Իրանը կողմ է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այդ մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանին։
«Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա արդյունքում երթևեկությունը մեծանում, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,- ասել է Սոբհանին։
Հայաստանն ու Ադրբեջանը օրերս հայտարարել են, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Նախ դրա մասին խոսեց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը՝ հավելելով, որ ««Զանգեզուրի միջանցքի» մասին կետի քննարկումը տեղափոխվել է ավելի ուշ փուլ»։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց խաղաղության համաձայնագրից ապաշրջափակման հոդվածը հանելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ «արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս, որը լավագույնս արտացոլվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում»։