Թեհրանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը Փեզեշքիանը վերահաստատել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:
Ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և Իրանի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»։
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Ըստ հաղորդագրության՝ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Վարչապետը նաև կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Վարչապետ հանդիպում է ունեցել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
«Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»,- նշված է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Հուլիսի 5-ին Իրանում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Նա դարձել է Իրանի 9-րդ նախագահը։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։