Գերբեռնված բեռնատարները շարունակում են վնասել ճանապարհները․ ի՞նչ են առաջարկում ՏԿԵՆ-ից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Կառավարության 2022-ի հուլիսի 14-ին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվելու է ճանապարհային կշեռքների ժամանակակից համակարգ։

Ըստ Փաշինյանի՝ չնայած ճանապարհաշինության ոլորտում ընթացող ծավալուն աշխատանքներին, ճանապարհների որակի վրա հաճախ ազդում է սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ ինչ փուլում է ճանապարհային կշեռքների ժամանակակից համակարգին անցնելու վարչապետի խոստումը։

Ի՞նչ խնդիր են լուծում ճանապարհային կշեռքները

Ավտոճանապարհային կշռման կայանները հնարավորություն են տալիս վերահսկել բեռնատար մեքենաների քաշի համապատասխանությունը սահմանված չափանիշներին:

Սա կարևոր է, քանի որ գերբեռնված բեռնատարները կարող են հանգեցնել ճանապարհների և ենթակառուցվածքների վնասմանը և արագացված մաշվածությանը:

Հայաստանի պետական սահմանի բոլոր ցամաքային անցակետերում տեղադրված են բեռնային կշեռքներ՝ վեց դինամիկ և հինգ ստատիկ։ Անցակետերից բացի՝ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ շարժական ու երկու անշարժ էլեկտրոնային կշեռքների միջոցով իրականացնում է վերահսկողություն։
Բացի այդ, Հայաստանում չգրանցված բեռնատարները հարկ են վճարում Հայաստանի ճանապարհներից օգտվելու համար։ Վճարի չափը որոշվում է ըստ բեռնատարի թույլատրելի առավելագույն զանգվածի։ Փաստացի՝ ապօրինի գերբեռնվածությունը ոչ միայն վնասում է ճանապարհային ծածկույթը, այլև միջոց է հարկերից խուսափելու համար։

Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Հայաստանում գրանցված բեռնատարները դեռ հավելյալ հարկ չեն վճարում

Հայաստանում գրանցված բեռնատարները նույնպես նպաստում են ճանապարհների արագ մաշվածությանը, ինչպես արտասահմանյան բեռնատարները, բայց ներկայում հավելյալ հարկ չեն վճարում։

2022-ի հուլիսի 14-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը նշել էր, խնդիրն առավելապես վերաբերում է հանքարդյունաբերական ոլորտը սպասարկող ճանապարհներին։

«Հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»,- ասել էր Փաշինյանը:

Չնայած դրան, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնում են, որ մինչ օրս հանքերի մոտ առանձին վերահսկիչ կշեռքներ տեղադրված չեն։

ՏԿԵՆ-ի նոր հարկման համակարգի նախագիծը

Դեռ 2020-ին ՏԿԵՆ-ը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր 12 տոննան գերազանցող բոլոր, այդ թվում Հայաստանում գրանցված բեռնատար մեքենաներին անցած ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար հարկել 50 դրամ։

ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հուլիսի 2-ին հայտնել են, որ նախատեսվում է ստեղծել ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ։ Միաժամանակ առաջարկվում է ճանապարհային հարկը փոխարինել ճանապարհի ծածկույթին հասցվող վնասի փոխհատուցման ճանապարհային հարկով։

Նախարարությունից հստակեցնում են, որ օրենսդրական փաթեթը համաձայնեցման փուլում է և այն կարող է ընդունվել աշնանը։ Նախատեսվում է, որ ճանապարհներին կտեղադրվեն տեսախցիկներով վահանակներ։ Բեռնատարներն ընթացքի ժամանակ կշռվելու են, և տեսչական մարմինը ավտոմատ ստանալու է տեղեկատվություն խախտման վերաբերյալ։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ համակարգի ներդրման դեպքում կբացառվի գերբեռնված բեռնատարների երթևեկությունը։

Արձանագրված խախտումները և տուգանքների վիճակագրությունը

Թույլատրելի առավելագույն զանգվածը տարբեր բեռնատարների համար տարբեր է՝ կախված բեռնատարողունակության չափից և սռնիների քանակից։

Թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր ավելորդ տոննայի համար 200 հազար դրամի չափով։

Այսպիսով, ընթացող ծավալուն ճանապարհաշինությանը զուգահեռ, շարունակում է խնդրահարույց մնալ բեռնատարների գերբեռնվածության հետևանքով ճանապարհները վնասելու խնդիրը։ Նախարարությունից խոստանում են, որ աշնանն օրենքն ընդունվելու դեպքում խնդիրը կլուծվի։

Մեկնաբանել