Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:
WhatsApp-ով արտերկրում գրանցված հեռախոսահամարներից ուղարկվող հաղորդագրություններում նշվում է, թե աշխատանքը շատ պարզ է, և դրանով կարելի է օրական 13 000-ից մինչև 785 000 դրամ վաստակել։
#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչպես են գործում նման հարթակները և իրականում հնարավոր է արդյոք առանց որևէ հմտության մեծ գումարներ վաստակել դրանց միջոցով:
Առցանց խաբեության մեխանիզմը
Մենք նույնպես դիմեցինք այս «աշխատանքին»։ Աշխատանք առաջարկողները շփումը WhatsApp-ից տեղափոխեցին Telegram՝ նշելով, որ աշխատանքները այնտեղ են կատարվելու։
Պարզվեց՝ գումար աշխատելու համար պետք է իրենց ուղարկած կայքում «eBay հաշիվ բացել և պատվերներ գրանցել»՝ այդպիսով իբր միջնորդավճարներ ստանալ գրանցված պատվերներից։
Ուղարկված bananaa.top կայքը, որտեղ պետք է գրանցեինք պատվերները, իրականում կեղծ կայք է, որը նմանակում է հանրահայտ eBay հարթակին։
eBay-ին նմանակող կեղծ կայքում պարզ առաջադրանքները կատարելուց հետո մեզ ուղղորդեցին Telegram-ի մեկ այլ օգտահաշիվ, որտեղ մեզնից պահանջեցին բանկային քարտի տվյալներ՝ «աշխատած գումարը» փոխանցելու համար։
Որոշ ժամանակ անց իսկապես 2800 դրամ փոխանցվեց քարտին: Սակայն հետագայում հայտնեցին, որ հաջորդ վճարումը ստանալու համար անհրաժեշտ է 10 դոլար միջնորդավճար փոխանցել: Այս գումարը փոխանցելուց հետո միջնորդավճարի չափը կտրուկ աճեց՝ հասնելով 82 դոլարի: Պնդում էին, որ այս գումարը փոխանցելուց հետո մեզ կվճարեն 170 000 դրամ շահույթը:
Ուշագրավ է, որ խաբեության համար օգտագործվում են հայաստանյան բանկային քարտեր։ Այսպես, միջնորդավճարը պահանջվում էր փոխանցել Նորիկ Հովհաննիսյան անունով անձի բանկային քարտին: Նույն քարտից էին կատարվում նաև վճարումները:
Ըստ երևույթին, զեղծարարները օգտագործել են գողացված քարտ կամ գուցե իրենց հետ Հայաստանից աշխատող անձին են խնդրել գումար փոխանցել՝ վստահեցնելով, օրինակ, թե միջնորդավճար է փոխանցում։
Փորձագետը զգուշացնում է
Նման սխեմաները աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ խաբեբաները սկզբում իսկապես փոքր գումարներ են տրամադրում՝ վստահություն շահելու համար, այնուհետև փորձում են ավելի մեծ գումարներ կորզել: Որոշակի պահից սկսած, երբ անձը խոշոր գումար է փոխանցում, զեղծարարները անհետանում են։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նման սխեմաների հիմնական դերակատարները ռուսներն ու ուկրաինացիներն են: Նրա խոսքով՝ խաբեբաները հաճախ անհատական մոտեցում են ցուցաբերում՝ կախված զոհի ներդրած գումարի չափից:
«Կարծում եմ՝ մի քիչ անհատական են մոտենում՝ տեսնելով, թե մարդն ինչքան փող է ներդնում: Օրինակ, կան մարդիկ, որ մի քանի հարյուր դոլար են կորցրել, իսկ ոմանք՝ մի քանի հազար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նաև զգուշացրեց, որ հետագայում խաբեբաները կարող են դիմել ագրեսիվ շանտաժի՝ պնդելով, թե զոհը խախտել է պայմանագիրը, նրան սպառնում են դատական հայցով կամ ձերբակալությամբ:
Այսպիսով, առանց որևէ հմտության օրական մեծ գումարներ աշխատելու առաջարկները, որքան էլ գրավիչ թվան, իրականում հաճախ խաբեություններ են: Կարևոր է զգոն լինել նման առաջարկների հանդեպ և անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ: