Չեխիան բանաձև է ընդունել Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ

Չեխիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին հատուկ բանաձև է ընդունել` դատապարտելով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը:

Հանձնաժողովի թիվ 266 բանաձևում, որի հեղինակը չեխ խորհրդարանական Յարոմիր Շտետինան (Jaromír Štětina) է, մասնավորաբար ասված է. «Չեխիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը իր խոր մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որին Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար»:

Հանձնաժողովի անդամների համոզմամբ` այս որոշումը խորհրդանշական քայլ է, որը «կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, որը խոչընդոտում է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին և վտանգում տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը»:

Մեկնաբանել