Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հուլիսի 18-ին մամուլում արտահոսք եղավ ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ) ուղղված նամակի վերաբերյալ։ Նամակում նշվում էր, թե Ռուսաստանն արգելք է դրել հայկական մի շարք ընկերությունների պտուղ-բանջարեղենի ներմուծման վրա, քանի որ դրանցում թունաքիմիկատների քանակը գերազանցել է թույլատրելի սահմանը։
Հաջորդ օրը՝ հուլիսի 19-ին, ՍԱՏՄ-ն արձագանքեց մամուլում տարածվող լուրերին՝ հաստատելով, որ արգելքը դրվել է հայկական 16 արտահանող ընկերությունների վրա։
#CivilNetCheck-ը փորձել է պարզել՝ ինչ քայլեր է ձեռնարկել տեսչական մարմինը և արդյոք ՌԴ-ում արգելված արտադրանքը սպառվել է Հայաստանում։
Ե՞րբ է ՍԱՏՄ-ն ստացել զգուշացնող գրությունը
զգուշացնող առաջին գրությունն ուղարկել է դեռ 2024-ի հունիսի 5-ին՝ ՍԱՏՄ-ին խնդրելով իրականացնել նշված դեպքերի պաշտոնական հետաքննություն։ Սակայն հայկական կողմից արձագանք չստանալով՝ ՌԴ-ն մեկ ամիս անց՝ հուլիսի 4-ին, որոշել է արգելել հայկական մի շարք ընկերություններից ապրանքների ներմուծումը։
ՍԱՏՄ-ից, սակայն, հակադարձում են՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը առաջին գրությունն իրենց ուղարկել է դիվանագիտական խողովակներով, որը ստացվել է ավելի ուշ՝ հունիսի 20-ին։ Պարզվում է՝ թույլատրվածից ավել թունաքիմիկատներ հայտնաբերվել են 2023-ի բերքում՝ խնձորի և խաղողի արտահանվող մի քանի խմբաքանակներում։ Այս մասին ՍԱՏՄ-ն հայտնել է #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան։
Տեսչական մարմինը վստահեցնում է, որ պատասխան գրությամբ ռուս գործընկերներին տեղեկացրել է ուսումնասիրությունների մեկնարկի մասին, սակայն չեն հստակեցնում, թե երբ են ուղարկել պատասխան նամակը։ Թե ինչու է ՀՀ և ՌԴ տեսչական մարմինների միջև նամակագրությունը տեղի ունենում դիվանագիտական խողովակներով, չի մանրամասնվում։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՌԴ-ի արգելքի տակ հայտնված է 16 արտահանողներից 9-ը քաղաքացիներ են, 1-ը՝ անհատ ձեռնարկատեր և 6-ը՝ ՍՊԸ-ներ։ Հետագայում ընկերություններից մեկի նկատմամբ արգելքը հանվել է։
Տեսչականից նաև հավելում են, որ ներկայում դեռ ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու՝ այդ ընկերությունները որ տնտեսություններից, երբ և ինչ քանակությամբ են ապրանք հավաքել։
Արգելքի տակ ընկած արտահանողների գործունեությունը Հայաստանում կասեցված չէ
Ռուսաստան ներմուծման արգելքի տակ հայտնված ընկերությունների արտադրանքն արգելված չէ Հայաստանում։ Տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե արդյոք այդ տնտեսությունների բերքը սպառվել է նաև Հայաստանում, թե դրանք միայն արտահանվել են։
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ այդ ընկերությունների սպառումը Հայաստանում արգելված չէ, քանի որ խոսքը 2023-ի բերքի մասին է։ Արտահանողներից միայն երեքն են արտադրող, ինչն ավելի է բարդացնում խնդիրը, քանի որ ՍԱՏՄ-ն պետք է հասկանա, թե ումից են արտահանողները ձեռք բերել այդ բերքը։
Առհասարակ, տեսչական մարմինը այս ոլորտի վերահսկողությունն իրականացնում է մոնիթորինգի միջոցով, ինչպես նաև ստացվող բողոքների հիման վրա։
Պարզվում է՝ վերջին անգամ թունաքիմիկատների մնացորդային քանակների հայտնաբերման մոնիթորինգային ծրագիր Հայաստանում իրականացվել է 2021-ին։ Այսինքն՝ վերջին երեք տարում արտադրանքներում թունաքիմիկատներ չեն էլ փորձել հայտնաբերել։
Կառավարության 2024-ի հուլիսի 25-ի որոշմամբ՝ նախատեսվում է յուրաքանչյուր տարի շարունակական մոնիթորինգ իրականացնել՝ վերահսկելու բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայությունը։
Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել թունաքիմիկատների գերակշռումը
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ թունաքիմիկատների գերակշռումը սպառողի համար կարող է տարբեր հետևանքներ ունենալ՝ ընդհուպ կարող է ազդել վերարտադրողականության վրա։
Ըստ Պիպոյանի՝ 2021-ին 2019-ի նկատմամբ գրանցվել է հայտնաբերված թունաքիմիկատների քանակի զգալի աճ։
«2019-ին հայտնաբերվել է թույլատրելի սահմանաչափը գերազանցող 10 թունաքիմիկատ, իսկ 2021-ին այդ թիվը հասել է 34-ի»,- նշում է Պիպոյանը և հավելում, որ չնայած անհանգստացնող այս միտումին՝ հետագա տարիներին նման հետազոտություններ չեն իրականացվել։
Այսպիսով, հայտնի չէ՝ հայկական շուկայում սպառվել է արդյոք ՌԴ-ում արգելված թունաքիմիկատների քանակը գերազանցող տնտեսվարողների պտուղ-բանջարեղենը։ ՍԱՏՄ-ն դեռ պարզում է, թե ընկերությունները որտեղից են գնել ապրանքները։ Այդ ընկերությունների արտադրանքը փաստացի արգելված չէ Հայաստանում։