Կառավարությունը 40 միլիոն դոլարի նոր վարկ կվերցնի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 40 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում։ Համաձայնագիրը հավանության կարժանանա կառավարության օգոստոսի 1-ի նիստում։

Այս վարկով նախատեսվում է վերակառուցել «Շահումյան 2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները։ Ըստ հիմնավորման՝ «Շահումյան-2» ենթակայանը, որի դրվածքային հզորությունը 250 ՄՎԱ է, կառուցվել է 1964-ին։ 375 ՄՎԱ հզորությամբ «Մարաշ» ենթակայանը կառուցվել է 1978-ին։ «Եղեգնաձոր» ենթակայանը կառուցվել է 1966-ին, որի հզորությունը 126 ՄՎԱ է։ Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։

Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետը երկարացնելու համար կառավարությունը նախատեսում է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ։

Մեկնաբանել