Սոցցանցերում «հեշտ աշխատանքի» գովազդները՝ վտանգավոր խաբեություն

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել գովազդային գրառումներ, որոնք առաջարկում են «տնից կատարվող հեշտ աշխատանք»: Հայերեն գրառումներում նշվում է, թե բարձր վարձատրվող աշխատանքի համար հատուկ փորձ և հմտություններ պետք չեն, պարզապես անհրաժեշտ է սմարթֆոն և օրական մի քանի ժամ: Կասկածելի գովազդներում հաճախ օգտագործվում են հայտնի խոշոր ընկերությունների, օրինակ՝ «Ozon»-ի, «Yerevan City»-ի լոգոները՝ այդպիսով մոլորեցնելով մարդկանց։

Մենք հայտնաբերել ենք մեկ տասնյակից ավելի կեղծ էջեր, որոնք Facebook-ում և Instagram-ում տեղադրել են ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ նման գովազդներ։ Ուշագրավ է, որ նման ագրեսիվ գովազդը կարող է ամսական հազարավոր դոլարներ արժենալ:

#CivilNetCheck-ը գնացել է մեծ եկամուտներ խոստացող աշխատանքային հայտարարությունների հետքերով։

Վաստակելու համար ընդամենը պետք է «հաստատել վաճառքները»

Աշխատանքի հայտարարության գրառման վրա սեղմելու դեպքում կա՛մ առաջարկվում է հայտ լրացնել, կա՛մ անմիջապես հայտնվում եք WhatsApp-ի կամ Telegram-ի նամակագրությունում «ֆինանսական խորհրդատուի» հետ:

«Խորհրդատուների» օգտահաշիվների լուսանկարների հակադարձ որոնումը ցույց է տալիս, որ դրանք վերցված են համացանցից, իսկ բջջային համարները գրանցված են Կոտ դ’Իվուարում:

Նամակագրության ընթացքում նրանք հայերենով ներկայանում են որպես առևտրային առցանց հարթակի խորհրդատու: Առցանց թարգմանչի (ենթադրաբար՝ Google translate-ի) օգտագործման պատճառով նրանց հրահանգները և պատասխանները տարօրինակ, իսկ երբեմն նույնիսկ ծիծաղելի են հնչում հայերեն։

Ըստ խորհրդատուների՝ տնից արագ գումար վաստակելու համար անհրաժեշտ է դառնալ իրենց առցանց խանութի վաճառող և ստանալ շահույթ վաճառված ապրանքների միջնորդավճարներից՝ կատարելով առաջադրանքներ հարթակում:

Այնուհետև նրանք խնդրում են ներկայանալ և պատմել, թե որտեղ ենք աշխատում։ Սակայն անձնական, անձնագրային կամ բանկային տվյալներ չեն պահանջում։ Դրանից հետո նրանք պահանջում են ստեղծել «աշխատանքային հաշիվ» իբր թե իրենց առևտրային հարթակի կեղծ կայքում, որը սովորաբար նմանակում է հայտնի առցանց խանութներից մեկին՝ այս դեպքում AliExpress-ին:

Կայքում գրանցվելուց հետո մեզ ավտոմատ հաշվարկվում է մոտ 1000 դրամ սկզբնական հաշվեկշիռ: Հետևելով հրահանգներին՝ մենք պետք է կայքում մեկ սեղմումով «ապրանքներ տեղադրենք» և անմիջապես ստանանք 20 տոկոս միջնորդավճար:

Իրականում տրվող մտացածին առաջադրանքները շատ հեշտ են և փորձում են զոհի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր նա գումարը վաստակել է ինչ-որ աշխատանք կատարելով: Կեղծ խորհրդատուները հավաստիացնում են, որ ստացված «եկամուտը» կարելի է դուրս բերել ցանկացած պահի։ Մեզ մեկ անգամ իսկապես հաջողվեց փոքր գումար դուրս բերել։

Իսկ ո՞րն է խաբեությունը

Պարզվում է՝ «ապրանքներ տեղադրելով»՝ մենք վճարում ենք մեր «աշխատանքային հաշվի» հաշվեկշռից, որը մի քանի առաջադրանքից հետո շատ արագ սպառվում է: Այդ ժամանակ անհրաժեշտ է հաշվեկշիռը լիցքավորել իրական գումարով: Համակարգն այնպես է ստեղծված, որ «վաճառքի շրջանը» չփակելու դեպքում հաշվեկշռի ողջ գումարը կորչում է։

Մենք համաձայնեցինք լիցքավորել հաշվեկշիռը և ուղարկեցինք պահանջվող նվազագույն համալրումը՝ 4000 դրամ։ Այս փոխանցման և ցանկացած առաջադրանքի կատարման հաստատման համար նրանք պահանջում են էկրանապատկերներ (սքրինշոթեր) ուղարկել։

Միաժամանակ մի քանի օգտահաշվից և տարբեր «աշխատանքային հաշիվներով» աշխատելով՝ մենք պարզեցինք, որ խաբեության հերթականությունը անկախ ամենից նույնն է՝ հաշվեկշիռը սպառվում է, և պետք է գումար ներդնել:

Տեսականորեն ֆինանսական խարդախության զոհը երբեմն կարող է փոքր գումարներ հանել կայքի իր հաշվեկշռից։ Սակայն համակարգն այնպես է աշխատում, որ զոհերին մշտապես մի փոքր գումար է պակասում «վաճառքի շրջանը» փակելու համար, և նրանք ստիպված կլինեն ավելի ու ավելի շատ գումար ուղարկել, որպեսզի չկորցնեն նախկինում ներդրված գումարները։

Որոշ պահի, երբ ուղարկված գումարը բավականին մեծ կլինի, զեղծարարները այլևս գումար հետ չեն ուղարկի: Խաբեության այս տակտիկան կոչվում է «Խոզերի սպանդ», երբ զոհին վճարումներով գայթակղում են կատարելու ավելի մեծ ներդրումներ, ինչպես խոզերին են բտում մորթելուց առաջ:

Ինչպե՞ս է գործում խաբեության սխեման

Բանկային քարտերը, որոնց մեզնից պահանջվում էր գումար ուղարկել, գրանցված են Հայաստանի տարբեր քաղաքացիների անուններով: Սկզբում մենք փորձում էինք բացահայտել այդ մարդկանց, բայց շուտով հասկացանք, որ նրանք նույնպես խաբեության սխեմայի զոհ են: Երբ մեզ հաջողվեց փոքր գումար հանել, պարզվեց, որ գումարը նորից փոխանցվել է Հայաստանից՝ մեկ քաղաքացու քարտից:

Ստացվում է, որ զեղծարարները գումարները պտտում են մասնակիցների միջև՝ վճարելով մի մասնակցի «աշխատավարձը» մյուսների ուղարկած գումարներով:

Սա դասական ֆինանսական բուրգի սխեմա է, միայն թե այս դեպքում նոր մասնակիցներին բերում է ոչ թե դուք, այլ սոցցանցերում տարածվող ագրեսիվ գովազդը։ Թեև՝ կեղծ կայքում ընկերներին հրավիրելու հնարավորություն ևս կա:

Մեզ չհաջողվեց պարզել զեղծարարների գտնվելու վայրը կամ երկիրը, քանի որ նրանք հրաժարվում են հեռախոսազանգերից և նույնիսկ չեն բացում մեր ուղարկած որևէ հղում կամ ֆայլ: Զեղծարարների խիստ կանոնները և նույնքան խորամանկ փոխանցումների համակարգը մեզ հնարավորություն չեն տալիս նրանց նույնականացնել:

Այսպիսով, սոցցանցերում գովազդային գրառումների միջոցով տարածվող «տնից հեշտ աշխատանքի» առաջարկները ֆինանսական խաբեության սխեմաներ են և ուղղված են մարդկանցից գումարներ կորզելուն։

Մեկնաբանել