Կանանց հարցերով խորհուրդ․ հինգ տարի անց մարմնի գործունեության մասին քիչ բան է հայտնի

Լիա Ավագյան

2019-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Կանանց հարցերով խորհուրդ։ Նշվում էր, որ խորհուրդը ստեղծվում է երկրում կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի մշակման և ռազմավարական ծրագրերի իրակա­նաց­մանը մասնակցելու նպատակով: Խորհուրդը կազմված է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարներից։ Կանանց հարցերով խորհուրդը մինչ օրս փոխվարչապետների մակարդակով երեք նախագահ է ունեցել՝ Տիգրան Ավինյանը, Համբարձում Մաթևոսյանը և ներկայում՝ Տիգրան Խաչատրյանը։ Խորհրդի ստեղծումից հինգ տարի անց դրա գործունեության մասին քիչ բան է հայտնի։

Խորհրդի գործունեությունը

Կանանց հարցերով խորհուրդը տարին մեկ անգամ է նիստ գումարում։ Մինչ օրս տեղի է ունեցել խորհրդի չորս նիստ՝ 2019-ի դեկտեմբերի 10-ին, 2021-ի մարտի 19-ին, 2022-ի հոկտեմբերի 28-ին և 2024-ի մայիսի 22-ին։ 2023-ի նիստը տեղի չի ունեցել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ պատճառը 2023-ի սեպտեմբերին Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն էր, դրանից առաջացած օրակարգային ավելի առաջնային խնդիրները։

Վերջին նիստն այս տարվա մայիսի 22-ին է եղել։ Օրակարգում՝ Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 23-րդ հատուկ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերի իրականացման վերաբերյալ ՀՀ զեկույցի նախագիծը և ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարական ծրագիրը։

Խորհուրդը պասիվ է

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը, որն ընդգրկված է խորհրդում, կարծում է, որ այս մարմինը վերջին տարիներին իր աշխատանքներում բավական պասիվ է եղել․ «Նախավերջին նիստը եղել է 2022-ին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, քննարկվել են մի շարք հարցեր։ Օրինակ՝ մենք բարձրացրել էինք աշխատավայրում սեռական ոտնձգությունների խնդիրը, այլ կազմակերպություններ, այլ հարցեր էին քննարկել»։

Խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ըստ կարգի՝ խորհրդի նախագահը կարող է այլ անձի լիազորել վարելու նիստը։

Նվարդ Փիլիպոսյանը սա բացասական է որակում․ «Իհարկե, նախագահը իրավունք ունի լիազորել այլ անձի, բայց իրականում տրամաբանությունն այն է, որ հենց փոխվարչապետին կից տեղի ունենան նիստերը, որովհետև փոխնախարարի մակարդակով հանդիպումներ բավականին շատ են լինում, և մենք իրար հետ կապը կարողանում ենք պահել նաև այլ հարթակներում և այլ միջոցներով։ Սակայն հենց փոխվարչապետի հետ հանդիպելն ու խնդիրներ բարձրաձայնելն ավելի դժվար է, ու խորհրդի նպատակը նաև դա էր, որ քննարկումը լինի բարձր մակարդակով»։

Փիլիպոսյանը նշում է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում ընդամենը երկու նիստ է եղել, այսինքն՝ սահմանված ընթացակարգը չի պահպանվում․ «Նույնիսկ ընթացակարգերի պահպանման առումով խնդիր կա։ Էլ չասեմ, որ որևէ առաջընթացի հասնելու կամ արդյունքների մասին դժվար է խոսել տարին կամ երկու տարին մեկ հանդիպելով և ինչ-որ բան քննարկելով»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունով պայմանավորված է, որ փոխվարչապետը դա հանձնարարել է փոխնախարարին։

«Խորհուրդը հիմնականում խորհրդատվական մարմին է, ու որոշումները զուտ խորհրդատվական բնույթի են և եղած ոլորտային մասնագետները, ներկայացուցիչները քննարկում և կարծիքներ են հնչեցնում՝ հընթացս մշակվող քաղաքականության ուղղութունների, խնդիրների, բացերի ու նաև առաջնահերթություների և կարևոր ձեռքբերումների մասով»,- նշում է Բոստանչյանը։

Աշխատանքային խումբ

Կանանց հարցերով խորհրդին կից գործում է նաև աշխատանքային խումբ, որը, ըստ Բոստանչյանի, ավելի հաճախ է նիստեր գումարում՝ տարին երեք-չորս անգամ։

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը, թեև 2019-ից էր խորհրդում ընդգրկված, սակայն նիստերի մասնակցության հրավեր չէր ստացել, միայն վերջին նիստին է հրավիրվել․ «Ինձ պարզաբանեցին, որ հնարավոր է՝ տեխնիկական խնդիրների պատճառով չեմ ծանուցվել, իսկ խորհրդի աշխատանքը չեմ կարող գնահատել, քանի որ իմ առաջին մասնակցությունը նիստին եղել է մայիսի 22-ին»,- ասում է Մայիլյանը։

Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Օքսեջեն» հիմնադրամը ևս ներգրավված է խորհրդում։ Հիմնադրամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը դրական է գնահատում խորհրդի գործունեությունը․

«Արդյունավետ է, եթե պահպանվի։ Տարբեր գործոնների պատճառով խորհուրդը 2022-ից դադարել է աշխատել, բայց այն արդյունավետ է նրանով, որ ապահովում է լայն մասնակցություն տարբեր շահգրգիռ կողմերի, հասարակական սեկտորի, պետական գերատեսչությունների և հատկապես ռազամվարական կարևոր փաստաթղթերի մշակման գործըթացի ժամանակ տարբեր միջազագային փաստաթղթերում մասնակցություն ունենալու առումով։ Իհարկե արդյունավետ է։ Կուզեի, որ այդ պարբերականությունը պահպանվեր, ես դա կառաջարկեի»,- ասում է Հակոբյանը։

Խորհրդի բյուջեն

Խորհրդի անդամները կամավորության սկզբունքով են անդամակցում։ Ըստ Սոֆի Բոստանչյանի՝ հատկացված ֆիքսված բյուջե չկա, ծախսեր էլ, հիմնականում, չեն լինում։ Վերջին՝ մայիսի նիստն անցկացվել է Երևանի «Բեսթ Վեսթերն» հյուրանոցում, ծախսերը, ըստ Բոստանչյանի, հոգացել են միջազգային գործընկերները։

***

Կանանց հարցերով խորհուրդը խորհրդատվական մարմին է, որի որոշումները խորհրդատվական բնույթի են։ Այնուամենայնիվ, այս խորհրդի խորհուրդների ու կոնկրետ առաջարկությունների մասին համացանցում տեղեկատվություն հասանելի չէ։

Մեկնաբանել