Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանի կառավարությունը հավանություն է տվել Սոյուդլու գյուղի մոտ գտնվող ոսկու հանքավայրի թթվային թափոնների հեռացման նպատակով ստեղծված պոչամբարի ընդլայնման ծրագրին։ Գյուղը շարունակում է մնալ արգելափակման մեջ այն բանից հետո, երբ անցյալ տարի այնտեղ ոստիկանությունը ցրել էր բողոքի ցույցերը։
Երկրորդ պոչամբարի շինարարությունը դադարեցվել էր 2023-ին, իսկ հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցվել էին, երբ համացանցում տարածվեցին տեսագրություններ, որում երևում էին բախումներ ոստիկանների և տեղի բնակիչների, այդ թվում՝ տարեց կանանց միջև, որոնք բողոքում էին այդ նախագծի դեմ:
Երկուշաբթի բրիտանական Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական ընկերությունն Ադրբեջանի կառավարության կողմից թույլտվություն է ստացել ընդլայնելու առկա պոչամբարը։
Anglo Asian Mining-ին է պատկանում Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական ընկերության 49%-ը, իսկ 51%-ը պատկանում է Ադրբեջանի կառավարությանը:
Anglo Asian Mining-ի գործադիր տնօրեն Ռեզա Վազիրին ասել է, որ ընկերությունն ուրախ է վերջապես թույլտվություն ստանալու համար, և որ շինարարական աշխատանքները կսկսվեն անմիջապես: Նա հավելել է, որ ընկերությունն ակնկալում է «ամբողջական արտադրությունը վերսկսել մոտ մեկ շաբաթից»։
«Սա նշանավորում է մեկ տարվա խափանումների ավարտը, և մենք անհամբեր սպասում ենք արտադրության կարգավորմանը»,- հավելել է նա:
Սոյուդլուն ավելի քան մեկ տարի է, ինչ մնում է ոստիկանական շրջափակման մեջ, և ոստիկանությունն է վերահսկում, թե ով կարող է և ով չի կարող մտնել գյուղ: Դրանից առաջ ոստիկաններն արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ էին կիրառել տեղի ավելի քան հարյուր բնակիչների ցրելու համար, որոնք բողոքում էին հանքի շահագործման դեմ: Միջադեպից հետո մի քանի լրագրողներ և գյուղի մի քանի բնակիչներ ձերբակալվել են և տուգանվել։
Սոյուդլուն գտնվում է Բաքվից 340 կմ արևմուտք՝ Գեդաբեկի շրջանում։
Գեդաբեկի շրջանի բնակիչներից մեկը, որի անունը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով, OC Media-ին ասել է, որ ոստիկանության հետ բախումից մեկ տարի անց գյուղում դեռ պահպանվում է վախի միջավայրը:
«Մինչ այժմ մարդիկ շշնջում են միմյանց հետ, երբ խոսում են ցիանիդային պոչամբարի և անցյալ տարվա բողոքի ակցիայի մասին, բայց հիմնականում նրանք փորձում են լռել»,- OC Media-ին ասել է աղբյուրը։
«Գյուղը դեռ ապրում է ոստիկանական շրջափակման մեջ։ Մի քանի մուտքերի և ելքերի մոտ ոստիկաններն անցակետեր են տեղադրել, ստուգում են այն մարդկանց, որոնք ցանկանում են գյուղ մտնել»,- հավելել է աղբյուրը։
«Հիշում եմ՝ այս տարի գյուղ մտնելուց 15 րոպե անց իմ հետևից եկել էր գյուղապետը և գյուղացիներից հետաքրքրվել ինձնով, թե «ո՞վ է այդ մարդը, ինչո՞ւ են եկել այստեղ»,- նշել է նա։