Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի հովանավորությամբ ստեղծվել է «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամ, հաղորդում է Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթը։
ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի նախաձեռնությամբ Հուլիսի 30-ին հիմնադրվել է «Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) բարեկամներ» (Friends of YSU) բարեգործական հիմնադրամը, որ նպատակ ունի զանազան միջոցներով աջակցել ԵՊՀ կրթական ու գիտական ծրագրերին և այդ կերպ նաև՝ Հայաստանի զարգացմանը։
Հիմնադրամի ստեղծումը որոշակի նախապատմություն ունի, գաղափարն ի հայտ գալուց հետո ամիսներ շարունակ տեղի են ունեցել առցանց ժողովներ՝ մշակելու աշխատանքային սկզբունքները, որոնց մասնակցել են Յովնան արք. Տէրտէրեանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ։ Նախապատրաստական ընթացքից հետո հուլիսի 29-ին Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Friends of YSU-ի պաշտոնական հիմնադրումը։
Հաստատվել է հիմնադրամի խնամակալ մարմինը, որի կազմում են Յովնան արք. Տէրտէրեանը, Արմեն Բայբուրդյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Միքայել Հովհաննիսյանը և այլք։ Հոգաբարձուների խորհրդի մշտական անդամներն են Յովնան արք. Տէրտէրեանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Միքայել Հովհաննիսյանը։
Հուլիսի 30-ին Արևմտյան թեմի առաջնորդարանում հիմնադիր հավաքին մասնակցել են Թեմի անվանի անձինք, այդ թվում՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Արևմտյան թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարդան Նազիրեանը, մեծ թվով հովանավորներ, կրթության ոլորտի մասնագետներ։
Առաջնորդ սրբազանը ներկայացրել է առաքելության նպատակը՝ հիմնադրամի հաստատումով ամրացնելու ԵՊՀ-ի հիմքը և քաջալերելու նորահաս սերնդի ժամանակակից կրթությանը։