Հնդկաստանը կգործարկի ատոմակայան, որը որպես վառելիք օգտագործելու է ոչ թե ուրան, այլ պլուտոնիում։ Պլուտոնիումը ուրանով աշխատող ատոմային էլեկտրակայանի թափոնն է, որը դրվում է արտադրության վերականգնողական շրջափուլի մեջ։ Հնդկաստանը ծրագրում է նաև նոր ստեղծվող ռեակտորում օգտագործել թորիում։ Թորիումը ատոմաային էներգետիկայում օգտագործվող նյութ է, որն ի տարբերություն ուրանի սահմանափակ պաշարների, ավելի շատ կա աշխարհում և հատկապես Հնդկաստանում։
Հնդկաստանի ատոմային էներգիայի ծրագիրը հատել է մեծ ջրբաժան. երկրի ամենազարգացած և ամենաբարդ միջուկային ռեակտորը` արագ նեյտրոնների վրա վերարտադրող ռեակտորի պրոտոտիպը (Prototype Fast Breeder Reactor, PFBR), որը տեղակայված է Թամիլ Նադու նահանգի Կալպակամ քաղաքում, վերջապես ստացել է Հնդկաստանի ատոմային էներգիայի կարգավորող խորհրդի հավանությունը, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաընկերության կայքը։
«Դա կարևոր հանգրվան է Հնդկաստանի ատոմային էներգիայի ծրագրի համար»,- ասել է խորհրդի նախագահ Դինեշ Կումար Շուկլան՝ ընդգծելով, որ PFBR-ը մեծապես անվտանգ ռեակտոր է:
Սա նշանակում է, որ Կալպակամի ատոմակայանը որպես միջուկային վառելիք օգտագործելու է պլուտոնիում և, որ ավելի կարևոր է, առաջին քայլերն է ձեռնարկելու թորիումը որպես ատոմային էներգիայի աղբյուր օգտագործելու համար:
Աշխարհում թորիումի պաշարները գրեթե երեք անգամ ավելի են, քան ուրանինը։ Հնդկաստանը թորիումի մեծ պաշարներ ունի, մինչդեռ ուրանի պաշարները սահմանափակ են աշխարհում։ Բնական պլուտոնիում գոյություն չունի։ Այն առաջանում է ատոմակայանների աշխատանքի արդյունքում՝ որպես թափոն։ Այդ իսկ պատճառով Հնդկաստանը զարգացնում է թորիումի՝ որպես ատոմային վառելիք օգտագործելու բարդ տեխնոլոգիան: Փորձագետները նշում են, որ եթե Հնդկաստանին հաջողվի թորիումը որպես վառելիք օգտագործել, դա մեծապես կնպաստի երկրի էներգետիկ անկախությանը, և երկրի պաշարները կբավականացնեն մոտ երեք դար:
Արագ նեյտրոնների վրա վերարտադրող ռեակտորը (Fast Breeder Reactor)
յուրահատուկ տեխնոլոգիա է։ Այն ավելի շատ արտադրում, քան սպառում է վառելիք, այդ իսկ պատճառով շատերն այդ ռեակտորները համարում են էներգիայի հարատև աղբյուր: Այս ռեակտորների համար «արագ» անվանումը գալիս է բարձր էներգիայով օժտված արագ նեյտրոնների օգտագործումից: Հնդկաստանի Կալպակամ քաղաքում արդեն 39 տարի է, ինչ գործում է արագ նեյտրոնների վրա ֆունկցիոնալ ռեակտորի պրոտոտիպը:
Հնդկաստանի ատոմային էներգիայի կարգավորող խորհուրդը հայտարարել է, որ իր թույլտվությունը քայլ է արագ նեյտրոնների վրա վերարտադրող պրոտոտիպ ռեակտորի գործարկման ուղղությամբ։ «500 Մվտ հզորությամբ նատրիումով հովացվող արագ նեյտրոնային պրոտոտիպ ռեակտորը, որը Կալպակամում շահագործման է դրվում BHAVINI ընկերության [Հնդկաստանի ատոմային էներգետիկայի նախագծերով զբաղվող պետական ընկերություն – խմբ․] կողմից, անկյունադարձային է երկրի միջուկային ծրագրի համար»,- հայտարարել է խորհուրդը։
Հնդկաստանի ատոմային էներգիայի կարգավորող խորհուրդը հայտարարել է, որ իրականացրել է այս տեխնոլոգիայի գործարկման անվտանգության լայնածավալ և բազմաշերտ գնահատում։ Ըստ կարգավորող մարմնի՝ անվտանգության գնահատումներն իրականացրել են մշտական և այցելու թիմերն իրենց պարբերական ստուգումներով և դիտարկումներով, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, առաջիկա ամիսներին ռեակտորը կգործարկվի։
2003-ին Հնդկաստանի կառավարությունը հիմնադրեց Bhartiya Nabhikiya Vidyut Nigam (BHAVINI) ընկերությունը, որը պետք է կառուցեր և շահագործեր Հնդկաստանի ամենաառաջադեմ՝ 500 Մվտ հզորությամբ նատրիումով հովացվող արագ նեյտրոնային PFBR ռեակտորը։ Ըստ BHAVINI-ի՝ «ռեակտոր վառելիքի բեռնման, առաջին կրիտիկականության, ինչպես նաև ցածր էներգիայի ֆիզիկական թույլտվությունը այն ստացել է միանգամից»:
[Առաջին կրիտիկականությունը սկզբնական այն կետն է, երբ ռեակտորը հասնում է միջուկային` ինքնապահպանվող շղթայական ռեակցիայի:
Ցածր հզորությամբ ֆիզիկական փորձերը ցածր հզորության փորձարկումներն են, որոնք ապահովում են ռեակտորի ֆիզիկական և ակնկալվող անվտանգային չափորոշիչների համապատասխանությունը]:
Արագ նեյտրոնների վրա վերարտադրող ռեակտորում (PFBR) վառելիքի բեռնման սկիզբը նշանավորում է Հնդկաստանի մուտքը ատոմային էներգիայի ծրագրի երկրորդ փուլ: Այստեղ օգտագործվում է Հնդկաստանի գործող ռեակտորների սպառած վառելիքը։ Ի դեպ, «արագ» եզրն արագ կառուցման մասին չէ, այլ այն մասին, որ դրանում օգտագործում են «արագ նեյտրոններ» որպես տրոհման ռեակցիայի մաս: Որպես վառելիք այս ռեակտորն օգտագործում է տեխնածին պլուտոնիում։
PFBR-ը ստեղծվել է վերջին 20 տարիների ընթացքում և լինելով իր տեսակի մեջ առաջին ռեակտորը, ուշացումներն սպասելի էին, քանի որ նման բարդ տեխնոլոգիայի կիրառման միջազգային լայն փորձ չկա, և այն պետք է գործարկվեր տեղում: BHAVINI-ն գնահատել է, որ ծրագիրն արժեցել է 68 մլրդ ռուպի (813 մլն ԱՄՆ դոլար), և տարիների ընթացքում ծախսերի գերակատարում է տեղի ունեցել նախնական գնահատված 56,77 մլրդ ռուպիից (675 մլն ԱՄՆ դոլար):
NDTV-ն նշում է, որ «ինքնաբավ Հնդկաստանի» (Aatmanirbhar Bharat) տեսլականին համահունչ՝ այս ռեակտորն ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է Հնդկաստանում, ծրագրին էական ներգրավվածություն է ունեցել ավելի քան 200 տեղական ընկերություններ, այդ թվում՝ ՓՄՁ-ներ։ Հնդկաստանը կլինի Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը, որը PFBR ռեակտոր կգործարկի առևտրային նպատակով։
Այս փուլում որպես օժանդակ նյութ նախատեսվում է նաև Thorium-232-ի օգտագործումը, որն ինքնին տրոհվող նյութ չէ: Տրանսմուտացիայի միջոցով թորիումը կստեղծի տրոհվող Uranium-233, որը երրորդ փուլում կօգտագործվի որպես վառելիք։ Այսպիսով, արագ նեյտրոնների վրա վերարտադրող ռեակտորը (FBR) ծրագրի երրորդ փուլի մեկնարկային կետն է, որը լիարժեք հնարավորություն կտա օգտագործելու Հնդկաստանի՝ թորիումի հարուստ պաշարները։
2024-ի մարտի 4-ին վարչապետ Նարենդրա Մոդին անձամբ մասնակցեց PFBR ռեակտորի «վառելիքով բեռնմանը», և այդ ժամանակից ի վեր ծրագրի գործունեությունը արագացել է: Հնդկաստանի ատոմային էներգիայի դեպարտամենտը նշում է, որ անվտանգության առումով PFBR-ը երրորդ սերնդի առաջադեմ ռեակտոր է, որն ունի պասիվ անվտանգության առանձնահատկություններ, որոնք ապահովում են կայանի արագ և անվտանգ ապագործարկումը արտակարգ իրավիճակների դեպքում: Քանի որ արագ նեյտրոնների վրա վերարտադրող ռեակտորն սպառում է էներգաարտադրության առաջին փուլում օգտագործված վառելիք՝ այն մեծ առավելություն է տալիս նաև միջուկային թափոնների էական կրճատման առումով՝ խուսափելով դրա երկրաբանական չեզոքացման համար մեծ օբյեկտների անհրաժեշտությունից:
Հնդկաստանի ատոմային էներգիայի դեպարտամենտը շեշտում է, որ չնայած առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը՝ թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ արտադրված մեկ միավոր էլեկտրաէներգիայի առումով ծախսերը համադրելի են այլ՝ սովորական ատոմակայանների ծախսերին։
Հնդկաստանի միջուկային էներգիայի ծրագրի աճը հրամայական է թե՛ էներգետիկ անվտանգության, թե՛ կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով: NDTV-ի հոդվածում նշվում է, որ Հնդկաստանը հավատարիմ է միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառման ընդլայնմանը ինչպես էներգետիկ, այնպես էլ ոչ էներգետիկ ոլորտներում, որը կապահովի միջուկային և ճառագայթային նյութերի անվտանգությունը: Նշվում է, որ երբ ծրագիրը դրվի ռեսլերի վրա, Հնդկաստանը շարունակելու է կառուցել նմանատիպ ռեակտորներ Կալպակամ քաղաքում։