Գլխավոր Լրահոս

Հայաստանից մոտ 6 000 հնդիկ միգրանտ է հեռացել. ԿԲ նախագաh

Հայաստանից մոտ 6 000 հնդիկ միգրանտ է հեռացել. ԿԲ նախագաh

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի 30-ին հայտարարել է, որ Հայաստանում գտնվող հնդիկ միգրանտների թիվը զգալիորեն նվազել է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքին նվիրված ասուլիսի ժամանակ Գալստյանը նշել է, որ հունիսի վերջի դրությամբ Հայաստան եկած Հնդկաստանի քաղաքացիների 35 տոկոսը լքել է երկիրը։

«Պիկի ժամանակ Հայաստանում կար 17 հազար հնդիկ, այս պահի դրությամբ նրանց թիվը 11 հազար է», - հայտնել է ԿԲ նախագահը։

Գալստյանը նշել է, որ արտասահմանցի այցելուների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների և զբոսաշրջիկների թվի նվազումը հանգեցրել է արտաքին պահանջարկի անկման: Միտումը վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին: 

Արտաքին պահանջարկի վրա ազդող որպես մեկ այլ բացասական գործոն ԿԲ նախագահն ընդգծել է ներգնա զբոսաշրջության նվազումը: Նրա խոսքով՝ ներգնա զբոսաշրջության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նախորդ տարվա ընթացքում, իսկ մեկ զբոսաշրջիկի հաշվով իրականացվող ծախսերի թիվը նույնպես նվազում է։

Ըստ այդմ, ըստ նրա՝ ծառայությունների ոլորտում գնաճի տեմպի դանդաղում է նկատվում և առաջիկայում էլ ակնկալվում է աճի տեմպի նվազում։

Տնտեսական աճի գերկենտրոնացվածությունը հարթվել է

Կենտրոնական բանկի նախագահ ասուլիսի ժամանակ նաև անդրադարձավ տնտեսական աճի կառուցվածքին, որը գերկենտրոնացվածության պատճառով տևական ժամանակ մտահոգում էր գլխավոր դրամատանը։

Այժմ, երբ վերամշակող արդյունաբերությունում աճի տեմպերը կտրուկ դանդաղել են` հիմնականում ոսկու վերաարտահանման դադարեցման պատճառով, Մարտին Գալստյանը նկատում է երկրի տնտեսությունում դրական փոփոխություններ։

Ըստ ԿԲ նախագահի՝ 2023-ի վերջին և 2024-ի սկզբին նկատված տնտեսական աճի գերկենտրոնացվածությունը որոշակիորեն հաղթահարվել է։ «Ներկա պահին տնտեսական աճի բաշխվածությունն ըստ ոլորտների կամ նպաստումների ավելի բազմազան է դարձել»։

Նա ընդգծել է, որ դրական ազդեցություն են ունենում մի շարք ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և շինարարությունը։

Հարկային հավաքագրումների թերակատարումը

Մարտին Գալստյանն անդրադարձել է նաև պետական բյուջեի եկամուտների թերհավաքագրման խնդրին՝ նշելով, որ այն պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներով։

ԿԲ նախագահը հավելել է, որ հնարավոր է ոչ մեծ ծախսերի ճշգրտում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կա «տարածք» պարտքն ավելացնելու և բյուջեի մի փոքր ավելի մեծ դեֆիցիտով աշխատելու համար։

Այս հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը դանդաղ, բայց կայուն տեմպերով վերականգնվում է՝ չնայած առկա մարտահրավերներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում