ԱՄՆ-ի օգնության կասեցումից տուժել է Վրաստանի Սահմանադրական դատարանը և Լուգարի ​​լաբորատորիան

Լուգարի ​​լաբորատորիան (վերևում) և Վրաստանի սահմանադրական դատարանը (ներքևում):

OC Media

Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին ֆինանսական օգնության դադարեցումը ազդել է Սահմանադրական դատարանի և հիվանդությունների հետազոտական ​​կենտրոնի վրա։

Հուլիսի վերջին ԱՄՆ-ը դադարեցրեց Վրաստանին հատկացվող 95 մլն դոլարի ֆինանսական օգնությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի «հակաժողովրդավարական գործողությունները» և Արևմուտքի մասին «կեղծ հայտարարությունները»։

Երեքշաբթի Վրաստանի Սահմանադրական դատարանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԱՄՆ-ը «ժամանակավորապես ձեռնպահ է մնացել» ֆինանսավորել իր ամենամյա ամառային դպրոցի նախագիծը, որին աջակցում է Եվրոպական խորուհրդը և USAID-ն:

«Մտավարի Արխի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիայի» անդամ և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին ասել է, որ Վրաստանին օգնությունը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը «սպասելի էր»:

«Երբ «Վրացական երազանքն» [Վրաստանի իշխող կուսակցությունը] ընդունեց ռուսական այս օրենքը [օտարերկրյա գործակալների մասին օրենքը] և սկսեց իր հակաարևմտյան հռետորաբանությունը, բացասական արձագանքներ եղան, և դրանցից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը կվերանայի պետական ​​նախագծերի ֆինանսավորումը,- ասել է նա։- Կարծես դրա հետևանքն է սա [ամառային դպրոցի ֆինանսավորման կասեցումը]»։

Հաղորդվում է, որ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներքո գործող Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնը նույնպես տուժել է ԱՄՆ օգնության կրճատումից:

Երեքշաբթի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, սակայն, լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ օգնության կրճատումները փակում են Լուգարի կենտրոնի բյուջեի միայն շուրջ 2 մլն լարիի (740,000 դոլար) չափով, և կազդեն միայն մի քանի հետազոտական ​​նախագծերի և վերապատրաստման ծրագրերի վրա:

Սարջվելաձեն հույս է հայտնել, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները կվերադառնան իրենց «նորմալ ռիթմին»՝ ափսոսանք հայտնելով Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մի մասը դադարեցնելու ԱՄՆ որոշման համար։

«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին մեղադրել է ԱՄՆ-ին լաբորատորիան փակելու ռուսական կոչերին տրվելու մեջ:

«Ռուսաստանը մշտապես պահանջում էր փակել Լուգարի ​​լաբորատորիան, և ես չգիտեմ, թե ինչու է ԱՄՆ-ը հետևում Ռուսաստանի խոսույթներին»,- ասել է նա՝ նկատի ունենալով դավադրության տեսությունները և ՌԴ պաշտոնյաների ու լրատվամիջոցների մեղադրանքները, թե լաբորատորիան ներգրավված է եղել կենսաբանական զենքի մշակման գործում։

«Եթե Լուգարի ​​լաբորատորիայում հետազոտական որևէ ​​նախագիծ դադարեցվի, դա, անշուշտ, վատ կլինի, բայց ոչ ոք չի կարող ինձ տրամաբանական որևէ կապ նշել թափանցիկության և Լուգարի ​​լաբորատորիայի միջև»,- ասել է նա՝ նկատի ունենալով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ուղղված քննադատությունը, որի պաշտոնական անվանումն է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք։

Անցյալ ամիս ԱՄՆ-ի կողմից 95 մլն դոլարի օգնության դադարեցումը արևմտյան վերջին հարվածն էր Վրաստանի կառավարությանը՝ նրա աճող հակաարևմտյան և հակաժողովրդավարական ​​շրջադարձի պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանի «հակաժողովրդավարական գործողությունները» և Արևմուտքի մասին «կեղծ պնդումները […] անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին»։

Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերը ճնշելու և Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու գործում նրանց դերի, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները չեղարկելու, ինչպես նաև ԵՄ ֆինանսական օգնությունն առկախելու համար։

Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ արտաքին օգնությունը չի կարող լինել «ճնշման գործիք», քանի որ արտաքին դրամաշնորհները Վրաստանի տարեկան 11 մլրդ դոլար բյուջեի «կես տոկոսն էլ չեն կազմում»:

«Այն, ինչ մենք կարծում էինք, թե անշահախնդիր աջակցություն է, պարզվեց, որ գործիք է սեփական քաղաքականության իրականացման համար, և այն պահին, երբ նրանց ինչ-որ բան դուր չեկավ վրաց ժողովրդի որոշումներում, այդ գործիքը ծառայեց որպես ճնշման մեխանիզմ,- ասել է նա։- Ընկերությունն ու օգնությունն այդպես չեն աշխատում»:

«[Երբ] Առողջապահության նախարարության բյուջեն կազմում է մինչև 8 մլրդ լարի (3 մլրդ դոլար), 2 մլն լարիի (740,000 դոլար) մասին խոսելը ճիշտ մոտեցում չէ: Վրաստան պետությունը գործում է բյուջեով, որը լցվում է վրաց ժողովրդի կողմից».

«Մենք միշտ ողջունում ենք նրանց, ովքեր ցանկանում են մաս կազմել զարգացման տարբեր նախաձեռնությունների […]։ Ճիշտ մոտեցում չէ, երբ դա դառնում է վրաց ժողովրդի դեմ շանտաժի գործիք»։

Մեկնաբանել