Սիբիրախտի թաքնված շրջանը 3-4 օր է. գլխավոր վարակաբան

Սիբիրյան խոցը կոչվում է նաև մսագործի հիվանդություն, քանի որ վարակն անցնում է հիմնականում հում մսի հետ շփվելիս. «Արմնյուզ» հեռուստատեսության «Մանրամասներ» հաղորդման տաղավարում նշեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Մսագործները վարակվում են, եթե ձեռքերի վրա վերք են ունենում, իսկ փոքրիկ վերքեր, քերծվածքներ միշտ էլ լինում են,- նշեց նա:- Հիվանդության թաքնված շրջանը 1-5 օր է, միջինը՝ 3-4 օր: Լինում են նաև փորացավեր, սրտխառնոց, սակայն վերջնական ախտորոշումը տրվում է միայն լաբորատոր փորձաքննության արդյունքում»:

Ըստ մասնագետի՝ մսագործները միանշանակ կարող են տարբերել հիվանդ կենդանուն առողջից. «Միսմորթի ժամանակ անհնար է, որ չտարբերեն: Սիբիրյան խոցով հիվանդ կենդանու փայծախը բավական մեծացած է լինում, և արյունը գործնականում ուղղակի չի մակարդվում»,- նշեց նա:

Ասոյանը նաև նշեց, որ ՀՀ-ում կենդանիները պարտադիր պետք է պատվաստված լինեն սիբիրյան խոցի դեմ, և եթե մենք տեսնում ենք նման դեպքեր, ուրեմն այս օղակում աշխատանքը պատշաճ չի կատարվել, և առավել խիստ վերահսկողության կարիք կա:

Վարակաբանը հիշեցրեց, որ հարուցիչն անմիջապես վերանում է հարյուր աստիճան ջերմության դեպքում, դրա համար էլ մսագործը, ում ձեռքերը վարակվում են նույն մսից, եթե եփում է միսը, և ուտում են ողջ ընտանիքով, ոչ ոք չի վարակվում:

«Սիրելի քաղաքացիներ, երբեք մի գնեք միսն այնտեղից, որտեղ վստահ չեք, որ դա փորձաքննությունն անցած է: Եթե մեքենայով բերում են, ձեր բակում, ձեզ թվում է՝ էժան, վաճառում են, իմացեք, որ դրա համար, կարող է, շատ թանկ վճարեք»,- կոչ արեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 մարդ: Առողջապահության նախարարության գնահատմամաբ՝ նրանց վիճակը կայուն է՝ դրական տեղաշարժով: