ:

Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով:

Էկրանապատկերը՝ կեղծ գրառմանը կցված կայքից

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի և գորտնուկների առաջացման:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ Բրիջիտա Սիմոնյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ աղով բուժումը միֆ է:

«Բուժել չի նշանակում, որ դա թափվեց մաշկի մի մասում, ուրեմն բուժվեց։ Եթե մարդու օրգանիզմում կան պապիլոմա վիրուսի 6 և 11 շտամեր, ինքն անընդհատ առաջանալու է՝ մաշկի վրա, սեռական օրգանների, արտաքին մասերում, տարբեր մասերում ։ […] Դա չի վերանում, մի ուրիշ տեղ է առաջանում»,- բացատրեց մասնագետը:
Փաստացի՝ պապիլոմա վիրուսով վարակված մարդուն հնարավոր չէ բուժել, բայց հնարավոր է հիվանդության առաջացումը կանխարգելել պատվաստման միջոցով: Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվճար է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի որոշման։

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 26 000 քաղաքացի։

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գոյացություններին, դրանք հնարավոր է վերացնել կոսմետիկ միջոցներով, սակայն արդյունքը ժամանակավոր է լինելու, քանի որ, ինչպես նշվեց, Մասնագետի խոսքով՝ եթե օրգանիզմում առկա են վիրուսի որոշակի շտամեր, գոյացությունները կրկին կառաջանան այլ հատվածներում:

Այսպիսով, ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ աղի միջոցով պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գորտնուկների բուժման վերաբերյալ։ Իսկ կոսմետիկ եղանակով դրանց հեռացումը ժամանակավոր լուծում է։

Մեկնաբանել