Այթան Ֆարհադովա, OC Media
Վրաստանի իշխանությունները կալանավորել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադըգովին և նրա արտահանձնման հարցով լսումներ նշանակել։
Ադրբեջանական անկախ լրատվամիջոց և յութուբյան Azel.TV ալիքի ղեկավար Սադըգովը ձերբակալվել է շաբաթ օրը՝ մեկ ամիս էլ չանցած այն բանից, երբ նրան արգելեցին Վրաստանը լքել, բացի Ադրբեջան մեկնելուց:
Սադըգովը 2023-ի դեկտեմբերից ընտանիքի հետ ապրում էր Վրաստանում։ Նրա կինը՝ Սևինջ Սադըգովան, հրապարակել է կադրեր, թե ինչպես են իրավապահները ամուսնուն մեքենա նստեցնում։
Նա OC Media-ին ասել է, որ իրենց՝ Մառնեուլիում բնակվելու ժամանակ Սադըգովին հետևել են անհայտ անձինք: Սադըգովները տեղափոխվել էին Թբիլիսի, երբ սահմանապահները հուլիսի 17-ին Սադըգովին թույլ չէին տվել դեպի ինքնաթիռ նստել Անթալիա մեկնելու համար:
Ըստ նրա՝ Սադըգովը կալանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, իսկ նրան սպասվում է կալանավորում՝ Ադրբեջանին արտահանձնելու դեպքում։
Rights Georgia-ի իրավաբան Դմիտրի Նոզաձեն OC Media-ին ասել է, որ Բաքուն Սադըգովի արտահանձնման հայտ է ներկայացրել հուլիսին, և որ նա մեղադրվում է Ադրբեջանում խարդախության կամ շորթման մեջ: Նրա կինը՝ Սադըգովան, հերքել է ամուսնուն առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ»։
Երբ հայտնի է դարձել Սադըգովի կալանավորման լուրը, վրացի մի քանի լրագրող բողոքի ցույց է անցկացրել Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ՝ Սադըգովի կնոջ և երկու երեխաների հետ:
«Մենք մեզ ապահով չէինք զգում»
Նոզաձեն ասել է, որ Վրաստանի իշխանությունները Սադըգովի արտահանձնման դատավարությունը նշանակել են կիրակի՝ հավելելով, որ դատավարությունը կարող է «ձգձգվել մոտ երեք ամիս»։
2016-ին Սադըգովը դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման՝ ծանր հանցագործության մեղադրանքով, իսկ ավելի ուշ պատիժը կրճատվել էր մեկ տարով։ 2019-ին արդեն նա ձերբակալվել և դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ շորթման մեղադրանքով։ 2022-ի մայիսին նախագահական ներում շնորհելուց հետո պատժաչափը կրճատվել էր մինչև չորս տարի։
Հուլիսի վերջին Սադըգովը OC Media-ին ասել էր, որ Վրաստան տեղափոխվելու որոշում է կայացրել, քանի որ ինքն ու իր ընտանիքն ապահով չեն զգում Ադրբեջանում։ «Վրաստանում ապրելն ինձ համար հեշտ չէր, քանի որ այստեղ միաժամանակ ես զգում էի, որ ինչ-որ մեկը հետևում է ինձ, և շատ անգամ սպառնալից հաղորդագրություններ եմ ստացել»,- ասել է Սադըգովը։
Ադրբեջանի կառավարությունը 2023-ի նոյեմբերից ճնշում է անկախ լրատվամիջոցներին, որոնց առնվազն տասը լրագրող այժմ բանտում է, ինչը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և լրատվամիջոցները ճանաչվում են որպես քաղաքական հետապնդում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանցի շատ լրագրողներ նախընտրել են ապրել և աշխատել աքսորում՝ վախենալով հետապնդումներից սեփական երկրում: Այնուամենայնիվ, վաղուց է շեշտադրվում մտահոգությունը, թե որքանով են նրանք անվտանգ Վրաստանում:
Նման մտահոգությունները հատկապես սրվեցին, երբ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, որը բնակվում էր Թբիլիսիում, 2017-ին առևանգվեց (ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի իշխանությունների կողմից) և հանձնվեց Ադրբեջանին։