Հայկ Հովհաննիսյան, Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck
Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին: Իսպանական Satlantis ընկերության՝ Հայաստանի համար ստեղծած արբանյակը ուղերծիր դուրս բերեց SpaceX ընկերության Falcon-9 հրթիռը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազդարարելով արբանյակի արձակումը, հայտարարեց, թե արբանյակի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ստեղծել:
Ըստ վարչապետի՝ կառավարման կենտրոնի միջոցով արբանյակից ստացված «տիեզերա-լուսանկարները» Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության և մի շարք այլ կարևոր ոլորտներում։
Խոստումներ, մանիպուլյացիա և կրկին խոստումներ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը 2022-ի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում պատգամավորներին վստահեցրել էր, թե արբանյակի կառավարման կենտրոնը պատրաստ կլինի մինչև 2022-ի տարեվերջ: Մեկ ամիս անց նույնը խոստացել էր նաև ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Այնուամենայնիվ, չնայած վարչապետի, ԲՏԱ նախարարի և նրա տեղակալի՝ մինչև 2022-ի տարեվերջ արբանյակի կառավարման կենտրոն գործարկելու խոստումներին, այն խոստացված ժամկետում այդպես էլ չգործարկվեց։ Կառավարման կենտրոնը շահագործմանը «պատրաստ լինելու» մասին հայտարարվեց 2023-ի հունիսին։
Իշխանությունը 2022-ին և դրանից հետո պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե արբանյակն արդեն իսկ օգտակար տեղեկություններ է փոխանցում։
Այսպես, 2022-ի հուլիսին իշխող քաղաքական ուժին պատկանող Civic.am-ը Ադրբեջանում գտնվող ռազմական օդանավակայանի արբանյակային լուսանկար էր հրապարակել՝ պնդելով, թե այն հայկական արբանյակն է արել։ Այնինչ #CivilNetCheck-ը պարզել էր, որ լուսանկարը պարզապես վերցված է Google Earth ծրագրից։
Դեռ 2023-ի ապրիլին ԲՏԱ նախարարությունը խոստացել էր «առաջիկայում» արբանյակից ստացված որոշ լուսանկարներ հրապարակել, սակայն արդեն 2024-ի մարտին հայտարարեց, թե դրանք կհրապարակվեն կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Ավելի վաղ՝ դեռ 2022-ին, ԲՏԱ նախարարությունը #CivilNetCheck-ին տրամադրել էր, իրենց վստահեցմամբ, «Արմսաթ-1» արբանյակի արած լուսանկարները, սակայն մշակված և ցածր որակի։
Սակայն մինչ օրս կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը տեղի չի ունեցել և հայկական արբանյակից խոստացված «տիեզերա-լուսանկարները» չեն հանրայնացվել։
ԲՏԱ նախարարությունը կրկին հետաձգում է արբանյակի կառավարման կենտրոնի բացումը
Պարզվում է՝ արբանյակի արձակումից ավելի քան երկու տարի անց արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը կրկին հետաձգվում է։ Այս մասին տեղեկանում ենք #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ԲՏԱ նախարարության տրամադրած պատասխանից։
Նախարարությունից նշում են, որ ընդունիչ կայանի կառուցման ու գործարկման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ պաշտոնական բացման մասին «կտեղեկացվի առաջիկայում»։