Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ընթացիկ տարվա կիսամյակային տվյալները, որոնք վկայում են բնակչության թվի, մահերի աճի և ծնելիության կրճատման մասին:
2024-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը հասել է 3,057 միլիոնի, որը 112 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
1,973 մլն մարդ բնակվում է քաղաքներում։ Ընդ որում, քաղաքային բնակչության կեսից ավելին՝ 1,134 մլն-ը, կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում: Գյուղական բնակավայրերում բնակվում է 1,084 մլն մարդ:
Բնակչության ընդհանուր աճի ֆոնին, սակայն, նկատվում է ծնելիության անկում: 2024-ի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 15 671 երեխա՝ 7,7%-ով պակաս, քան 2023-ի նույն ժամանակահատվածում: Ավելին, ծնելիության այս անկումը գրանցվում է ընթացիկ տարվա սկզբից:
Մահացության ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում աճել է։ 2024-ի հունվար-հունիս ամիսներին երկրում մահացել է 13 211 մարդ՝ 5,9%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդյունքում բնակչության բնական աճը կազմել է ընդամենը 2,460 մարդ, որը 45,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Չնայած ծնելիության անկմանը և մահացության աճին` Հայաստանի բնակչության ավելացման բացատրություններից մեկը կարող է լինել արցախցիների զանգվածային ներհոսքը, որը տեղի ունեցավ 2024-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով: