Ոչ պիտանի հավերը թաղվել են և «հարություն առել»․ ՊԵԿ-ը գործն ուղարկել է Քննչական կոմիտե

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թաղման եղանակով ոչնչացվել է օգտագործման համար ոչ պիտանի 13 500 կգ հավի միս։ Այնուհետև ընկերության ներկայացուցիչները, որոնց պատկանել է հավի միսը, հանել են թաղված ապրանքները և տեղափոխել ընկերության պահեստ։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

«ՊԵԿ աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 500 կգ հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա: Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։ Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են ընկերության տարածք։ Ընկերության պահեստային սառնարաններում հայտնաբերվել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել