Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media
Ռուսաստանն արգելել է հյուսիսկովկասյան առնվազն տասը ազգային կազմակերպության գործունեությունը՝ դրանք անվանելով «ծայրահեղական և ահաբեկչական»։
Հուլիսի 25-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հունիսի 7-ի Գերագույն դատարանի որոշմամբ «Հակառուսական անջատողական շարժումը» ծայրահեղական հայտարարելուց հետո թարմացրել է «ծայրահեղական կազմակերպությունների» ցուցակը՝ դրան ավելացնելով տասը հյուսիսկովկասյան կազմակերպություն։ Այն ժամանակ որևէ պարզաբանում չէր տրամադրվել շարժման մասին, բացի դրան պատկանող կազմակերպությունների ցանկից և վերջինիս «Ռուսաստանի բազմազգ միասնության և տարածքային ամբողջականության ոչնչացման միջազգային հասարակական շարժում» բնութագրից։
Չորս օր անց Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը կազմակերպություններին, այդ թվում դաղստանյան, չեչենական, ինգուշական և չերքեզական ազգային ասոցիացիաներին, ավելացրեց «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում: Կազմակերպությունների ընդգրկումը ցուցակում ենթադրում է նրանց գործունեության անհապաղ արգելք։
Հյուսիսկովկասյան այդ կազմակերպությունների թվում են Չերքեզական կոնգրեսը, Չերքեզական մշակութային կենտրոնը, Միացյալ Չերքեզիայի խորհուրդը, Իչկերիայի մարդու իրավունքների կենտրոնը, Ազատ Չերքեզիա շարժումը, Ինգուշական անկախության կոմիտեն, Չեչենական Իչկերիայի Հանրապետության վտարանդի կառավարությունը, Չեչենների համաշխարհային կոնգրեսը, Դաղստանի ազգային կենտրոնը, Ազատ Դաղստանը և Կովկասյան միությունը:
Ինգուշական անկախության կոմիտեի անդամ Մագոմեդ Տորիևի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի ճնշում գործադրել անկախության մարտիկների վրա։
«Կարծում եմ՝ այս որոշումը կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն իրավական հիմք է նախապատրաստում ազգային-ազատագրական շարժումների դեմ պայքարելու համար, բայց, այսպես ասած, ռուսական իրավական դաշտում», – ասել է Տորիևը OC Media-ին։
«Ռուսաստանը շարունակ պահանջներ է ներկայացնում է այլ երկրների ներքին գործերի նախարարություններին՝ իրենց ժողովուրդների անկախության համար պայքարող մարտիկների արտահանձնման նպատակով, ինչին կհաջորդեն հրապարակային դատավարությունները և, անշուշտ, այս մարդկանց երկար տարիներով ազատազրկումը, ինչի միջոցով Ռուսաստանը նպատակ ունի ցուցադրել իր հզորությունը»:
Միացյալ Չերքեզիայի խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ջանբեկը նույնպես ենթադրում է, որ Ռուսաստանը փորձում է ազդել ակտիվիստների վրա ոչ միայն երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս:
«Այս քայլը կարող է դիտվել նաև որպես հայրենիքում կամ սփյուռքում ապրող չերքեզներին անկախության գաղափարին ձգտելուց հետ պահող քայլ: Ռուսաստանը կարող է որոշ ժամանակով դանդաղեցնել անկախության գաղափարի ամրապնդումը, բայց այլևս չի կարող խոչընդոտել լայն զանգվածների կողմից անկախության գաղափարի ընդունումը։ Ո՛չ ռուսամետ չերքեզական կազմակերպությունները, ո՛չ էլ ռուսական կառույցները, ինչպիսին է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, որոնք կիրառում են ահաբեկչությունը որպես մեթոդ, չեն կարողանա կանխել դա»,- ասել է Ջանբեկը։
Կազմակերպությունների անդամներն ու ղեկավարներն արդեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» հոդվածով, որը սպառնում է 6-10 տարվա ազատազրկմամբ։ Սակայն Ջանբեկը և Տորիևը պնդում են, որ արգելքը չի ազդի իրենց աշխատանքի վրա:
«Դա ոչ մի կերպ չի ազդի [մեր] գործունեության վրա,- ասում է Տորիևը։- Ես այսօր Ռուսաստանի կողմից [մեր աշխատանքի վրա] ազդելու ուղիներ չեմ տեսնում, բացառությամբ, եթե նրանք սկսեն ուժային գործողություններ իրականացնել՝ սպանելու անկախության կողմնակիցներին։ Ռուսաստանի իրավական դաշտում [այս պահին] ֆիզիկական վերացումից բացի այլ բան հնարավոր չէ»:
Կազմակերպություններին ծայրահեղական ճանաչելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի խորհրդարանը օրինագիծ ներկայացրեց Ռուսաստանում ազգային շարժումների վերաբերյալ։ Ջանբեկը ենթադրում է, որ արդարադատության նախարարության հայտարարությունը կարող է կապված լինել ուկրաինական օրինագծի և Ռուսաստանի ազգային կազմակերպությունների շուրջ Ուկրաինայի երկարաժամկետ աշխատանքի հետ:
«Այս կերպ Ռուսաստանը կարող է ցանկանալ միջազգային հարթակներում Ուկրաինային ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցող պետություն»,- ասում է նա։ Տորիևը կարծում է, որ դա ուղղակիորեն կապ չունի ուկրաինական օրինագծի հետ, սակայն ենթադրում է, որ այն կարող էր արագացնել այս որոշման կայացման գործընթացը։
Ջանբեկը ևս ենթադրում է, որ այդ քայլն ամեն դեպքում անսպասելի չէր:
«[Այս միջավայրում] բնական է, որ իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարող մարդիկ կներկայացվեն որպես «սպառնալիք»,- ասում է Ջանբեկը:- Մեր կազմակերպությունը համագործակցություն է զարգացրել բազմաթիվ ազգային շարժումների հետ, և մենք շարունակում ենք համերաշխ պայքարը։ Մենք հասկանում ենք միմյանց, և մեզ համար դա դժվար չէ, քանզի մենք ամենալավը գիտենք, թե ինչ է ռուսական ճնշումը։ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է իր օկուպացված բոլոր ազգերի համար»։
«Այդ սպառնալիքը տեսնողները պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ։ Իսկ ովքեր չեն ցանկանում տեսնել այս սպառնալիքը, պարզապես սպասում են այն օրվան, երբ այլևս չեն կարող դա անտեսել»: