Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթում հրապարակվել է թուրք ակադեմիական, քաղաքական գործիչ և հրապարակախոս Բասքըն Օրանի հոդվածը, որում նա անդրադառնում է 1990-ականների սկզբի հայ-թուրքական հարաբերությունների կարևոր դրվագներից մեկին։
Հոդվածի բովանդակությունից երևում է, որ Օրանն իր հոդվածը գրել է երկրի ներսում ընթացող բանավեճերից մեկի հետևանքով, որը կապված է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի և նրա որդու՝ Թուղրուլ Թյուրքեշի գործունեությանը։ Այդ համատեքստում հեղինակը հիշատակում է Թյուրքեշ Կրտսերի մասնակցությամբ Ալփարսլան Թյուրքեշի և Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել 1993-ի մարտին Փարիզում։
«Առաջին շփումը տեղի ունեցավ 1993-ի մարտի 13-ին Փարիզում։ Տեր-Պետրոսյանը եկավ, Ալփարսլան Թյուրքեշն էլ ժամանեց։ Կոնկորդի հրապարակի Crillon հյուրանոցում տեղի ունեցած առաջին հանդիպմանը, բացի դեսպան Թանսուղ Բլեդայից, ներկա էին Թուղրուլ Թյուրքեշը, արտգործնախարար [Վահան] Փափազյանը, Սամսոն Օզարարատը և պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը։ Դեսպանատան ծառայողական մեքենայից իջնելիս Ալփարսլան Թյուրքեշի մեքենայի դուռը բացում է Սամսոն Օզարարատը։
Ծնունդով Հալեպից Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով Թուղրուլ Թյուրքեշին, թուրքերեն դիմում է Ալփարսլան Թյուրքեշին․ «Ձեր տղա՞ն է։ Աստված պահապան»։ Դա մթնոլորտը ջերմացրեց։
Ալփարսլան Թյուրքեշն բարեկամական նախաձեռնություններ է առաջարկում, որոնք սարսափելի կզայրացնեին մեր օրերի ազգայնականներին ու որոնք այսօր անհավատալի կլինեին։
Առաջարկությունների թվում էին դեպի Հայաստան «տարանցիկ ճանապարհ», Սև ծովում տարանցիկ նավահանգստի ստեղծում, Մետաքսի ճանապարհի հարցում համագործակցություն, Միջին Ասիայից բնական գազի տարանցում Հայաստանի տարածքով, որը կլիներ ամենակարճ ճանապարհը, ինչպես նաև տրանսկովկասյան ավտոճանապարհի ստեղծում»։
Բասքըն Օրանը նշում է, որ Ադրբեջանը նույնպես տեղեկացված է եղել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդի առաջարկությունների մասին, սակայն Ղարաբաղյան ռազմաճակատում զարգացումները ձախողեցին այս բանակցությունները։ Հոդվածագիրը մեղքը բարդում է դաշնակցականների վրա՝ նշելով, թե Լաչինի միջանցքում նրանց գործողությունների հետևանքով բանացություններն արդյունքի չհասան․ «Ինչպես ես նախկինում եմ գրել, ազգայնականությունը ազգի գլխին պատուհաս է»։
Օրանը ներկայացնում է Տեր-Պետրոսյանի և Թյուրքեշի հանդիպմանը նախորդած մանրամասները՝ ընդգծելով Սամսոն Օզարարատի ու Թուղրուլ Թյուրքեշի գործունեությունը։ Նկատի ունենալով Ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլը՝ նա գրում է․
«Ծնունդով Քոնիայից Սամսոն Օզարարատը, որը Եվրոպայից Հայաստան ուղղվող մարդասիրական օգնություն կազմակերպող ասոցիացիայի ղեկավարն էր, Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանի խորհրդականը, ակտիվ գործունեությամբ է սկսում զբաղվել։ Սևծովյան տնտեսական միության կազմակերպության նիստերից մեկի ժամանակ նա հանդիպում է Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը, և երկուսին էլ հետաքրքրում է երկու կողմի ազգայնականների արձագանքները։
Չեթինին հարց է ուղղվում, թե «Ալփարսլան Թյուրքեշը արդյոք ի՞նչ կարծիք կունենար հայ-թուրքական կարգավորման մասին», և այդ պահին նրանց [Օզարարատի և Չեթինի] ծանոթներից մեկը կապվում է Ալփարսլան Թյուրքեշի որդու՝ Թուղրուլ Թյուրքեշի հետ։ Նա էլ իր հայրիկի հետ է խոսում և ահա՝ լավ նորություն․ պարզվում է, որ Ալփարսլան Թյուրքեշը, որը մինչև այդ հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Դեմիրելին և ստացել նրա հավանությունը, նույնպես հակված էր մեղմ մոտեցմանը»։
Բասքըն Օրանը հետաքրքիր մի այլ դրվագ է ներկայացնում, որը նախորդել էր 1993-ի մարտի 13-ի հանդիպմանը․ խոսքը վերաբերում է Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր-առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի և Սամսոն Օզարարատի հանդիպմանը։ Օրանի խոսքով՝ Անկարայում տեղի ունեցած հանդիպումներից մեկում Թյուրքեշը, Օզարարատին տպավորելով օսմանյան հայերի մասին իր գիտելիքներով, ասել է հետևյալը․
«1915-ը այս 600 տարվա հարաբերություններում մի դժբախտ պատահար էր։ Դրանում մեծապես ներգրավված էր օտար պետություն [Ռուսաստանը]։ Մեզանում էլ կան թերություններ, սակայն պետք է անենք այնպես, որ այդ պատահարը փոխհատուցելով՝ մեր հին ընկերությունը շարունակենք»։
Ըստ թուրք հեղինակի՝ Օզարարատը այս խոսակցությունից խանդավառ՝ իսկույն զանգում է Լևոն Տեր-Պետրոսյանին։
Սյունակագիր Օրանի խոսքով՝ 1993-ին Փարիզում Հայաստանն ու Թուրքիան խաղաղության շեմին էին, և չնայած գործընթացն ապարդյուն եղավ, նա դա շատ կարևոր շրջափուլ է համարում։ Ըստ Օրանի՝ դրա ճարտարապետները Սամսոն Օզարարատն ու Թուղրուլ Թյուրքեշն էին, որոնք միջնորդել էին Լևոն Տեր-Պետորսյանի և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հանդիպման համար։
Գեորգի Միրզաբեկյան