Մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից․ Զախարովա

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու ձգտում, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ։ Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան. մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կհաղթահարեն բոլոր փորձությունները, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- նշել է Զախարովան։

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հուլիսի 30-ին հայտարարել էր՝ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից: ՌԴ-ն երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո: […] Եվ այն [անվտանգության ապահովումը] ձախողվեց, երբ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել էր Օ’Բրայենը։

Մեկնաբանել