Օրենսդրական բացեր և կարծրատիպեր. գենդերային ապատեղեկատվությունը Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, նկատվում է անձնական տվյալների օգտագործման վրա հիմնված գենդերային ապատեղեկատվության դեպքերի աճ: Այս երևույթը, ըստ մասնագետների, լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ ազդում է կյանքի տարբեր ոլորտների վրա` խորացնելով գոյություն ունեցող գենդերային կարծրատիպերն ու անհավասարությունը:

Ապատեղեկատվության տարածման ուղիները տարբեր են` սոցիալական ցանցերից մինչև լրատվամիջոցներ, իսկ դրանց ակտիվացման ալիքները, ըստ ոլորտի փորձագետների, համընկնում են Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական իրադարձությունների հետ: Այն է` թեման խիստ քաղաքականացված է և ունի արտաքին քաղաքական ենթատեքստ:

Գենդերային ապատեղեկատվության տարածման պատճառները

Մասնագետներն առանձնացնում են Հայաստանում գենդերային ապատեղեկատվության տարածման մի քանի հիմնական պատճառներ.

  1. Մշակութային կարծրատիպեր. հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերի մասին ավանդական պատկերացումները պարարտ հող են ստեղծում կեղծ տեղեկատվության տարածման համար:
  2. Թվային անգրագիտություն. բնակչության թվային գրագիտության ոչ բավարար մակարդակը դժվարացնում է առցանց տիրույթում ապատեղեկատվության ճանաչումը:
  3. Քաղաքական շարժառիթներ. որոշ քաղաքական ուժեր օգտագործում են գենդերային ապատեղեկատվությունը՝ հասարակական կարծիքը մանիպուլացնելու և ընդդիմախոսներին վարկաբեկելու համար:
  4. Տնտեսական շահեր. գենդերային ապատեղեկատվության վրա հիմնված սենսացիոն լուրերը գրավում են ուշադրություն և եկամուտ են ապահովում որոշակի մեդիա հարթակների համար:

Տարածման մեխանիզմները

Հայաստանում գենդերային ապատեղեկատվությունը տարածվում է տարբեր ուղիներով, առավել հաճախ` սոցիալական ցանցերով:

Հակագենդերային ապատեղեկատվություն տարածելու համար, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիտոսյանի, կիրառվում է Facebook-ը և Tiktok-ը: «Այդ երկու հարթակներն են, քանի որ նախ շատ մարդ է օգտվում դրանցից` կրթական տարբեր աստիճաններով: Երկրորդը, այդ երկու հարթակներն են, որ միտված են ներքին սոցիալական քննարկումներին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ հաղորդագրությունների հավելվածները, ինպիսիք են WhatsApp-ը և Telegram-ը, ոչ այնդքան հաճախ, սակայն ևս օգտագործվում են չստուգված լուրեր և կեղծ նորություններ փոխանցելու համար:

Որպես կանոն սուր քննարկումների համ տեղեկատվական հարձակումների թիրախում հայտնվում են կոնկրետ դեպքերը, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կամ այն գործչի՝ կոնտեքստից կտրած հայտարարությունները:

«Առավել մեծ ազդեցություն ունի վիզուալ բովանդակությունը, երբ օրինակ` ինչ-որ մեկի ուղիղ եթերի ժամանակ ասված խոսքերը, որ կտրում ու տարածում են` ուղեկցելով այն ատելության խոսքով ու մեկնաբանություններով: Կամ ուղիղ եթերների միջոցով բլոգերների որևէ խումբ սկսում է քննարկել այդ խոսքերը` թիրախավորելով կոնկրետ անձի` լինի իրավապաշտպան, թե քաղաքական գործիչ, անձնական կյանքը»,- նշում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ապատեղեկատվության տարածումը զուտ թիրախավորումից կամ խտրականացումից բացի ունի նաև մեկ այլ նպատակ` դառնալ հայտնի, հավաքել լսարան: «Հատկապես Tiktok-ի լայվ-բաթլներն են նման հնարավորություն տալիս: Այսինքն` սրա հետևում կանգնած է հստակ շահ` դառնալ հայտնի, հավաքել լսարան, լինել ազդեցիկ»,- նշում է նա:

Գենդերային կարծրատիպերի խորացմանն ուղղված չստուգված հայտարարություններ հրապարակվում են նաև որոշ անբարեխիղճ ավանդական լրատվամիջոցներում:

Բամբասանքի գործոնը

Հայաստանում դեռևս գործոն է նաև բամբասանքը, որի միջոցով հատկապես գենդերային հիմքով ապատեղեկատվություն է տարածվում փոքր համայնքներում:

Դրան նաև նպաստում են տեղական և կենտրոնական իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, որն ըստ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի` հստակ ուրվագծվեց 2022-ին Պեմզաշեն գյուղում 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների՝ 12-ամյա որդու և 8-ամյա աղջկա առանձնակի դաժանությամբ կատարված սպանության գործում:

Նախ Քննչական կոմիտեն բարձրաձայնեց գործով կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա բնակչի հոգեկան խնդիրների մասին: Ավելին` ներկայացրեց այդ խնդիրը որպես հաստատված փաստ, այն էլ մինչ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Հետո տեղեկատվություն տարածվեց կնոջ անձնական կյանքի մասին, որը, ըստ Գասպարյանի, թշնամությունը գյուղում լարեց այն աստիճանի, որ ոստիկանությունը ստիպված հսկում էր հանցագործություն կատարած անձի տունը:

«Նախ բարձրաձայնվեց սպանության մեջ կասկածվողի հոգեկան խնդիրների մասին, որն անձնական տվյալ է, չի կարելի հրապարակել: Այնուհետև, նաև բամբասանքների մակարդակում տարածվում էր սպանված կնոջ մասին անձնական բնույթի տեղակատվություն: Այսինքն` խախտվեցին մի փունջ իրավունքներ»,- ասաց Գասպարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Գենդերային հիմքում ապատեղեկատվության արշավների թիրախում են հայտնվում կին քաղաքական գործիչները, որոնց նկատմամբ տեղեկատվական արշավներն ակտիվանում են հատկապես ընտրական շրջափուլերի ժամանակ:

Բացի այդ, ապատեղակատվական արշավների ակտվացման ևս մեկ օրինաչափություն են ընդգծում մասնագետները, որը կապված է արտաքին քաղաքական իրադարձությունների հետ:

«Ապատեղեկատվության արշավներն ունենում են քաղաքական ենթատեքստ: Օրինակ, դրանք հատկապես ակտիվացան, երբ վճռվում էր Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխության խնդիրը 2013-ին, երբ երկիրը փաստացի ընտրություն էր կատարում Եվրամիության և այն ժամանակվա Մաքսային միության միջև (որը հետագայում վերածվեց Եվրասիական տնտեսական միության)»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը` նկատելով, որ նման տեղեկատվական արշավ սկսվեց նաև 2018-ի թավշյա հեղոփոխությունից հետո:

Նկարագրելով տվյալ ապատեղեկատվական արշավների բնույթը և փոխկապակցվածությունը արտաքին քաղաքական խնդիրների հետ` Հովհաննիսյանը նշում է, որ դրանք կառավարվում են «մեկ կենտրոնից»:

«Դրանք ուղղորդվում էին ռուսական քարոզչական կենտրոններից: Գործածում էին նույն խոսույթ` հակադրելով մարդու իրավունքները, ազատությունը և ինքնությունը ընտանեկան, քրիստոնեական արժեքներին»,- նշում է Հովհաննիսյանը` հավելելով, որ նույն համատեքստում էր տարվում պայքար նաև ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Դատելով Հովհաննիսյանի տրամաբանությունից, որ հակագենդերային քարոզչությունը սովորաբար ուժեղանում է, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ են սպասվում, առաջիկայում կրկին ականատես կլինենք հակագենդերային քարոզչության աճի: Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի ղեկավարությունը փորձում է հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքի հետ` բացահայտ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին:

«Այժմ դեռևս չի սաստկացել այդ քարոզչությունը, քանի որ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխության հետ կապված որոշումներ դեռևս չկան»,- ենթադրում է Զառա Հովհաննիսյանը:

ԼԳԲՏ համայնքը` ապատեղեկատվության թիրախում

Ապատեղեկատվական արշավների թիրախում են հայտնվում նաև սեռական փոքրամասնությունները, հատկապես նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղբող ԼԳԲՏ ակտիվիստները:

2019-ին Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում լայն արձագանք և բուռն քննարկումներ առաջացրեց: Որպես տրանսգենդեր ակտիվիստ, նրա ներկայությունը խորհրդարանում շատերի համար աննախադեպ էր և հակասական: Ելույթը բորբոքեց քաղաքական կրքեր՝ առաջ բերելով քննարկումներ ԼԳԲՏ իրավունքների, ավանդական արժեքների և հասարակության մեջ փոքրամասնությունների տեղի վերաբերյալ: Այս դեպքը դարձավ կարևոր հանգրվան Հայաստանում գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հարցերի շուրջ հանրային դիսկուրսի համար:

Այդ ժամանակաշրջանում ԼԳԲՏ ակտիվիստները Հայաստանում տարբեր կերպ թիրախավորվեցին: Սոցիալական մեդիայում նրանք հաճախ դառնում էին ատելության խոսքի և սպառնալիքների թիրախ: Որոշ քաղաքական գործիչներ և պահպանողական խմբեր հրապարակայնորեն քննադատում և պախարակում էին նրանց գործունեությունը:

Կարիերայի սահմանափակումից` տնտեսական վնաս

Գենդերային ապատեղեկատվությունը խորը և բազմակողմանի ազդեցություն է թողնում հայ հասարակության վրա: Այն նպաստում է գենդերային անհավասարության խորացմանը՝ ամրապնդելով գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները: Արդյունքում դժվարանում է գենդերային հավասարությանը հասնելու գործընթացը:

Ապատեղեկատվությունը նաև հանգեցնում է քաղաքական անտարբերության, հատկապես կանանց շրջանում, որոնք հաճախ խուսափում են քաղաքական ակտիվությունից՝ վախենալով դառնալ տեղեկատվական հարձակումների թիրախ: Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում քաղաքական դաշտի բազմազանության և հավասարակշռության վրա:

Գենդերային ապատեղեկատվության զոհերը հաճախ բախվում են լուրջ հոգեբանական խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը: Այս հոգեբանական հետևանքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ անհատների կյանքի որակի և հասարակական ակտիվության վրա:

Տնտեսական տեսանկյունից ապատեղեկատվությունը նույնպես զգալի վնաս է հասցնում: Հեղինակության վնասը կարող է բացասաբար անդրադառնալ զոհերի կարիերայի և տնտեսական վիճակի վրա: Ավելին, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների, որոնք հրապարակվել են դեռևս 2016-ին, կանանց աշխատանքի սահմանափակումները տարեկան մոտ 50-60 մլն դոլարի ՀՆԱ-ի կորուստ են առաջացնում Հայաստանի համար:

Սա ցույց է տալիս, որ գենդերային խտրականությունը և ապատեղեկատվությունը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիրներ են:

Թեմայի մասին հենց այս` տնտեսական կտրվածքով բազմիցս խոսել են նաև Հայաստանի իշխանությունները: Կանանց հանրային, տնտեսական ակտիվացումը խթանելը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության կարևորագույն խնդիրներից է, որովհետեւ կանայք «մեր բնակչության մեծամասնությունն են և առանց նրանց գործուն աջակցության շատ դժվար կլինի հաղթահարել երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները»:

Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականով, եթե Հայաստանը շարունակի ներկա տեմպերով պայքարել կանանց իրավունքների հավասարության համար, ապա լիարժեք հավասարության կհասնի միայն 2133-ին:

Հակազդման ուղիները

Գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարը Հայաստանում պահանջում է համակողմանի մոտեցում, որը կներառի օրենսդրական, կրթական և հասարակական ոլորտները: Սակայն ներկայիս օրենսդրական դաշտը դեռևս թերի է:

2013-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, ըստ փորձագետ Զառա Հովհաննիսյանի, դեկլարատիվ բնույթ ունի՝ չպարունակելով պատժի մեխանիզմներ դրույթների խախտման համար: Օրինակ, աշխատանքային հարաբերություններում գենդերային խտրականության դեպքում գործատուի պատասխանատվության հստակ մեխանիզմներ նախատեսված չեն:

2017-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքում նույնպես գենդերային շեշտադրումը թույլ է: Այն դիտարկում է ընտանիքի ավելի լայն հասկացություն՝ ներառելով հայրը, մայրը, եղբայրը, երեխաները և այլն:

Հայաստանը դեռևս չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, որը պարունակում է ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներ: Բացի այդ, երկրում բացակայում է հակախտրականության օրենսդրությունը, որը կսահմաներ գենդերային բռնության և խտրականության դեպքերում դատական պաշտպանության մեխանիզմներ:

Հովհաննիսյանը նշում է, որ նման օրենսդրության ընդունումը Հայաստանի պարտավորությունն է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում: Սա կարևոր է, որպեսզի մարդիկ պաշտպանված լինեն գենդերային հիմքով խտրականությունից և դրա պատճառով չհեռանան երկրից:

Կրթական ոլորտում առանցքային է մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասընթացների ներդրումը դպրոցներում և համալսարաններում: Այս միջոցառումները կօգնեն երիտասարդներին զարգացնել անհրաժեշտ հմտություններ՝ տեղեկատվությունը վերլուծելու և դրա հավաստիությունը ստուգելու համար, նշում են մեդիա ոլորտի փորձագետները:

Տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր դեր է խաղում ապատեղեկատվության դեմ պայքարում: Սոցիալական հարթակների հետ փոխգործակցությունը կարող է հանգեցնել ապատեղեկատվության բացահայտման և արգելափակման արդյունավետ մեխանիզմների մշակմանը:

Անկախ լրատվամիջոցների աջակցությունը և որակյալ լրագրության զարգացումը կարող են էական ներդրում ունենալ կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում: Հասարակական արշավները նույնպես կարևոր են՝ բարձրացնելու իրազեկվածությունը գենդերային ապատեղեկատվության խնդրի մասին:

Մասնագետները փաստում են` անձնական տվյալների հիման վրա գենդերային ապատեղեկատվության խնդիրը պահանջում է համապարփակ մոտեցում և տևական աշխատանք: Միայն պետության, քաղաքացիական հասարակության և անհատների համատեղ ջանքերով է հնարավոր ստեղծել այնպիսի տեղեկատվական միջավայր, որը զերծ կլինի խտրականությունից և մանիպուլյացիաներից:

Սա կապահովի հավասար հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց գենդերային պատկանելությունից:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել