Վրեժխնդրություն․ պարզվել են լեյտենանտի սպանության հանգամանքները

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պարզվել են 2024-ի հունվարի 9-ին զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ։ Նշվում է, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:

«Դեպքի օրը՝ հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին: Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Սպանության մեջ մեղադրվող Ն.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Մեկնաբանել