Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղի հայերի և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցերը բոլորովին տարբեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
«Երբեմն այս համատեքստում (տեղահանված արցախցիների վերադարձի – խմբ․) բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք բոլորովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է: Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,- ասել է Կլաարը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության հարցին, ԵՄ ներկայացուցիչը նշել է․ «Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը: Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում ոգևորություն է առաջացել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում խաղաղության համաձայնագրի նախագծի ինտենսիվ փոխանակումների, ինչպես նաև հուլիսի 10-ին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հանդիպման կապակցությամբ։ «Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը»,- նկատել է Տոյվո Կլաարը։