Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է բերվի բանակցային օրակարգ, Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը։
Նա նշում է, որ որպես Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար վերջին ամիսներին հանդիպումներ է ունեցել միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օսկանյանը վստահեցնում է՝ կուլիսային մեծ աջակցություն կա արցախահայության վարդարձի հարցին․ «Ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախահայության հավաքական վերադարձի հարցի շուրջ։ Եթե այս հարցը Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, այնտեղ կլինի միջազգային հանրության աջակցությունը»։
Վարդան Օսկանյանը վկայակոչել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավորություն ունի արցախահայության վերադարձի հարցին անդրադառնալու․ «Նա խոսում է Եվրամիության անունից և ասում է Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու։ Նա ասում է՝ իրար հետ բացարձակ կապ չունեն արցախահայության վերադարձի և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիրները»։
«Միանշանակ, այս հարցից տեղյակ մարդկանց կողմից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ։ Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել։ Եթե Ադրբեջանին թվում է, թե ռազմական ճանապարհով լուծել է Արցախի հարցը, չարաչար սխալվում է։ Արցախի հարցը դեռևս լուծված չէ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու արցախահայության հարցը դեռևս չի լուծվել։ Մնում է այս հարցը բերել օրակարգ»,- նշել է նախկին արտգործնախարարը։
Վարդան Օսկանյանի կարծիքով՝ արցախահայությունը, հայ ժողովուրդը նման ճակատագրի է արժանացել Հայաստանի այսօրվա իշխանությունների սխալների պատճառով․ «Եկեք թույլ չտանք նրանց, որ այդ սխալները շարունակեն, կամ այդ սխալներն արդարացնելու համար ուղղակի այս հարցը մոռացության տան։ Կրկնում եմ՝ այսօր իրական հնարավորություն կա միջազգային երաշխիքներով արցախահայության բոլոր իրավունքները վերականգնելու հարցում։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են այս հարցը օրակարգ բերել»։