Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը 6000 դոլարի դիմաց զորակոչիկին ազատել է ծառայությունից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը։

«2023-ի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6 000-6 500 դոլար կաշառք ստանալու շուրջ: Զորակոչիկն ու նրա մտերիմ անձը 6 000 դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4 000 դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ: Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023-ի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից նշում են, որ Մ. Մ.-ն Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն է, իսկ Հ. Շ.-ն՝ ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ։

Մ. Մ.-ին և Հ.Շ.-ին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Մեկնաբանել