Ռուս սահմանապահները հեռացան «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց

Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն են հանձնել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։

«Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը ստորագրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:

Ռուս սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն:

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին կայացած ասուլիսին հայտարարել էր, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին․ «Այնտեղ ժամկետը նշված է 2024-ի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք»,- ասել էր վարչապետը։

Մարտի 6-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

Մեկնաբանել