Ֆինանսական խարդախություն՝ ներդրումային հարթակի անվան տակ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում պնդվում է, թե Meta ընկերությունը և դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստեղծել են ֆինանսական հարթակ, որը հնարավորություն է տալիս հեշտ հարստանալ:

Գովազդային գրառումները Meta-ի հարթակներում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, միաժամանակ տարածվում են բազմաթիվ կասկածելի էջերի միջոցով, որոնք կա՛մ դատարկ են, կա՛մ ունեն անհամապատասխան բովանդակություն։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք կեղծ են և նպատակ ունեն մարդկանց ներգրավել ֆինանսական խարդախության մեջ:

Ի՞նչ է խոստանում կեղծ գովազդը

Գովազդային գրառումների տեսանյութերից մեկում ներկայացվում է, թե Meta ընկերությունը ստեղծել է արհեստական բանականությամբ գործող նորարարական ծրագիր, որն օգտատերերին իբր թույլ է տալիս հեշտությամբ օրական 500 եվրո վաստակել։

Էկրանապատկերը՝ Meta-ի անունից հանդես եկող կեղծ կայքից։

Meta-ի պաշտոնական հարթակ ներկայացող կասկածելի կայքերից մեկն առաջարկում է անցնել ձևական հարցում և լրացնել անձնական տվյալներ, որի ավարտին «նվիրում են» անվճար հասանելիություն ներդրումային հարթակին։

Էկրանապատկերը՝ Meta-ի անունից հանդես եկող կեղծ կայքից։

Արագ և առանց մեծ ջանքերի գումար վաստակելու հնարավորություն խոստացող կայքը դիմավորում է ռուսալեզու տեսանյութով, որում ներկայացվում է հարթակը և խոստացվում, թե հարթակում ներդրված գումարը մեկ օրում առնվազն կրկնապատկվելու է։

Էկրանապատկերը՝ Meta-ի անունից հանդես եկող կեղծ կայքից։

Սակայն կեղծ ներդրումային հարթակի կայքը որևէ ինքնուրույն գործողություն անելու հնարավորություն չի տալիս: Կայքում գրված է, թե գումար վաստակել սկսելու համար պետք է սպասել «աջակցման ծառայության մասնագետների զանգին»։Meta-ի անունից գովազդվող ներդրումային մեկ այլ կեղծ հարթակի կայք նույնպես արագ շահույթ է խոստանում, և առաջարկում ընդամենը 200 եվրո ներդրման դիմաց ձեռք բերել մեծ կորպորացիաների՝ Google-ի, Apple-ի, Amazon-ի, Facebook-ի և Tesla-ի բաժնետոմսեր:

Այս կայքում ևս գրանցվելուց հետո պետք է սպասել «անձնական մենեջերի» զանգին։

Meta-ի անունից հանդես եկող այս «ներդրումային հարթակները», որտեղ իբր ոչինչ չանելով կարելի է գումար վաստակել, իրականում կեղծ են:

Կեղծ ներդրումային հարթակները կապ չունեն Meta-ի հետ

Կայքի դոմեյնների գրանցման տվյալները ցույց են տալիս, որ դրանք ստեղծվել են ամիսներ առաջ՝ 2024-ի փետրվարին և հունիսին, իսկ սեփականատերերի մասին տեղեկատվությունը անհասանելի է։ Կայքերում ևս այդ տեղեկատվությունը չկա։

Մարկ Ցուկերբերգի հիմնադրած Meta-ն (նախկինում՝ Facebook) ներկայում չունի որևէ ներդրումային հարթակի կամ կրիպտոարժույթի ծրագիր։ Ընկերությունը նախկինում իրոք հայտարարել էր Libra կոչվող ֆինանսական հարթակի գործարկման մասին, սակայն նախագիծը ձախողվել է և անգամ չի գործարկվել։

Meta-ին և դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգին վերագրվող բոլոր ներդրումային հարթակները կեղծ են։ Դրանք ստեղծված են զեղծարարների կողմից և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ նրանց գումարները կորզելու համար։

#CivilNetCheck-ը վերջերս անդրադարձել էր նմանատիպ կեղծիքի, որտեղ հայտնի հայ մարդկանց անունից գովազդվում էր ֆինանսական ներդրումների հարթակ, որը, ինչպես պարզվեց, պարզապես խարդախության գործիք է։

Տես՝ «Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ»

Մեկ այլ դեպքում օգտագործվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնի կրկնօրինակմամբ ստեղծված կեղծ տեսանյութ (դիփֆեյք)՝ Meta-ի հետ իբր համատեղ ներդրումային հարթակ ստեղծելու մասին:

Զեղծարարները՝ «ֆինանսական խորհրդատուի» դիմակի տակ

Կայքերում կոնտակտային տվյալներ լրացնելուց հետո զանգեր ստացանք Հայաստանում և Ռուսաստանում գրանցված հեռախոսահամարներից: Զանգահարողները երկու դեպքում ռուսախոս էին և ներկայացան որպես հարթակի ֆինանսական խորհրդատու։

Նրանք պնդում էին, թե հարթակն աշխատում է արհեստական բանականությամբ՝ ապահովելով անռիսկ և արագ եկամուտ: Մանրամասն հարցերից հետո զեղծարարներն անջատեցին հեռախոսը և անհասանելի դարձան:

Այսպիսով, Meta-ի և Մարկ Ցուկերբերգի անունից տարածվող ֆինանսական հարթակի գովազդները կեղծ են: Կասկածելի այս առաջարկները նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց և ներգրավել նրանց ֆինանսական խարդախության մեջ:

Մեկնաբանել