Զեղծարարներն օգտագործում են Ռուբեն Վարդանյանի «դիփ-ֆեյքը» գումարներ կորզելու համար

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում է գովազդային տեսանյութ, որում Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանն իբր հայտնում է, թե քաղաքացիները կարող են դիմել իր ստեղծած իրավաբանական ընկերությանը՝ կեղծ բրոքերներից կամ ներդրումներում կորցրած գումարները վերադարձնելու համար:

#CivilNetCheck-ը պարզել է, որ տարածվող տեսանյութը կեղծ է, այն օգտագործում են զեղծարարները՝ մարդկանց մոլորեցնելու և գումարներ կորզելու նպատակով:

Կեղծ տեսանյութում հնչող պնդումները

Ռուբեն Վարդանյանի ձայնի կրկնօրինակմամբ տեսանյութում նրա անունից հնչում է պնդում, թե քաղաքացիները կարող են դիմել իր ընկերությանը՝ կեղծ բրոքերներից կամ ձախողված ներդրումներից կորցրած գումարները վերադարձնելու համար:

«Մենք արդեն օգնել ենք շատ մարդկանց վերադարձնելու իրենց գումարները և վերականգնելու ֆինանսական կայունությունը: Մենք հպարտ ենք մեր արդյունքներով և պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը ի շահ հասարակության»,- ռուսերենով ասում է Վարդանյանին նմանակող ձայնը:Տեսանյութը տարածվում է Meta-ի հարթակներում՝ Facebook-ում և Instagram-ում մի շարք կեղծ և դատարկ էջերի տեղադրած գովազդային գրառումների միջոցով:

Իրականում Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիների կորցրած գումարները վերադարձնող իրավաբանական ընկերություն չի հիմնել և կեղծված տեսանյութում հնչող հայտարարություններ չի արել:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Արցախի լիակատար բռնազավթումից հետո Վարդանյանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ և ներկայում Բաքվի բանտում է:

Տարածվող տեսանյութը կեղծված է արհեստական բանականության միջոցով

Կեղծված տեսանյութի ստեղծման համար օգտագործվել է Ռուբեն Վարդանյանի՝ 2023-ի հունվարին 23-ին բրիտանական BBC-ին տված հարցազրույցի տեսանյութը։

Ռուբեն Վարդանյանի «դիփ-ֆեյք» տեսանյութի՝ նրա ձայնի և խոսքի նմանակման համար կիրառվել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ: Արդյունքում՝ կեղծ տեսանյութի տեսողական և ձայնային բովանդակությունը իսկապես նման է Վարդանյանին և նրա ձայնին, ինչը կարող է մոլորեցնել մարդկանց:

Արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնի հայտնաբերման Elevenlabs.io-ի գործիքը վկայում է, որ Վարդանյանի ձայնը «պատճենվել է» իրենց ծառայության միջոցով։

Էկրանակադրը՝ elevenlabs.io կայքից

Սա շատ նման է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնի կրկնօրինակմամբ ստեղծված կեղծ տեսանյութին, որին #CivilNetCheck-ը վերջերս էր անդրադարձել։

Եթե Փաշինյանի մասնակցությամբ կեղծված տեսանյութում նա իբր հայտարարում էր ֆինանսական հարթակի ստեղծման մասին և հորդորում էր դրանում ներդրում կատարել, ապա Վարդանյանի դեպքում՝ խարդախներն արդեն հանդես են գալիս կորցված ներդրումները վերադարձնող իրավաբանների դերում:

Կեղծ իրավաբանների խարդախության սխեման

Տեսանյութում գովազդվող կայքում զոհի գրանցվելուց հետո զեղծարարները արտերկրյա և հայաստանյան գրանցմամբ հեռախոսահամարներից զանգահարում են զոհին և ներկայանում որպես իրավաբաններ։ Նրանք խոստանում են անվճար օգնել վերադարձնելու նախկինում կորցրած դրամական միջոցները:Առցանց գործող խարդախները թիրախավորում են արդեն իսկ գումար կորցրած մարդկանց՝ խոստանալով վերադարձնել նրանց ֆինանսները: Նրանք երկրորդ անգամ գումար են կորզում զոհերից՝ հաճախ վերադարձվող գումարի փոխանցման միջնորդավճարի կամ նմանատիպ այլ պատրվակներով:

#CivilNetCheck-ը առանձին հոդվածում մանրամասն ներկայացրել է խարդախների կիրառած խարդախության այդ սխեման:

Տես՝ «Ինչպես են զեղծարարները գումարներ կորզում՝ խոստանալով օգնել կեղծ ներդրումների զոհերին»

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի անունից տարածվող տեսանյութը կեղծ է և նպատակ ունի մոլորեցնել մարդկանց՝ նրանցից գումար կորզելու նպատակով:

Մեկնաբանել