Հայաստանի արտաքին առևտուրը. որ երկրներն են առաջատարները

2024-ի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրի ծավալը կրկնապատկվել է` հասնելով 18,4 միլիարդ դոլարի: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, երեք երկրներ՝ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը, առանձնանում են որպես Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներ:

Այս եռյակը ձևավորում է Հայաստանի միջազգային առևտրի գերակշիռ մասը՝ ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 73%-ը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի հետ առևտրի ծավալներով: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,5 անգամ, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է 8,4 միլիարդ դոլար:

Ընդ որում, Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,1%-ով՝ 1,78 միլիարդ դոլարից հասնելով 1,4 միլիարդ դոլարի։ Ռուսաստանից ներմուծումը, մինչդեռ, աճել է 4,8 անգամ՝ հասնելով մոտ 7 միլիարդ դոլարի: Հաշվետու ժամանակաշրջանում աճել է նաև ՌԴ-ի տեսակարար կշիռը արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ նախորդ տարվա 35,8%-ից հասնելով 45,4%-ի:

Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄԷ-ն, որի հետ առևտրաշրջանառությունը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 7,5 անգամ՝ հասնելով շուրջ 3,7 միլիարդ դոլարի: Առևտրի այսպիսի թռիչքը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, բացատրվում է հայկական արտահանման կտրուկ աճով:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հունիսին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանն Էմիրություններ է արտահանել 3,66 միլիարդ դոլարի ապրանքներ, մինչդեռ ներմուծումը կազմել է ընդամենը 26 միլիոն դոլար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում կտրուկ աճել է նաև ԱՄԷ-ի տեսակարար կշիռը՝ նախորդ տարվա 5,5%-ից հասնելով 20,1%-ի:

Հայաստանի հետ առևտրի ծավալներով երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը՝ 1,4 միլիարդ դոլար արդյունքով: 2024-ի առաջին կիսամյակում այս երկրի հետ առևտուրն աճել է 41,9%-ով: Ընդ որում, կտրուկ աճել է Հայաստանից Չինաստան ապրանքների արտահանումը՝ 3,4 անգամ՝ հասնելով 714,3 միլիոն դոլարի։ Ներմուծումը նվազել է 11,7%-ով՝ հասնելով 693 միլիոն դոլարի:

Ուշագրավ է, որ չնայած Չինաստանի հետ առևտրի նկատելի աճին, նրա բաժինը Հայաստանի արտաքին առևտրում առաջին կիսամյակում նվազել է նախորդ տարվա 11%-ից մինչև 7,6%՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին: Սա տեղի է ունեցել Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր առաջանցիկ աճի տեմպերի հաշվին:

Եվրոպական միությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, 2024-ի հունվար-հունիսին զբաղեցրել է չորրորդ տեղը այս ցանկում: ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 23,7%-ով՝ հասնելով 1 միլիարդ դոլարի և կազմելով արտաքին առևտրի ընդամենը 5,7%-ը, մինչդեռ նախորդ տարի այս ցուցանիշը 15,4% էր:

Հաշվետու ժամանակաշրջանում Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է 25,1%-ով՝ հասնելով 281,7 միլիոն դոլարի: 23,1%-ով նվազել են Եվրոպական միության երկրներից ներմուծման ծավալները: Այսպիսով, 2024-ի առաջին կիսամյակում Հայաստանը ԵՄ-ից ներմուծել է 776,9 միլիոն դոլարի ապրանքներ:

Մեկնաբանել