Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Ներքին Հանդ։ Այցի մասին տեղեկությունը հրապարակված է առաքելության X-ի էջում։
«Նախօրեին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու համար մարդասիրական և անվտանգության իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասված է գրառման մեջ։
Նշվում է, որ առաքելության ղեկավարը և դիտորդները հանդիպել են Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։
Yesterday, EUMA carried out a successful patrol to Nerkin Hand in southern Armenia to assess the humanitarian and security situation by the AM/AZ border. Head of Mission and the EUMA team met with Mayor Khachatur Baghdasaryan, who warmly welcomed us to the village.🇦🇲🇪🇺 pic.twitter.com/z3T75gQPUn
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 8, 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը փետրվարի 21-ին կայացած ասուլիսին հայտարարել էր, որ Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Նա նշել էր, որ Ներքին Հանդը միակ հատվածն է, որն արգելափակված էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից։
Մայիսի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել էին Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, ինչպես նաև որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, այդ թվում՝ Ներքին Հանդից։