Զարգացման մասնագետներ Դավիթ Հակոբյանը, Լև Ֆրեյնկմանը և ձեռնարկատեր Վասիլի Բուրովը Modern Diplomacy հարթակում վերլուծական հոդված են հրապարակել Հայաստանի ընթացիկ տնտեսական աճի մասին, որը վերնագրված է «Հայաստան․ ևս մեկ հնարավորությո՞ւն։ Կարելի՞ է արդյոք երկարացնել ընթացիկ տնտեսական «բումը»»։ Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև։
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարմանալիորեն լավ ցուցանիշներ է գրանցել։ Այնուամենայնիվ, փորձագետների մեծ մասը շարունակում է թերահավատորեն վերաբերվել այս բարձր աճին՝ այն համարելով արտաքին կարճաժամկետ գործոնների անկայուն արդյունք: Ի տարբերություն այս թերահավատ տեսակետի, այս հոդվածում մենք պնդում ենք, որ 2018-ից ի վեր Հայաստանի աճի մոդելը զգալիորեն բարելավվել է՝ դառնալով ավելի կայուն և ներառական։ Ավելին, ինչպես մասնագետները, այնպես էլ կիրթ և տեղեկացված հանրությունը հիմնականում անտեսել են աճի որակի այս բարելավումը: Արդյունքում Հայաստանը բաց է թողել իր՝ տնտեսական արդյունավետ կառավարման քաղաքական և ներդրումային հնարավոր օգուտները: Միևնույն ժամանակ աճի նոր մոդելը զարգացման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում երկրի համար։ Ժամանակն է ընդունել շարունակական այս անցումը աճի նոր հետագծին և ուսումնասիրել ուղիներ՝ մեծացնելու ավելի արագ և կայուն աճի սոցիալական և քաղաքական օգուտները:
Կայուն աճ՝ հակառակ մարտահրավերների
Հայաստանի տնտեսական հետագիծն ավելի քան երկու տասնամյակ բնութագրվել է դիմակայունությամբ և կայուն աճով՝ չնայած երկրի առջև ծառացած զգալի մարտահրավերներին: Դրանց թվում են տարածաշրջանային ձգձգվող հակամարտությունները, տրանսպորտային հիմնական ուղիների շրջափակումը, խորը արմատացած քաղաքական տարաձայնությունները և համատարած հիասթափությունն ու միգրացիան:
Մինչև վերջերս Հայաստանի տնտեսական աճը, թեև եղել է գովելի, սակայն ոչ բացառիկ։ Երկրի տնտեսական հարստությունը մեծապես կապված է եղել Ռուսաստանի հետ՝ արտահանման, տրանսֆերտների և օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով: 2000-2008 թվականներին նավթի բարձր գների և Ռուսաստանի տնտեսական լավ ցուցանիշների շնորհիվ Ռուսաստանում բնակվող և այնտեղ աշխատանքի մեկնած հայերն սկսեցին Հայաստանում հսկայական ներդրումներ անել անշարժ գույքի ոլորտում՝ խթանելով երկրի տնտեսական աճը: Այդուհանդերձ, աճի այս հետագծի կայունության վերաբերյալ մտահոգություններ են եղել: Երկրի արտահանումը մնացել է անփոփոխ և ոչ բավարար չափով դիվերսիֆիկացված, աշխատատեղերի ստեղծման գործընթացը եղել է հիմնականում լճացած, նաև չափազանց մեծ կախվածություն կա տրանսֆերտներից։
2000-ականների սկզբին Հայաստանի տնտեսական հաջողությունները՝ տարեկան 11,2% միջին աճով, ի սկզբանե մեծապես ողջունվում էին և ընկալվում որպես հաղթանակ հետխորհրդային անցումային շրջանի համար: Համաշխարհային բանկի 2007-ի զեկույցն անխոհեմ էր վերնագրված՝ «Կովկասյան վագրը», ինչը շեղում էր ուշադրությունը զեկույցում արվող բացահայտ նախազգուշացումից, որ աճի բարձր տեմպերը պահպանելու համար հետագա բարեփոխումներ են անհրաժեշտ: 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Հայաստանի տպավորիչ աճը դադարեց։ Ճգնաժամին հաջորդած տարիներին աճի միջին տեմպը նվազեց մինչև 3,5%, և երկիրն առ այսօր լիովին չի վերականգնվել։ Պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունը թղթե վագր էր։ Քանի որ գործարար միջավայրի հիմնարար խնդիրները մնացին չլուծված, դրանք թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա մասնավոր ներդրողների մեծ մասի համար արագ դարձան հիմնական խոչընդոտը և փաստացի արգելափակեցին իշխող վերնախավի հետ չառնչվող ընկերությունների ձևավորումն ու ընդլայնումը:
2018-ից ի վեր, սակայն, Հայաստանը «ավելի որակյալ զարգացման հետագծի վրա է»՝ 2022-ին գրանցելով 12,6% ռեկորդային աճ, ինչը զարմացրեց միջազգային փորձագետներին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կարճաժամկետ ազդեցությունը դրական է անդրադարձել Հայաստանի վրա, քանի որ երկիրը դիտվում է որպես անվտանգ և ապահով վայր և շահում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի ուժեղ ներհոսքից:
Մենք համարում ենք, որ վերջին շրջանում աճի արագացումը հիմնված է ավելի ամուր հենքի վրա, քան զուտ Ուկրաինական պատերազմից ստացված կարճաժամկետ օգուտը, և Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսական կառուցվածքի փոփոխությունները նպաստում են երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:
Հայաստանի մրցակցային առավելությունն ամրապնդվում է սոցիալական, մշակութային և պատմական մի շարք հատկանիշներով: Դրանք ներառում են մարդկային կապիտալի ուժեղ և հուսալի պաշար, մասամբ խորհրդային ժամանակաշրջանից ստացված ժառանգություն, որը ներառում է մասնագիտական գերազանցություն լայն սպեկտրում: Բացի այդ, կարևոր դեր են խաղում մշակութային ավանդույթները, որոնք ընդգծում են քրտնաջան աշխատանքի արժեքը և նպաստում աշխատանքային բարձր էթիկայի պահպանմանը: Այս ավանդույթները խրախուսում են մասնավոր ներդրումներ ուսուցման և գիտության, մասնավորապես STEM առարկաներում՝ խթանելով մտավոր աճին և տեխնոլոգիական առաջընթացին նպաստող միջավայրի ստեղծմանը:
Ավելին, Հայաստանը կարող է պարծենալ ձեռնարկատիրական կայացած ավանդույթով, որը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ հայերը Մետաքսի ճանապարհի ամենաակտիվ և զարգացած առևտրականներից էին: Այս պատմական նախադրյալն անքակտելիորեն կապված է միջմշակութային հաղորդակցության և փոխգործակցության վարպետության ավանդույթի հետ, հմտություններ, որոնք շարունակում են անգնահատելի լինել այսօրվա գլոբալացված տնտեսությունում: Ավելին, հայկական զարգացած և հարուստ սփյուռքը աջակցության հաստատուն աղբյուր է եղել: Սփյուռքը որպես կարևոր խողովակ է ծառայում Հայաստանում բնակվող հայերին գիտելիք փոխանցելու և նրանց մուտքը դեպի շուկա դյուրացնելու համար՝ դրանով էլ ավելի ամրապնդելով երկրի մրցակցային առավելությունը:
Կիրթ և լավ տեղեկացված ընթերցողը կարող է նկատել, որ Հայաստանում բոլոր այս գործոններն առկա էին նաև 20 տարի առաջ, սակայն դրանք այն ժամանակ չհանգեցրին կայուն արագացված աճի դինամիկայի, որը վերջին շրջանում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Տեղի է ունեցել մեկ այլ բան, որը թույլ է տվել առավել արդյունավետ օգտագործել Հայաստանի մրցակցային առավելությունները։ Կցանկանայինք առանձնացնել վերջին շրջանում տեղի ունեցած երկու փոխկապակցված զարգացումներ, որոնք միասին էապես փոխել են իրավիճակը։
Ազատության օգուտները
Հայաստանում 2018-ի ժողովրդական բողոքի ցույցերն սկսեցին կոռուպցիայի, կառավարման և անհավասարության վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Հետագա ազատականացումը և կոռումպացված օլիգարխների ու արհեստական մենաշնորհների վերացումը տնտեսությունը բացեցին նորարարության և ձեռներեցության համար: Կառավարության հակակոռուպցիոն ջանքերը տնտեսական զգալի օգուտ են բերել՝ վերացնելով շուկա մուտք գործելու խոչընդոտները և բարձրացնելով ներդրողների վստահությունը:
Պարզաբանման համար նշենք, որ մենք Հայաստանի ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության մեծ երկրպագուներ չենք։ Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել և կարող էին ավելի շատ բանի հասնել, եթե ավելի լավ հստակեցնեին իրենց ռազմավարական առաջնահերթությունները և հետևողականորեն գործեին դրանց համաձայն։ Այնուամենայնիվ, մի քանի բան նրանց հաջողվել է ճիշտ անել։ Այս ձեռքբերումները միշտ չէ, որ տեսանելի են դրսից, սակայն ամենահիմնարար փոփոխությունները նկատելի են։ Չնայած կառավարության թույլ տված բազմաթիվ սխալներին՝ այս փոփոխությունները մինչ այժմ եղել են ընտրություններում նրա տարած հաղթանակների գլխավոր գործոնը: 2018-ից հետո այս վարչախմբի կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է հակակոռուպցիոն ոլորտում գրանցած զգալի առաջընթացը։
Հայաստանում ներկայիս ներդրումային միջավայրն ազատվել է ծախսատար և անօրինական տարբեր սահմանափակումներից, ինչի արդյունքում աճել է գրանցված ձեռնարկությունների թիվը, բարելավվել է իրավիճակը հարկային օրենսդրությանը հետևելու առումով և զգալիորեն վերականգնվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները։
«Ազատության օգուտների» ընդգծված դրսևորումը կարելի է համարել պետական բյուջեի եկամուտների զգալի աճը, որը 2016-2017 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի միջինը 20%-ը, իսկ 2023-ին հասավ 23%-ի: Այս աճը հիմնականում պայմանավորված է 2018-ից հետո հարկային և մաքսային վարչարարությունում կոռուպցիայի մակարդակի նվազմամբ: Այդ ընթացքում Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների թիվը (բոլոր տվյալները վերցված են Հայաստանի վիճակագրական կոմիտեից) ավելացել է մոտ 50%-ով՝ 2017-ի վերջին շուրջ 60,000-ից 2021-ի վերջին հասնելով մոտ 90,000-ի: Ձեռնարկությունների ստեղծման արագացված տեմպերը հանգեցրին գործազրկության մակարդակի կտրուկ անկման՝ 2018-ի 19,0%-ից 2020-ին հասնելով 18,2%-ի, 2022-ին՝ 13,5%-ի, իսկ 2023-ին՝ մինչև 11,7%-ի (գործազրկության ամենացածր մակարդակը հետխորհրդային ժամանակաշրջանում):
Շատ ձեռնարկություններ դուրս եկան ստվերից և միացան ֆորմալ տնտեսությանը։ Բացի այդ, գիտակցելով, որ իրենք այլևս պաշտպանության («տանիք») կարիք չունեն, շատ ապագա ձեռնարկատերեր, հատկապես սպասարկման ոլորտում, ավելի շատ են միտված ռիսկի դիմել և սկսել են իրենց սեփական բիզնեսը:
Ոչ վաղ անցյալից մեկ օրինակ բերենք նրանց համար, ովքեր գուցե մոռացել են: Մոտ 20 տարի առաջ մեր ընկերներից մեկը ցանկանում էր գազալցակայան բացել Երևանում։ Ժամանակի չգրված կանոնների համաձայն՝ նա ստիպված էր (միջնորդների միջոցով) պաշտպանության նախարարից թույլտվություն խնդրել այս ոլորտում իր բիզնեսն սկսելու համար։ Սակայն նախարարն իր օրհնությունը չտվեց։ Մեր ընկերոջը տրված պատասխանը հետևյալն էր. «Դեռ ոչ, տղան շատ երիտասարդ է»: Սա շատ տիպիկ բացատրում է, թե Հայաստանում ինչպես էր համակարգը տասնամյակներ շարունակ «կառավարում» մուտքը շուկա և մրցակցությունը։ Ֆեոդալական այս պայմանավորվածությունները խարխլում էին շուկայական մեխանիզմները։ Այսօր դրանք արդեն հիմնականում վերացել են կառավարության թիրախային միջամտությունների և շուկայի վերահսկողության մասին հին, ոչ պաշտոնական պայմանավորվածությունների աստիճանական և անխուսափելի կազմալուծման շնորհիվ։
Հայաստանում կոռուպցիայի ընկալման բարելավումներ են արձանագրել նաև միջազգային դիտորդները։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) տվյալներով՝ Հայաստանի ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվում 2016-ի 33 միավորից (100 հնարավորից) 2020-2021 թվականներին աճել է մինչև 49, իսկ 2023-ին՝ 47 միավոր։ Չնայած նրան, որ ԹԻՀԿ համաթիվը մնում է բավական բարձր մակարդակի՝ համեմատած 2018-ին նախորդած շրջանի ցուցանիշների հետ, 2021-ից ի վեր դրա որոշակի անկումը մտահոգիչ է, քանի որ այն ճշգրտորեն արտացոլում է վերջին տարիներին այս ոլորտում ավելի սահմանափակ առաջընթացը, որն առաջացել է այն պատճառով, որ աստիճանաբար թուլացել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը։ Համաշխարհային բանկի կոռուպցիայի վերահսկման համաթվում Հայաստանը 2022-ին զբաղեցրել է 80-րդ տեղը (193-ից)՝ առաջ անցնելով ԵՄ մի քանի անդամներից, ինչպիսիք են Բուլղարիան, Ռումինիան և Հունգարիան:
Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում հեշտ ձեռքբերումներն արդեն իսկ իրագործվել են, և հետագա առաջընթացը պահանջում է համապարփակ բարեփոխումներ պետական կառավարման և դատաիրավական ոլորտում: Առանց այս բարեփոխումների հակակոռուպցիոն գործիքները կարող են խոչընդոտ դառնալ պետական հատվածում նորարարությունների և բարեփոխումների համար, ինչպես նաև քաղաքական հակառակորդներին պատժելու գործիք: Կա նաև վտանգ, որ կարող է ձևավորվել նոր օլիգարխիա և սահմանափակել շուկայական հնարավորությունները հասարակության լայն շերտերի համար:
Պետական գնումները կոռուպցիայի համար ամենախոցելի ոլորտներից մեկն է, և գնումների ներկայիս ընթացակարգերը, որոնք հիմնականում առաջնորդվում են ծախսերը նվազագույնի հասցնելու սկզբունքով, մեծ վնաս են հասցրել: Շատ կարևոր է զարգացնել բարդ գնումները կառավարելու կարողություններ և ներդնել նոր կանոնակարգեր, որոնք օգտագործում են ծախսերի և օգուտի վերաբերյալ վերլուծություններ, պարգևատրում են աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմը և ազդեցությունը վերջնարդյունքի վրա: Գնումների վերաբերյալ որոշումները պետք է նպատակ ունենան ստանալ լավագույն արժեք բյուջեից ծախսված գումարի դիմաց, այլ ոչ թե պարզապես նվազագույն գին:
Բարեփոխումների գործընթացում կառավարության առաջընթացին զուգընթաց ակնկալվում է, որ հանրային պահանջները կփոխվեն արդյունավետ կարգավորող համակարգի ձևավորման հարցում և «ազնիվ կարգավորման» փոխարեն շեշտը կդրվի «խելացի կարգավորման» անհրաժեշտության վրա։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընդլայնումը
Հայաստանի տնտեսական ցուցանիշների և զարգացման երկարաժամկետ հեռանկարների վրա նշանակալի է բարձր տեխնոլոգիաների ոլորտի փոխակերպիչ ազդեցությունը: Ոլորտի աճը, որը պայմանավորված է տեղում առկա տաղանդավոր կադրերով և սփյուռքահայ առաջամարտիկներով, արագ փոխում է ողջ տնտեսության հիմնական կառուցվածքը:
2000-ականների առաջին կեսին Հայաստան սկսեցին մուտք գործել տեխնոլոգիական բազմազգ կորպորացիաներ՝ միանալով ավելի վաղ փուլում ստեղծված տեղական ՏՏ ընկերություններին։ Նրանք հետաքրքրված չէին հայկական համեմատաբար փոքր շուկայով։ Ավանդական մարկետինգային գրասենյակներ բացելու փոխարեն, բազմազգ այս կորպորացիաները Հայաստանում արագ հիմնեցին գիտական հետազոտությունների և մշակումների (R&D) միավորներ՝ օգտագործելով տեղում առկա կադրերի մասնագիտական կարողություններն ու տեխնիկական հմտությունները։ Այս շարժման առաջամարտիկներն էին Synopsys-ը և National Instruments-ը, իսկ այսօր այդ ցանկը լրացրել են տեխնոլոգիական այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Adobe-ն, AMD-ն, Amаdeus-ը, NVIDIA-ն, Siemens-ը և VMware-ը: Ներկայացված են նաև ավելի փոքր, բայց համաշխարհային ազդեցիկ խաղացողներ՝ BostonGene, EPAM, Miro, Veeam և այլն: Բազմազգ կորպորացիաների այսպիսի կենտրոնացումը զգալիորեն ամրապնդեց Հայաստանի դիրքը բարձր տեխնոլոգիական աճի ներուժ ունեցող երկրների համաշխարհային քարտեզում՝ պարարտ հող ստեղծելով 2010-ականների կեսերից ի վեր ծաղկող ստարտափ էկոհամակարգի ձևավորման համար: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց ի վեր, որը վերջին երկու տարիներին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտին լրացուցիչ խթան հաղորդեց, ոլորտի այս բարելավված լանդշաֆտը որոշիչ գործոն է դարձել տեխնոլոգիական ոլորտի ոչ հայկական ծագում ունեցող տաղանդավոր կադրերի և բիզնեսների Հայաստան դեպի գրավելու համար:
Թեև հայկական ՏՏ ոլորտի մի քանի ընկերություններ արդեն ավելի քան 20 տարի հաջողություններ են գրանցում, դրանցից ոչ մեկը չի դարձել այնքան հայտնի, որքան Skype-ը (Էստոնիա) կամ World of Tanks-ը (Բելառուս): Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվում է․ հայկական առաջին միաեղջյուր ընկերությունը՝ Picsart-ը (գնահատվում է 1,5 մլրդ դոլար) ճանաչում է ձեռք բերում իր շուկայահատվածում: Մյուս տեղական ընկերությունները, ինչպիսիք են Krisp-ը, Vineti-ն և 10Web-ը, նույնպես արագ աճում են: Եղել են նաև ոչ այնքան հայտնի, բայց հիշատակման արժանի հաջողության պատմություններ. օրինակ՝ Հայաստանի ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ Synergy-ն, գործում է պակաս թրենդային շուկաներում և զարգացել ու կայացել է նախքան ստարտափների վերջին շրջանի «բումը»: Միևնույն ժամանակ, այն խոշոր, մասնագիտացված ՏՏ լուծումներ է մատակարարում աշխարհի շատ երկրների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների: Բարձր տեխնոլոգիական ոլորտում հաջողության պատմությունների այս ցանկը կարելի է հեշտությամբ ընդլայնել:
Շատ մեկնաբաններ հայկական տեխնոլոգիական ոլորտն ավանդաբար դիտարկել են որպես բացառապես «էժան հմուտ աշխատուժի» մատակարար, սակայն այդ մոտեցումը բավական հնացած է։ Երկիրն այժմ կարևոր խաղացող է դարձել առաջադեմ տեխնոլոգիական արտադրանքների և ծառայությունների ոլորտում:
Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտը հասել է զարգացման նոր մակարդակի, ինչը համընկնում է երկրում բիզնեսի ազատականացման վերջին ջանքերի հետ: Այնուամենայնիվ, վերջին 30 տարիների ընթացքում ոլորտի կայուն աճը հիմնականում տեղի է ունեցել անկախ այդ փոփոխություններից, քանի որ ՏՏ ընկերությունների վարչական բեռը ավանդաբար համեմատաբար թեթև է եղել: Նախորդ վարչախմբի կոռումպացված և տնտեսության վրա բացասաբար ազդող քաղաքականությունը քիչ ազդեցություն ունեցան ոլորտի վրա, քանի որ երկրի ղեկավարները չկարողացան գիտակցել ՏՏ-ի արժեքը թե՛ որպես երկարաժամկետ աճի պոտենցիալ շարժիչ ուժ, թե՛ որպես անձնական շահի աղբյուր:
Չնայած վերջին շրջանի «ազատության օգուտներից» ստացած սահմանափակ առավելություններին՝ Հայաստանում նոր բիզնես հնարավորությունների վերաբերյալ համընդհանուր դրական ընկալումը վարակիչ է եղել՝ նպաստելով ՏՏ ստարտափների և ներդրումային գործարքների ավելացմանը: Ոլորտի առաջընթացը վկայում է նրա դիմակայունության և ներուժի մասին՝ որպես Հայաստանի տնտեսական ապագայի առանցքային խաղացողի:
2022-ին ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի ճշգրտված մասնաբաժինը կազմել է շուրջ 5,7%, իսկ 2023-ին այն հասել է 7,3%-ի։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը դարձել է երկրի ամենաարագ զարգացող ոլորտը, որի աճը վերջին տարիներին գերազանցում է 30%-ը, ինչը զգալիորեն գերազանցում է ավանդական ոլորտները, ներառյալ հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:
Եվ ընդլայնվում է այն ոլորտների թեմատիկ շրջանակը, որտեղ այս նոր ընկերությունները փորձել են հաստատվել. այն տարածվել է ավանդական ՏՏ/ծրագրային ապահովման սահմաններից դուրս՝ ներառելով շուկայի բարձր եկամտաբերություն ունեցող հավելյալ տարբեր հատվածներ, օրինակ՝ չիպերի ճարտարագիտություն, բիոտեխնոլոգիա և այն հատվածները, որոնք պահանջում են մաթեմատիկական խորը գիտելիքներ (կիբեռանվտանգություն, մեծ տվյալներ, արհեստական բանականություն, սուպերհամակարգիչներ): Հայկական առաջին սերնդի ստարտափների հաջող փորձը և առաջատար կորպորացիաների թվի աճն էլ ավելի ընդլայնեցին նորաստեղծ ստարտափների հնարավորությունները՝ մուտք գործելու համաշխարհային վենչուրային արդյունաբերություն։ Dsight խորհրդատվական ընկերության գնահատականներով՝ 2021-ի և 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հայկական ստարտափներն ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի նոր ներդրումներ են ներգրավել 26 գործարքների միջոցով, որոնց մասնակցել են միջազգային վենչուրային այնպիսի առաջատար հիմնադրամներ, ինչպիսիք են Sequoia Capital Global Equities-ը և Tiger Global Management-ը։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակվող «բումը» փոխակերպիչ ազդեցություն է ունենում հայ ձեռներեցների նոր սերնդի նախասիրությունների վրա։ Սեփական տեխնոլոգիական ստարտափ բացելն այնքան շատ է տարածված երիտասարդ գործարարների և STEM հետազոտողների շրջանում, որ ասես ազգային սպորտաձև լինի: Միաժամանակ Հայաստանում ի հայտ են եկել տեղական վենչուրային ընկերություններ՝ դառնալով բազմաթիվ ստարտափների սկզբնական ֆինանսավորման աղբյուր: Հայաստանում ստարտափներն այժմ կարող են 1-2 մլն դոլար ներգրավել երկրի ներսում՝ նախքան լրացուցիչ ֆինանսավորում գտնելու նպատակով արտերկիր մեկնելը, ինչը զգալիորեն կրճատում է անհրաժեշտ ժամանակը և արագացնում բիզնեսի զարգացումը:
Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը ռազմավարական չնախատեսված հնարավորություն է ընձեռել Հայաստանի տնտեսությանը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ 2022-ի մարտից ի վեր ավելի քան 110,000 ոչ ռեզիդենտներ են տեղափոխվել Հայաստան և գրանցվել այնտեղ։ Ընդորում՝ այս ներհոսքի մեջ բարձր տեխնոլոգիաների համապատասխան հմտություններ ունեցող մարդկանց անսովոր բարձր կենտրոնացվածություն է նկատվում։
Այդուհանդերձ, Հայաստանը ներկայումս բավարար չափով չի օգտագործում արտերկրից տաղանդավոր կադրեր ներգրավելու և նրանց երկրում պահելու բացառիկ հնարավորությունը: 2022-ին Հայաստան ժամանած ՏՏ բարձր որակավորում ունեցող շատ մասնագետներ արդեն հեռացել են երկրից: ՏՏ ոլորտի աշխատողների անձնական եկամուտների հարկային դրույքաչափերի ներկայիս տարբերությունն ազդում է բիզնեսի ավելի երկարաժամկետ վայր ընտրելու որոշման վրա՝ հօգուտ Հայաստանի մրցակիցների: Արտերկրից տաղանդավոր կադրեր գտնելու գործում հաջողության հասնելու և երկրի երկարաժամկետ առաջնահերթություններն ու մրցակցային առավելությունները հասկանալու համար Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն արմատական փոփոխություններ անելու մասին։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտն արդեն դարձել է տնտեսության մնացած հատվածի զարգացման էական շարժիչ ուժը։ ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետները, որոնք որպես կանոն համեմատաբար երիտասարդ են, ակտիվ և փոփոխություններին հարմարվող, բարձրորակ սննդի, որակյալ գինու և անհատական կարիքներին ու նախասիրություններին համապատասխանող բարձրորակ ծառայությունների պահանջարկի շնորհիվ ձևավորում են սպառման նոր մոդելներ, ինչն իր հերթին խթանում է հյուրընկալության, սննդի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում զարգացումը, ինչպես նաև արագացնում է զանգվածային սպառման ոլորտում փոփոխությունները: Բացի այդ, հաջողակ ՏՏ մասնագետները հաճախ դառնում են ներդրողներ. հոդվածի հեղինակները գիտեն մի քանի օրինակներ, երբ ՏՏ ինժեներները դարձել են ներդրողներ, որոնք կարևոր ներդրում են ունեցել գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտում բիզնես նախաձեռնելու կամ այն ընդլայնելու գործում:
Հոդվածի հեղինակները Հայաստանի կառավարությանն առաջարկում են հետագայում ևս առաջնահերթություն տալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ ուշադրություն հրավիրելով գործարար միջավայրի փոփոխություններին, որոնք կօգնեն տաղանդավոր կադրերի ներգրավել աշխարհի տարբեր երկրներից և նրանց պահել երկրում: Եկամտահարկի հնարավոր կարճաժամկետ կորուստները պետք է ավելի քիչ մտահոգեն պաշտոնյաներին, փոխարենը նրանց ավելի շատ պետք է մտահոգեն «ուղեղներին» կորցնելու միանգամայն իրական և երկարաժամկետ վնասները, ինչպես նաև համաշխարհային շուկաներում երկրի մրցունակությանը հասցվող վնասները:
Հայաստանի համար hաջորդ նշանակալի իրադարձությունը
Զարգացման ի՞նչ նպատակներ պետք է հետապնդի Հայաստանը առաջիկա 20-25 տարիների ընթացքում, և որքանո՞վ պետք է նշանակալի լինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի դերը Հայաստանի ապագա տնտեսությունում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն իրական հնարավորություն ունի բեկում մտցնելու և դառնալու կարևոր խաղացող համաշխարհային տեխնոլոգիական շուկայում, իսկ երկրի զարգացման ուղին կձևավորվի տեխնոլոգիական ոլորտում նրա կուտակած մրցակցային առավելություններով: Վերջին 30 տարիների ընթացքում մի քանի երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան, Սինգապուրը, Իսրայելը, Թայվանը ունեցել են նման բեկում, ինչը խոսում է այն մասին, որ այս առաջադրանքն իրագործելի է: Օրինակ՝ 1990-ից 2019 թվականներին Իռլանդիան և Սինգապուրը իրենց տնտեսական կառուցվածքների համապարփակ վերակառուցման միջոցով հասել էին նրան, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել էր մոտ վեց անգամ: Հայաստանի համար ի՞նչ դասեր կարող ենք քաղել աճի արագացման այս երկրների հաջող օրինակներից, որն ուղեկցվել է կառուցվածքային կտրուկ տեղաշարժով դեպի տեխնոլոգիական ոլորտ: Մենք կսկսենք Իսրայելի օրինակից։
Բավականին ընդունված է եղել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները համեմատելն այն մարտահրավերների հետ, որոնք Իսրայելին հաջողվել է հաղթահարել իր անկախության 75 տարիների ընթացքում: Անշուշտ, երկու երկրներն էլ ունեն բազմաթիվ տարբերակիչ բնութագրեր, այդ թվում՝ թշնամաբար տրամադրված և անկայուն հարևաններ, հասանելիություն սփյուռքի տնտեսական և քաղաքական հսկայական ռեսուրսներին, գիտելիքի և կրթության մեջ ներդրումներ անելու հաստատված ավանդույթ, ինչպես նաև ձեռնարկատիրական ջիղ ունեցող բնակչություն:
Հիսուն տարի առաջ Իսրայելը, որ չոր կլիմայով փոքր երկիր է, արդեն անհավանական հաջողություն էր գրանցել իր գյուղատնտեսությունը զարգացնելու գործում և դարձել էր նորարարության հզոր կենտրոն պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Բայցևայնպես, քչերն էին համարում, որ Սիլիկոնային հովիտն իրատեսական ստանդարտ է Իսրայելի ապագայի համար: Ինչպես պարզվեց, անցումը նորարար տնտեսությանը հաջող էր և այն տեղի ունեցավ երեք՝ բավականին սովորական փուլերով։ Առաջինի ընթացքում (մինչև 80-ականների սկիզբը) ուշադրության կենտրոնում էր տեխնոլոգիական ոլորտում աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Այս ժամանակաշրջանը բնութագրվում էր մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ ունեցող մարդկային կապիտալի արագ կուտակմամբ (ներառյալ նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթի միջոցով) և տեխնոլոգիական մասնավոր ստարտափների աճող բազմազանությամբ:
Երկրորդ փուլում (մինչև 90-ականների վերջը) նոր տեխնոլոգիական ոլորտն ընդլայնվեց, ստեղծեց գլոբալ կապեր և, ի վերջո, հասավ անհրաժեշտ մակարդակի՝ համաշխարհային մասշտաբով նշանակություն ունենալու համար։ Իսրայելական ստարտափները գնալով ավելի շատ էին դուրս գալիս համաշխարհային շուկա՝ հաճախ ԱՄՆ-ի և Եվրոպայի հրեական սփյուռքի աջակցությամբ: 1991-2000 թվականներին Իսրայելում վենչուրային կապիտալի տարեկան ներդրումներն աճեցին մոտ 60 անգամ՝ 58 մլն դոլարից հասնելով տարեկան 3,3 մլրդ դոլարի: Իսրայելական վենչուրային հիմնադրամների ֆինանսավորմամբ տարեկան գործարկվող տեխնոլոգիական ընկերությունների թիվը նույն ժամանակահատվածում մոտ 100-ից հասավ ավելի քան 800-ի:
Կառավարության Yosma ծրագիրը (նախաձեռնություն – եբր․), որը մեկնարկել է 1993-ին, նպաստեց այս հաջողությանը և դարձավ ավելին, քան պարզապես վենչուրային կապիտալի զարգացման կատալիզատոր: Այն կարողացավ համակարգել և աջակցել զուգահեռ «փափուկ» գործողությունները, որոնք, ի շարս այլ բաների, աջակցում էին Իսրայելի տեխնոլոգիական ոլորտի նոր գլոբալ կերպարի ձևավորմանը, ինչպես նաև ավելի ամուր գործընկերության և ընդհանուր տեսլականի ստեղծմանը ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի միջև:
Այս գործողություններին հաջորդեց տեխնոլոգիական ոլորտում արագ և զգալի աճի երրորդ փուլը, որը տեղի ունեցավ Իսրայելում 90-ականների վերջից սկսած, և որը կերտեց Իսրայելի տնտեսական նկարագիրը այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք այսօր՝ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոններից մեկը, որը կարող է առաջատար լինել շուկայի մի քանի կարևոր հատվածներում:
Կարծում ենք, որ Հայաստանը ներկայումս կարելի է համեմատել 90-ականների կեսերի Իսրայելի հետ։ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից հմուտ մարդկանց զգալի ներհոսքն արդեն տեղի է ունեցել, սակայն երկիրը դեռ սպասում է շրջանակային ծրագրի, որը պետք է օգնի համակարգել առկա բազմաթիվ անհատական նախաձեռնությունները, համապատասխանեցնել ազդեցիկ տարբեր շահագրգիռ կողմերի շահերը և ակտիվացնել ու միավորել տաղանդավոր կադրերին և տնտեսության կողմից արդեն կուտակված այլ ռեսուրսները և ևս մեկ ցատկ առաջ անել՝ հասնելով նորարար բիզնեսների բավարար քանակի։ Սա իրական հնարավորություն է Հայաստանի համար, որպեսզի առաջիկա 10-15 տարիների ընթացքում իր տեղն ապահովի տեխնոլոգիապես զարգացած երկրների քարտեզի վրա։
Թայվանի փորձը լրացուցիչ պատկերացում է տալիս տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար պետական և մասնավոր ոլորտների համագործակցության կարևորության մասին: Ութսունականների սկզբին Թայվանն արդեն hետազոտության և զարգացման զգալի հնարավորություններ էր զարգացրել, և միկրոէլեկտրոնիկայի հատվածի արագացված զարգացման համար անհրաժեշտ բոլոր հիմնական նախադրյալներն արդեն առկա էին, սակայն շատ բան չէր կատարվում: 1980-ին բացված Սինչժու գիտական խոշոր պարկը (Hsinchu Science Park) չէր կարողանում վարձակալներ գտնել՝ չնայած բազմազգ կորպորացիաներին գայթակղելու կառավարության ագրեսիվ ջանքերին: Սա համակարգման ձախողման դասական օրինակ էր, որի պատճառն անվստահության և հաղորդակցության բացակայությունն էր հիմնական շահագրգիռ կողմերի միջև՝ Ֆինանսների նախարարության (որը շատ թերահավատորեն էր վերաբերվում երկրի տեխնոլոգիական հեռանկարներին), տեղական ֆինանսական հատվածի (որը մնում էր շատ պահպանողական և որևէ շահագրգռվածություն չէր ցուցաբերում փորձելու համար ֆինանսավորման նոր գործիքներ, ինչպիսիք են վենչուրային ֆինանսավորումը) և Սիլիկոնային հովտում թայվանական բարձր տեխնոլոգիական սփյուռքի (որի ներկայացուցիչները որևէ օգուտ չէին տեսնում Թայվան վերադառնալու և այնտեղ իրենց բիզնեսն սկսելու մեջ):
Համակարգման այս խնդիրը լուծվեց բարեփոխումների կողմնակից կոալիցիայի ռազմավարական ջանքերի շնորհիվ։ Այն ստեղծել էր Կուո-Տին Լին, որը համարվում է Թայվանի տեխնոլոգիական ռազմավարության ճարտարապետը: Լինելով ինժեներ՝ իր կարիերայի վաղ շրջանում Լին գլխավորել էր և՛ Տնտեսական հարցերի, և՛ Ֆինանսների նախարարությունները: Ութսունականներին նա զբաղեցնում էր առանց պորտֆելի նախարարի բարձր պաշտոնը՝ քաղաքական ծանր քաշայինի համբավով։ Իր կրթության շնորհիվ Լին մեծապես հետաքրքրված էր տեխնոլոգիաների ոլորտով և ԱՄՆ-ում գործող թայվանցի ՏՏ առաջատար ձեռներեցներից շատերին անձամբ էր ճանաչում:
Մինչև 1982-ը Լին և սփյուռքից նրա ազդեցիկ գործընկերները, ինչպիսիք են անհատական համակարգիչներ արտադրող Acer ընկերության գլխավոր տնօրեն Սթեն Շիհը և IBM-ի ղեկավարներից Թա-Լին Սյուն, Ֆինանսների նախարարությանը համոզեցին ընդունել օրենսդրություն, ներառյալ համապարփակ հարկային արտոնություններ և հարկաբյուջետային աջակցություն, որը կխրախուսեր Թայվանում վենչուրային կապիտալի ընկերությունների ստեղծումն ու աճը և կապահովեր դրանց կարգավորումը: Սա սկիզբ դրեց բարենպաստ իրադարձությունների մի ամբողջ շղթայի, որոնք Թայվանին հնարավորություն տվեցին արագ տեմպերով բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների բավարար քանակ ստեղծել:
Առաջին վենչուրային հիմնադրամները, ինչպես և սպասվում էր, փոքր էին և օտարերկրյա: Բայց նրանք ֆինանսավորեցին ստարտափների բավական մեծ խումբ, ինչը փոխեց իրավիճակը: Այս ակնառու հաջողությունը գրավեց աճող թվով թայվանցի ինժեներների և ձեռներեցների Միացյալ Նահանգներից, որոնք ձևավորեցին ստարտափների հաջորդ սերունդը: Վենչուրային կապիտալում այս ներդրումների վերադարձելիությունն այնքան տպավորիչ էր, որ տեղի պահպանողական ընտանիքներից բաղկացած խմբերը, որոնք վերահսկում էին Թայվանում կապիտալի մեծ մասը, որոշեցին ներդրումներ անել վենչուրային կապիտալի հիմնադրամներում: Ֆինանսավորման բարելավված հասանելիությունը վերջապես փոխեց ոլորտային լանդշաֆտը. Սինչժու գիտական պարկը դարձավ տեխնոլոգիական նոր ձեռնարկությունների աճի կենտրոնը:
Ութսունականների Թայվանի նման Հայաստանն արդեն ունի ինստիտուցիոնալ և ֆիզիկական տարբեր ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական ոլորտի արագացված աճի համար (ինկուբատորներ, տեխնոլոգիական կենտրոններ, Ինժեներական քաղաք և այլն), սակայն, դրանք, այդուհանդերձ, դեռ արդյունավետ չեն համագործակցում տեխնոլոգիական ոլորտի աճը խթանելու համար, մինչդեռ սահմանափակ համակարգման և ռազմավարական տեսլականի բացակայության հետ կապված ծախսերն ակնհայտ են: Առանց պորտֆելի նախարարը, որը գործելու մանդատ ունեցող ազգային էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչ է, հնարավոր ինստիտուցիոնալ լուծումներից մեկն է, թե ինչպես պետք է ղեկավարել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընդլայնման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի արագացված զարգացումը:
Թայվանի համեմատ Ֆինլանդիան օգտագործեց ինստիտուցիոնալ լուծումների այլընտրանքային փաթեթ, որպեսզի կարողանա հասնել նրան, որ երկրի ապագայի համար նորարարության կարևորության շուրջ համընդհանուր համաձայնության ձեռք բերվի կարևոր խաղացողների միջև։ Մինչև 90-ական թվականները Ֆինլանդիան երբեք չի դիտվել որպես նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում պոտենցիալ համաշխարհային առաջատար: Տնտեսական օգուտները, որ Ֆինալդիան ստանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի հետ ձևավորված հատուկ հարաբերությունների շնորհիվ, խանգարեցին նորարարությանն ուղղված բիզնես խթաններին: Տնտեսության կառուցվածքը մնաց ավանդական, իսկ Nokia-ն դեռ շարունակում էր մնալ թղթե արտադրանքի առաջատար արտադրողը։ (Ութսունականների կեսերին Nokia-ի հեռահաղորդակցության սարքավորումների և սպառողական էլեկտրոնիկայի վաճառքը կազմում էր ընկերության ընդհանուր վաճառքի միայն 15%-ը):
Ֆինլանդիայի առաջխաղացումը դեպի նորարարության համաշխարհային առաջնորդների շարքեր կարելի է պայմանավորել Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության խորհրդի (Science and Technology Policy Council) գործունեությամբ։ Այն պետական և մասնավոր հատվածի միջև երկխոսության հարթակ է, որը ղեկավարում է երկրի վարչապետը՝ առաջատար ընկերությունների և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների լայն մասնակցությամբ: Ավանդաբար, այս խորհուրդը նպատակ է ունեցել ուժեղացնել քաղաքական աջակցությունը R&D ոլորտում ներդրումներին, սակայն պատմականորեն նրա գործադրած ջանքերը քիչ առաջընթաց են գրանցել։ Այդուհանդերձ, 1990-ականների սկզբի տնտեսական ճգնաժամի ժամանակ խորհուրդը կարողացավ համոզել կառավարությանը, որ նոր աշխատատեղեր ստեղծելու լավագույն միջոցը R&D ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում լրացուցիչ ներդրումներ անելն է՝ չնայած բյուջետային ծրագրերի մեծ մասի դեպքում ծախսերի զգալի կրճատումներ անելու անհրաժեշտությանը:
Ազդեցիկ շահագրգիռ կողմերի միջև տարաձայնությունները հարթելու Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության խորհրդի կարողությունն ամրապնդվեց Sitra կոչվող վերապատրաստման բարձրակարգ ծրագիրը կառավարելու երկարամյա մանդատի շնորհիվ: Վերապատրաստման այս հեղինակավոր սեմինարները, որոնց հրավիրվում էին ազդեցիկ դերակատարներ ամբողջ ֆին հասարակությունից, սկսեցին կազմակերպել 1960-ականների վերջին՝ ի սկզբանե նպատակ ունենալով համաձայնություն ձևավորել պաշտպանական ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ: Այս գործիքը կրկին կիրառվեց 90-ականներին՝ տեխնոլոգիական նորարարության դերի մասին նոր գաղափարներ տարածելու և ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ համաձայնություն ձևավորելու համար:
Մեր մեկնաբանմամբ՝ հաջողության այս և նմանատիպ այլ պատմություններից Հայաստանի համար հիմնական դասերը երեքն են՝
— Աճն արագացնելու համար կապիտալի ներհոսք է անհրաժեշտ։ Սակայն այն պետք է լրացվի ինչպես հմուտ, այնպես էլ ոչ հմուտ միգրանտների հոսքով և ժամանակակից տեխնոլոգիաներն ընդունելու և գոյություն ունեցող համակարգերին ինտեգրելու բարձր տեմպերով: Համատեղելով ֆիզիկական կապիտալի ներմուծումը, որը ներառում է նորագույն տեխնոլոգիաներ, և առաջադեմ հմտությունների ներմուծումը, որոնք անհրաժեշտ են այդ տեխնոլոգիաներն արդյունավետ կիրառելու համար, այս երկրները կարողացան արդիականացնել իրենց արդյունաբերական կարողությունները:
— Իրենց տնտեսությունների վերակառուցման գործում այս երկրների հաջողությանը նպաստեց նաև զարգացման առաջնահերթությունների շուրջ ազգային համընդհանուր համաձայնությունը: Նման համաձայնության ստեղծման և պահպանման հիմնական նախապայմանը վերաբերում է կառավարության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության ձևավորված ավանդույթին, որն ապահովում է պետություն-մասնավոր հատված համագործակցության և համակարգման արդյունավետ և ներառական մեխանիզմներ:
— Գործառնական (ամենօրյա) մակարդակում երկրի տեխնոլոգիական ոլորտի ղեկավարության տեսլականների իրականացմանն օգնում էր կառավարության շրջանակային ծրագրերի առկայությունը՝ համադրելու տարբեր շահագրգիռ կողմերի շահերը և համակարգելու նրանց գործունեությունը: Սա սովորաբար լրացվում էր հեղինակավոր կազմակերպության ստեղծմամբ, որն ուներ ծրագիրն իրականացնելու լիազորություն: Լրացուցիչ օգուտ ստացվում էր այն դեպքերում, երբ ծրագրին հաջողվում էր մոբիլիզացնել քաղաքական դաշտում ծանր կշիռ ունեցող գործիչների՝ իր նպատակներն առաջ տանելու համար։
Մարդկային կապիտալը որպես հիմնական ակտիվ
Տեխնոլոգիաների վրա հիմնված աճի մեջ մարդկային կապիտալի կարևորությունն անհերքելի է, ինչպես ցույց են տվել աճի արագացման հաջողված օրինակները: Տեղի բավարար թվով հմուտ և բանիմաց մարդկային կապիտալը կարևոր է, և կրթության որակն ու տաղանդների ներգրավման արդյունավետությունը երկրի մարդկային կապիտալի պաշարը ձևավորող հիմնական գործոններն են: Այս առումով Հայաստանի փորձառությունը խառն է՝ պատմականորեն աշխատատեղերի ստեղծման ցածր մակարդակ, մշտական գործազրկություն և աշխատուժի արտագաղթի բարձր տեմպեր, իսկ ներկայումս տեխնոլոգիական տաղանդների համար համաշխարհային մրցակցությունում երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
Այդուհանդերձ, վերջին զարգացումները մեզ լավատեսության առիթ են տվել։ Հայաստանը հանկարծակի և միանգամայն անսպասելիորեն գրավիչ վայր է դարձել աշխատանքային միգրանտների համար, այդ թվում՝ Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից հմուտ մենեջերների և գրասենյակային անձնակազմի: Աշխատաշուկան եղել է ուժեղ և դինամիկ, և 2023-ին Երևանում նույնիսկ աշխատուժի պակասի նշաններ են նկատվել, թեև դա դեռ ամբողջությամբ արտացոլված չէ պաշտոնական վիճակագրությունում։ Սա ևս մեկ նշան է, որ տնտեսությունն անցել է զարգացման այլ հետագծի, որը շատ ավելի կախված է առկա մարդկային կապիտալի որակից, քան բնական ռեսուրսների առկայությունից:
Տեխնոլոգիական ոլորտում առկա հաջողությունները պահպանելու և զարգացման այս նոր հետագծի վրա մնալու համար անհրաժեշտ է պետության ջանքերը կենտրոնացնել կրթության որակի բարելավման վրա՝ ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական մակարդակներում: Այս աջակցությունը պետք է ներառի մասնավոր կառավարվող կրթական ծրագրեր, որոնք ներկայումս լավագույն արդյունքն են գրանցում, ինչպիսիք են ԹՈՒՄՈ-ն, ՔՈԱՖ-ը, «Արմաթ»-ը և «ԱՅԲ»-ը: Այս ծրագրերը միջազգային ճանաչում են ստացել և արդեն սկսել են իրենց ընդլայնումը Հայաստանից դուրս։ Օրինակ՝ ԹՈՒՄՈ-ն, որը դպրոցի դասերից հետո ուսուցման և ստեղծագործական կենտրոնների ցանց է, գործում է ոչ միայն Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում, այլև հաջողությամբ գործունեություն է ծավալում Բեռլինում, Փարիզում, Ցյուրիխում և համաշխարհային այլ կենտրոններում։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնները մեծ ներդրում ունեն կրթության ոլորտում Հայաստանի 82 գյուղական համայնքներում: «Արմաթ»-ը, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ, օգնում է Հայաստանի գյուղական շրջանների 640-ից ավելի դպրոցներում գիտության և ՏՏ լաբորատորիաների ստեղծմանը և դրանց գործունեությանը:
Այդուհանդերձ, Հայաստանի կրթական համակարգի ընդհանուր վիճակը հեռու է կատարյալ լինելուց։ Երկրի կրթության ոլորտը երկու շատ տարբեր հատվածների անկայուն համադրություն է. մի կողմից՝ ժամանակակից և նորարարական ծրագրեր և հաստատություններ, իսկ մյուս կողմից՝ հանրակրթական լայնատարած միջակ կրթություն, և լավագույն դեպքում՝ համալսարանական շատ միջին մակարդակի ծրագրեր: Օրինակ՝ Հայաստանում ըստ Մաթեմատիկայի և գիտության ուսումնասիրության միջազգային միտումների (Trends in International Mathematics and Science Study, TIMSS) գնահատականի՝ մաթեմատիկայի միջին (4-րդ դասարանի աշակերտների) միավորը (2019-ին եղել է 498 և հասանելի ամենաթարմ տվյալն է) որոշակի բարելավում է գրանցել 2011-ի մակարդակի համեմատ, սակայն այն մնացել է տարածաշրջանում ամենացածրերից մեկը՝ շատ ավելի ցածր, քան Թուրքիայում և Ռուսաստանում, և մի փոքր ավելի ցածր, քան Ադրբեջանում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում բարձրագույն կրթության որակը նույնքան ցածր է տարածաշրջանային միջինից։
Այս հիմնարար խնդիրների լուծման համար կարևոր է ուսումնասիրել և վերցնել այլ երկրների փորձը, որոնք վերջին 25 տարում բեկում են մտցրել կրթության որակի հարցում, օրինակ՝ Պորտուգալիան: Այնուամենայնիվ, չպետք է տարվենք պարզունակ որոշումներով, որոնք նախապատվություն են տալիս կրթական ենթակառուցվածքների վրա ավելորդ ծախսեր անելուն: Ակադեմիական քաղաքի վերջերս առաջարկված նոր նախագիծը, թեև դրական նշան է այն մասին, որ կառավարությունը հանձնառու է ընդլայնել գիտության և կրթության ֆինանսավորումը, ցավոք, չի լուծում համալսարանական կրթության հիմնախնդիրները, որոնք վերաբերում են կրթական բովանդակության որակին, համապատասխանությանը և մատուցման ձևաչափերին:
Համալսարանական ենթակառուցվածքներում պետական ապագա ներդրումները պետք է ուղեկցվեն լրացուցիչ բարեփոխումներով, որոնք կվերացնեն կարգավորող խոչընդոտները և կներկայացնեն ֆինանսավորման նոր գործիքներ ակադեմիական և հետազոտական առաջադեմ ծրագրերի ներդրման համար: Ռազմավարական առումով համալսարանական բարեփոխումները պետք է ուղղված լինեն բիզնեսի և համալսարանների միջև գործընկերության հնարավորությունների ընդլայնմանը և տեխնոլոգիական կրթության ձևավորման գործում մասնավոր հատվածի դերի բարձրացմանը: Հարակից ոլորտում հաջողությունը կարող է որպես ուղենիշ ծառայել, օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջնորդության և կառավարման ծրագրերի 30-ամյա պատմությունը: Համալսարանը նշանակալից դեր է խաղացել երկրի հաջորդ սերնդի առաջնորդների պատրաստման գործում, այդ թվում՝ Հայաստանի առաջին միաեղջյուր ընկերության՝ Picsart-ի գործադիր տնօրենի, որն այս հոդվածի հեղինակներից մեկն է։
Բարձրորակ կրթությունը ոչ միայն նպաստում է երկրի մարդկային կապիտալի զարգացմանը, այլև կարող է դառնալ արտահանման կարևոր ոլորտ։ Հայաստանը նոր խաղացող չէ կրթական ծառայությունների միջազգային շուկայում․երկիրն ունի ժամանակակից կրթական ծրագրերի մի քանի հաջող արտահանողներ և խորհրդային տարիներին համալսարանական կրթության հարուստ ժառանգություն: Եվ պետք չէ մոռանալ, որ պատմական հայկական բուհերի ազդեցությունը, ինչպիսիք են Սանահինի, Տաթևի և Գլաձորի համալսարանները, զգացվել է պատմական Հայաստանի սահմաններից շատ հեռու:
Եզրափակիչ դիտարկումներ
Թեև դա, գուցե անակնկալ լինի հայ հայրենասերների մեծ մասի համար՝ սակայն աշխարհը գործնականում քիչ բան գիտի ժամանակակից Հայաստանի ձեռքբերումների մասին, եթե չասենք, որ չգիտի ոչինչ: Օտարները երկրի մասին գիտեն միայն այն, որ Հայաստանը հնագույն մշակույթ ունեցող երկիր է, փոքր ու հպարտ, բայց հարևանների առումով գտնվում է սխալ տարածքում։ Սա այն տեղեկատվությունը չէ, որ տեղական ձեռնարկություններին կօգնի մուտք գործել նոր շուկաներ և ստեղծել տեխնոլոգիական նոր գործընկերություններ:
Մենք պետք է Հայաստանի համար նոր կերպար կերտենք՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն և ազատության տարածաշրջանային կղզի բռնակալության ծովում։ Freedom House-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի գրանցած տպավորիչ առաջընթացը ծառայում է որպես կարևոր ճանաչում առ այն, որ երկիրը հաջողությամբ իրականացնում է քաղաքական ազատականացման գործընթացը և այս ձեռքբերումն արժեքավոր ակտիվ է պետության համար։ Ազատության համաշխարհային համաթվով Հայաստանը ներկայումս դիտվում է որպես տարածաշրջանային առաջատարներից մեկը: Այն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի չորս երկրներից մեկն է միայն, որոնց Freedom House-ը բնութագրում է որպես մասամբ ազատ (Հայաստան, Վրաստան և Լիբանան) կամ ազատ (Իսրայել): Հայաստանն ազատության համաշխարհային համաթվի իր ցուցանիշը բարելավվել է՝ 2018-ի 45 միավորից (100 հնարավորից) 2024-ին հասնելով 54-ի: Մեկ այլ՝ ժողովրդավարության որակի ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերը և կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրների խմբից (2018-ին ստացել է 26 միավոր 100-ից) բարձրացել մինչև հիբրիդային ռեժիմներ ունեցող խումբ (2024-ին՝ 35 միավոր):
Ցավոք, Հայաստանի վերջին շրջանի տնտեսական աճի մասշտաբներն ու կառուցվածքը ճշգրիտ չեն արտացոլվել վիճակագրական տարբեր ցուցանիշներում, ինչի հետևանքով առաջացել են տեղեկատվական բացեր, որոնք բացասաբար են ազդում երկրի գործարար համբավի և ներդրումային հնարավորությունների վրա: Օրինակ՝ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի (ներառյալ ճարտարագիտությանը սերտ առնչվող հատվածները) ծավալների մասին 2019-2020 թվականների պաշտոնական տվյալների համեմատությունը այլընտրանքային վիճակագրության հետ, որն ստեղծել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ երկրում գրանցված ՏՀՏ ձեռնարկությունների կանոնավոր հետազոտության միջոցով, ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան իրական վաճառքներն առնվազն 3,5 անգամ թերի են ներկայացված։ Սա նշանակում է, որ պաշտոնական վիճակագրությունում բացակայում է երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտի գործառնությունների մի զգալի մասը, որը տարեկան կարող է գերազանցել ՀՆԱ-ի 7%-ը։
Կառավարության և բիզնեսի համատեղ ջանքերի միջոցով տեղեկատվական այս բացերի վերացումը չափազանց կարևոր է երկրի հեղինակության և ներդրումային գրավչության համար: Ժամանակն է լրջորեն վերաբերվել Հայաստանի վերջին շրջանի տնտեսական ցուցանիշներին և դրանք դիտարկել ավելի լավատեսական և պակաս ավանդական տեսանկյունից, ինչը կարող է արդյունավետ լինել շարունակական քննարկումների համար այն մասին, թե որոնք պետք է լինեն կառավարության հետագա քայլերը տնտեսական դաշտում։ Հայաստանի զարգացման տարբերակների վերաբերյալ վերլուծությունների գերակշիռ մասը հաճախ հիմնված է հնացած ենթադրության վրա, թե երկիրը դատապարտված է մնալու իր զարգացման ավանդական ուղու վրա, ինչն անտեսում է շարունակվող արագ տնտեսական վերափոխումները և նոր հնարավորությունները:
Հայաստանի մրցունակության և արտադրողականության ընթացիկ միտումներն ուսումնասիրելու համար ավելի օգտակար կլինի կատարել ավելի ծավալուն ու մանրամասն վերլուծություն: Օգտակար կլինի նաև էլ ավելի խորը ուսումնասիրել աճի տարբեր գործոնների իրական և հնարավոր ներդրումը, ինչպիսիք են՝
- Մարդկային կապիտալ (շեշտադրելով, օրինակ, հմուտ և շարժունակ աշխատուժի կարևորությունը),
- Կայացած և արդյունավետ ինստիտուտներ, ներառյալ դատական, իրավական և կարգավորող համակարգերի և պետական կառավարման որակը,
- Նորարարություններ մշակելու կարողություն (ներառյալ կառավարչական, տեխնոլոգիական և այլ տեսակի նորարարություններ), որը ներառում է նաև նորարարությունները ներդնելու և գիտելիքները փոխանցելու կարողությունները,
- Առևտրի և օտարերկրյա ներդրումների համար տնտեսության և շուկայի բաց լինելը։
«Տնտեսական ինքնաբացահայտման» այս գործընթացը կարող է կապվել Հայաստանի ներսում անհրաժեշտ ներքաղաքական համաձայնության ձևավորման հետ առ այն, որ բարձր տեխնոլոգիաների և ՏՏ կիրառման միջոցով գեներացվող աճի նոր մոդելին անցումը կարող է նաև ճանապարհ հարթել դեպի կայուն լուծումների աշխարհաքաղաքական այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է երկիրը։ Բացի հանքաքարերի և ադամանդների/զարդերի արդյունահանումից՝ հայկական ապրանքների արտահանման մեծ մասը մեծապես կախում ունի Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության տարածքի շուկաներից: Հայաստանի նոր տնտեսությունը, որն ավելի ու ավելի է ապավինում ՏՏ արտադրանքների, ծրագրային ապահովման, բարդ սարքավորումների և ՏՏ տարբեր ծրագրերի (էներգետիկ և ոռոգման կառավարման համակարգերից մինչև զանգվածային լրատվության միջոցների և կինոարդյունաբերության ոլորտում հատուկ էֆեկտների նախագծում) արտահանման վրա, կարելի է հեշտությամբ ավելի սերտորեն ինտեգրել ԱՄՆ, ԵՄ և Մերձավոր Արևելքի այսօրվա շուկայական կառույցներին:
Հայկական նոր տեխնոլոգիական ոլորտն արդեն ամուր կապեր է զարգացրել ամերիկյան ընկերությունների հետ՝ նույն օրինակով, ինչ Թայվանը և Իսրայելը: Հարկ է նշել, որ հզոր տնտեսական հատված ունենալը, որը լավ ինտեգրված է համաշխարհային գերտերության առաջատար արդյունաբերությանը, ռազմավարական զգալի առավելություններ է ստեղծում երկրի համար, որն այլ պարագայում խոցելի կլիներ, ինչպես ցույց է տվել նաև Իսրայելի և Թայվանի պատմությունը:
Այնուամենայնիվ, այս տեսլականն իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ են ավելի շատ բարեփոխումներ կառավարման ոլորտում, որպեսզի երկիրն առաջ շարժվի դեպի ժամանակակից, բաց և ներառական կառավարման համակարգ։ Անհրաժեշտ քաղաքական որոշումները պետք է պատրաստվեն և իրականացվեն պետական մարմինների և տարբեր ոչ կառավարական շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջոցով: Սա կնվազեցնի էական սխալներ թույլ տալու ռիսկերը և կօգնի ձևավորել վստահություն և սոցիալական փոխհարաբերություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ գործող ժամանակակից հասարակության համար: Սա նաև կօգնի արագացնել կարգավորիչ անհարկի խոչընդոտների վերացումը և առաջ մղել ԵՄ-ի հետ Հայաստանի կանոնակարգերն ու չափանիշները համապատասխանեցնելու գործընթացը։
Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է ամրապնդի սփյուռքյան խմբերի հետ կառավարության երկխոսությունը՝ հետագայում նրանց ներուժն ու ներդրումը Հայաստանի աճի և բարգավաճման գործում օգտագործելու համար: Հիմնական ուշադրությունը պետք է դարձվի Սփյուռքում գոյություն ունեցող և ձևավորվող ցանցերին աջակցելու վրա, որոնք կարող են նպաստել Հայաստան-Սփյուռք կայուն հարաբերություններին: Կառավարությունը պետք է ցույց տա Սփյուռքի իր գործընկերներին, որ Հայաստանը լոկ Սփյուռքից ֆինանսավորվող մարդասիրական օգնության և մշակութային նախաձեռնությունների իրականացման վայր չէ և դարձել է բաց ու հյուրընկալ վայր Սփյուռքի ներդրումների համար։
Հայաստանը գտնվում է վճռորոշ փուլում, երբ աճի նոր շարժիչ ուժերը երկիրը մղում են դեպի զարգացման նոր հետագիծ: Այնուամենայնիվ, այս շարժիչ ուժերը դեռ թերզարգացած են ու փխրուն և քաղաքականության որոշման հարցերում պահանջում են հետագա աջակցություն իրենց կայունությունն ապահովելու համար։
Եթե Հայաստանը ճիշտ բանեցնի իր խաղաքարտերը, ապա կարող է համալրել այնպիսի հաջողակ երկրների շարքերը, ինչպիսիք են Իսրայելը, Թայվանը և Սինգապուրը, որոնց տնտեսական հաջողությունը հիմնված է տեխնոլոգիական ոլորտում մրցակցային առավելությունների վրա: Թեև բախտն ու միջազգային բարի կամքն օգտակար կլինեն, սակայն հաջողության հասնելու իրական բանալին քաղաքականության ընտրության հարցում կայացված խելացի որոշումներն են և դրանց կարգապահ կատարումը։
Կարճ ասած՝ Հայաստանն ունի հնարավորությունների խոստումնալից պատուհան։ Երկրի ղեկավարները պետք է խելամտորեն օգտագործեն այս պահը և Հայաստանը դնեն երկարաժամկետ բարգավաճման ուղու վրա։
Հեղինակների մասին
- Դավիթ Հակոբյանը զարգացման մասնագետ է, 2 տարի աշխատել է ՄԱԿ-ում՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների 15 երկրներում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխտնօրեն, ծրագրի համակարգող և մշտական ներկայացուցիչ։
- Վասիլի Բուրովը ձեռնարկատեր է և հետազոտող, որն զբաղվում է տնտեսության թվային փոխակերպման հարցերով։
- Լև Ֆրեյնկմանը զարգացման հարցերով տնտեսագետ է, ներկայումս աշխատում է Համաշխարհային բանկում որպես խորհրդատու: Նախկինում Համաշխարհային բանկում 25 տարի աշխատել է որպես տնտեսագետ։