Գլխավոր Լրահոս

Թենիսի նոր կորտեր Երևանում. խոստման հետքերով

Թենիսի նոր կորտեր Երևանում. խոստման հետքերով

Լիլիթ Շահվերդյան, Հայկ Հովհաննիսյան

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը 2024-ի հունվարի 30-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը նախատեսում է կառուցել հանրությանը հասանելի թենիսի տասը նոր կորտ։

«Համայնքային միջոցներով [..] ևս տասը կորտ ընթացիկ տարում արդեն նախագծում ենք, տեղերը փնտրում ենք, մի քանի վարչական շրջաններում արդեն կոնկրետ գիտենք, թե որտեղ ենք [կառուցելու]»,- ասել էր Հովհաննիսյանը։

Ավելի քան կես տարի է անցել, և #CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչ առաջընթաց կա այս հարցում:

Ի՞նչ է նախատեսում և խոստանում Երևանի քաղաքապետարանը

Երևանի տարբեր վարչական շրջաններում թենիսի նոր կորտերի կառուցման թեման տարեսկզբին առաջ եկավ, երբ քաղաքային իշխանությունները հանրայնացրեցին Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցում իրականացնելու իրենց որոշումը։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի նախագծով առաջարկվում է հանրային գերակա շահ ճանաչել Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող մի շարք օբյեկտներ և շինություններ, այդ թվում՝ «Արարատ» թենիսի ակումբի վեց կորտերի տարածքը և այնտեղ վերակառուցում իրականացնել։

Օղակաձև այգու 4-րդ հատվածում քանդման ենթակա շինություններն ու կորտերը։

Քաղաքապետարանի որոշումն, այնուամենայնիվ, միանշանակ չընդունվեց։ Թենիսի սիրահարները և ակումբի մարզիչները մտահոգված էին ստեղծված իրավիճակով։ Միաժամանակ բարձրացվում էր գործընթացի թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի թեման։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի հունվարի 8-ի նիստին հայտարարել էր, որ նախատեսվում է այս տարի սկսել Օղակաձև այգու վերակառուցման աշխատանքները և հորդորել էր արագացնել նախագծի մշակումը։ Սակայն օրեր անց Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մինչ վերակառուցման աշխատանքների մեկնարկը այլ տեղում պետք է կառուցվեն ակումբի նոր կորտեր։

««Արարատ» ակումբին անպայմանորեն տրամադրվելու է համապատասխան տարածք վերակառուցելու համար, և այդ ակումբն անպայմանորեն շարունակելու է գործել։ Մենք դա ապահովելու ենք»,- ասել էր Ավինյանը և հստակեցրել, որ մինչ այգում քանդման աշխատանքները պետք է այլ վայրերում նոր կորտեր կառուցվեն։

Քաղաքապետարանը կորտերի հարցը դեռ քննարկում է

Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարչական շրջանների աշխատակազմերում դեռ ընթանում են քննարկումներ թենիսի կորտերի նախագծման և տեղակայման ուղղությամբ:

Ըստ պաշտոնական պատասխանի՝ «Որոշ վարչական շրջանների աշխատակազմեր արդեն ներկայացրել են հստակ հասցեներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության ու բարեկարգման վարչությանը, իսկ քննարկումները դեռ շարունակվում են»:

Քաղաքապետարանը չի մանրամասնել, թե Երևանի որ հատվածներում է նախատեսվում նոր կորտերի կառուցումը, ինչպես նաև քննարկումների ավարտի և կառուցման մեկնարկի ժամկետները։

Թեև խոստումը տրվել է դեռ տարեսկզբին, առայժմ շոշափելի առաջընթաց չկա նոր թենիսի կորտերի կառուցման հարցում: Քաղաքապետարանը շարունակում է քննարկումները, սակայն կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռ չեն հրապարակվել:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում