Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջոցառմանը մասնակիցների թվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին։

Զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Մեկնաբանել