Օգոստոսին 4-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց երկրում հունիսից սկսված բողոքի լայնատարած ցույցերի արդյունքում։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել պետական ծառայողների քվոտաների համակարգը․ Բանգլադեշի քաղաքացիական ծառայության համակարգը քվոտայով քաղաքացիական ծառայության աշխատատեղեր է առաջարկում որոշակի խմբերի անդամների, ինչպիսիք են Բանգլադեշի ազատագրության մարտիկների ժառանգները, կրոնական և էթնիկ փոքրամասնությունները, թերներկայացված շրջանները և հաշմանդամություն ունեցող խմբերը: Բանգլադեշում պետական հատվածում վարձատրությունն ավելի բարձր է, քան մասնավորում, ինչը պետական աշխատատեղերի պահանջարկ է ձևավորում երկրում: Հրաժարականից հետո Շեյխ Հասինան լքել է երկիրը և գնացել Հնդկաստան։ Բրիտանական The Asian Lite-ի հոդվածագիր Խալիդ Ռախմանը գրում է, որ Հասինայի հրաժարականի վրա ազդել են նաև արտաքին ուժերը։
Շեյխ Հասինան կարծես տեղյակ էր իր կառավարությունը տապալելու ավելի մեծ արտաքին դավադրության մասին: Բողոքի ցույցերի ժամանակ վնասվածք ստացած մարդկանց հուլիսի 27-ին հիվանդանոցում տեսակցության ժամանակ Հասինան պնդեց, որ Բանգլադեշի դեմ դավադրություն կա, որն ուղղված է երկրի քաղաքական կայունությանն ու տնտեսական առաջընթացին:
Բրիտանական կառավարությունը կոչ է արել ՄԱԿ-ի գլխավորությամբ հետաքննել Բանգլադեշում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնության միջադեպերը, որոնք հանգեցրել են վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականին ու փախուստին Հնդկաստան։ Հաղորդվում է, որ Հասինան ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Բանգլադեշում վերջին շաբաթների աննախադեպ բռնությունները և ողբերգական մարդկային կորուստները։ Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է տեսնել Բանգլադեշի ժողովրդավարական ապագային միտված գործողություններ:
Կա՞ որևէ միջազգային դավադրություն Բանգլադեշում ռեժիմի փոփոխության համար: Քաղաքական մեկնաբանները վերլուծում են աշխարհաքաղաքական շահերը, արտաքին քաղաքականության օրակարգերը և ներքին դինամիկան՝ որոշ թելեր պարզելու համար:
Օգոստոսի 4-ին Բանգլադեշի երկարամյա վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տվեց և փախավ երկրից։ Առկա տեղեկատվության հիման վրա՝ կարելի է պնդել, որ իրադարձությունների կտրուկ շրջադարձի հետևում կանգնած են օտար տարրեր: Մինչ հիմնական ընդդիմությունը՝ Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը՝ համագործակցելով իր իսլամական թունդ խմբավորումների հետ, ինչպիսիք են արգելված «Ջամաաթ-ի-իսլամ»-ին, բորբոքում էին ցույցերը և քաջալերում, որ շարժումը վերածվի բռնության, արդեն որոշակի ժամանակ ծրագրված ռեժիմի փոփոխության ողջ սցենարը իրականացավ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել էր Բանգլադեշը դարձնել ժողովրդավարության խթանման իր ջանքերի կիզակետը։ Բայդենի վարչակազմը վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես քննադատել է Հասինայի կառավարությանը` սպառնալով վիզային սահմանափակումների և պատժամիջոցների կիրառմամբ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասինայի օրոք Բանգլադեշի տնտեսական ձեռքբերումները միջազգային գովասանքի էին արժանանում, Բայդենի վարչակազմը Բանգլադեշին թույլ չտվեց մասնակցել 2021 և 2023 թվականների Ժողովրդավարության գագաթնաժողովներին, որոնց հրավիրվել էր Պակիստանը (բայց չէր մասնակցել):
Բանգլադեշի ազգայնական կուսակցության և «Ջամաաթ-ի-իսլամ»-ի ինտրիգը բորբոքեց կրակը
Տեղեկություններ կան, որ Պակիստանի հետախուզությունը ուսանողներին օգտագործում էր Հասինայի դեմ, որպեսզի պարտադրի նրա հրաժարականը: Նպատակը հակահնդկական կառավարություն ստեղծելն էր։ Ի սկզբանե պարզ էր, որ բողոքի ցույցերի ետևում Բանգլադեշի ազգայնական կուսակցության ու «Ջամաաթ-ի-իսլամ»-ի ինտրիգն էր:
Ցույցերի սկզբում Դաքայի ոստիկանությունը ակնարկել էր, որ «Իսլամի Չհաթրա Շիբիրը»՝ Պակիստանի աջակցությունը վայելող և անօրինական ճանաչված «Ջամաաթ-ի-իսլամ»-ի ուսանողական թևը, մեծ դեր է խաղացել բռնություն հրահրելու և ուսանողների բողոքի ցույցերը քաղաքական շարժման վերածելու գործում, ինչն ազդել է միլիոնավոր մարդկանց առօրյայի վրա: Բանգլադեշի ազգայնական կուսակցության գրասենյակից են հրահրել ու աջակցել քվոտաների բարեփոխման պահանջով ցույցերին։
Հնդկաստանի հետախուզական ծառայությունները տևական ժամանակ հետևել են «Իսլամի Չհաթրա Շիբիր»-ի գործունեությանը: ««Ջամաաթ-ի-իսլամ»-ի և «Իսլամի Չհաթրա Շիբիր»-ի վերջնական նպատակը Բանգլադեշում տալիբների տիպի կառավարություն ստեղծելն է, և Պակիստանի հետախուզությունը նրանց հավաստիացրել է այդ նպատակին հասնելու իր աջակցությունը: Նրանց մերձավորությունը ակնհայտ դարձավ, երբ Հնդկաստանի և Բանգլադեշի կառավարություններն սկսեցին ամրապնդել կապերը»,- հետախուզության անանուն մի ծառայող ասել է News18-ին։
Շեյխ Հասինան կարծես տեղյակ էր իր կառավարությունը տապալելու ավելի մեծ արտաքին դավադրության մասին: Հուլիսի 27-ին ցույցերի ժամանակ վիրավորվածներին հիվանդանոցում տեսակցելիս նա խոսեց դավադիրների մասին ու հարց հնչեցրեց․ «Եթե տնտեսական կործանումը չէ շարժառիթը, ինչու են ցուցարարները թիրախավորել հիմնական ենթակառուցվածքները, ինչպիսիք են մետրոյի կայարանները, հիվանդանոցները և արագընթաց մայրուղիները»:
Հասինան քննադատեց ընդդիմությանը, Բանգլադեշի ազգայնական կուսակցության և «Ջամաաթ-ի-իսլամ»-ի համագործակցությունը, որոնք, ըստ նրա, լեգիտիմ պահանջներով ուսանողական ցույցերը վերածում են բռնության ու ավերածության։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու ուսանողները չեն կարողանում դադարեցնել ցույցերը՝ չնայած կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանում է քվոտային համակարգի բարեփոխումների նրանց պահանջները։ Հասինան ընդգծեց, որ ուսանողները հրաժարվեցին դադարեցնել իրենց ցույցերն անգամ, երբ Գերագույն դատարանը կտրուկ նվազեցրեց քվոտան ընդամենը 7 տոկոսի (30 տոկոսից):
Բանգլադեշի տեղեկատվության և հեռարձակման հարցերով նախարար Մոհամմադ Արաֆաթին մի հարցազրույցում ասել է, որ «որոշ մարդիկ [փորձում էին] յուղ լցնել կրակի վրա, [փորձում էին] ստեղծել մի իրավիճակ, որտեղ նրանք կարող են օգտվել… և տապալել կառավարությունը»:
Բանգլադեշի «Ավամի լիգա» կուսակցությունն իր պաշտոնական կայքում հրապարակած հոդվածում, որը վերնագրված է «Քվոտայի շարժում՝ Բանգլադեշում վարչակարգի փոփոխության նախագիծ», պնդում էր, թե բռնությունների ընթացքում հիմնական միջադեպերը վկայում են անկարգությունների հիմնական մտադրության՝ կառավարության տապալման մասին։
Կա՞ր արդյոք դավադրություն Հասինային հեռացնելու գործում
Օտարերկրյա մի շարք բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը նախորդ շաբաթների իրադարձությունների մասին խոսելիս ի ցույց են դրել իրենց հակակրանքը Բանգլադեշի կառավարության նկատմամբ։
Տևական ժամանակ էր, ինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ժողովրդավարության մասով քննադատում էր Բանգլադեշի կառավարությանն ու վիզային պատժամիջոցներով սպառնում ազատ ընտրությունները խաթարող պաշտոնյաներին՝ միևնույն ժամանակ լռելով Պակիստանում չհայտարարված ռազմական դրության մասին, որտեղ զանգվածային ձերբակալությունները, անհետացումներն ու խոշտանգումները քաղաքական գործիք են։
Բայդենի վարչակազմը, շարունակելով պարգևատրել Պակիստանին, քննադատում էր Բանգլադեշում ժողովրդավարական հետընթացը: 2021-ին ԱՄՆ-ը Բանգլադեշի էլիտար Արագ գործողությունների գումարտակին և նրա ներկա ու նախկին ղեկավարներից վեցին մեղսակից կամ առնչակից ճանաչեց թմրանյութերի դեմ պայքարում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ՝ փաստացի սառեցնելով ԱՄՆ-ում նրանց բոլոր ակտիվները:
2023-ի դեկտեմբերին Բանգլադեշում ԱՄՆ դեսպան Փիթեր Հաասը իշխանություններից պահանջեց հետաքննել ոստիկանության և Բանգլադեշի ազգայնական կուսակցության անդամների միջև մահացու բախումը: «Պետարտուղար Բլինքենը Բանգլադեշի արտգործնախարար Աբդուլ Մոմենին հայտնել է իր մտահոգությունների մասին լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնության և ահաբեկման վերաբերյալ»,- ասվում էր Պետդեպարտամենտի հայտարարությունում:
Բանգլադեշում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը սպառնացել էր վիզային պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք «պատասխանատու կամ մեղսակից են ժողովրդավարական ընտրությունների գործընթացը խաթարելու համար»։ Սա ակնհայտորեն ուղղված էր Հասինայի կառավարության անդամներին։
2024-ի ապրիլին խորհրդարանում իր ելույթում Շեյխ Հասինան պնդում էր, որ ԱՄՆ-ն իր երկրում վարում է կառավարությունը փոխելու քաղաքականություն, ինչը, նրա խոսքով, «կլինի ոչ ժողովրդավարական գործողություն»։
Մայիսին՝ իր տապալումից մի քանի ամիս առաջ, Հասինան կրկին խոսեց իր կառավարությունը տապալելու «արտաքին դավադրության» մասին․ «Եթե ես թույլ տայի որոշակի երկրի ավիաբազա կառուցել Բանգլադեշում, ապա ես վերընտրվելու խնդիր չէի ունենա… առաջարկը ստացվել է սպիտակ մի մարդու կողմից»:
Խմբագրական այս սյունակում մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք «արևմտյան դավադրություն» կար Բանգլադեշից Շեյխ Հասինային հեռացնելու գործում։
Չնայած մեծացող ապացույցներին, որ քվոտաների շարժումն իրականում դավադրություն էր, և որ բռնությունը միտումնավոր հրահրում էին «Ջամաաթ»-ի, «Իսլամի Չհաթրա Շիբիր»-ի և Բանգլադեշի ազգայնական կուսակցության անդամները՝ արևմտյան միջազգային գործակալությունների թիրախում հայտնվեց «Ավամի լիգա»-ի կառավարությունը:
Միջազգային մի քանի կազմակերպություն դատապարտեց ցուցարարների նկատմամբ բռնությունը, որոնցից ոմանք նույնիսկ անուղղակի կոչ արեցին հասնելու ռեժիմի փոփոխության և պատժամիջոցներ կիրառելու Բանգլադեշի անվտանգության ուժերի դեմ՝ Հասինայի կառավարությանը մեղադրելով մարդու իրավունքների համակարգային ոտնահարման և ինքնակամ գործելակերպի մեջ։
«Այժմ ժամանակն է, որ ազդեցիկ կառավարությունները ճնշում գործադրեն Շեյխ Հասինայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ուժերի դաժան վերաբերմունքը ուսանողների և այլ ցուցարարների նկատմամբ»,- ասվում էր HRW Ասիայի փոխտնօրեն Մեենակշի Գանգուլին: Նա կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Բանգլադեշի անվտանգության ուժերի դեմ:
ՄԱԿ-ի փորձագետների խումբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով բռնության դեպքերի անկախ հետաքննություն։ Խումբը պնդում էր, որ Բանգլադեշի կառավարությունը նման հարցերում վստահություն չունի: «Մենք խորապես անհանգստացած ենք բողոքի առաջնորդների, քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ իշխանությունների և կառավարության հետ փոխկապակցված խմբերի նպատակաուղղված հարձակումների, սպառնալիքների, ահաբեկումների և հաշվեհարդարի մասին լուրերով»,- ասվում էր հայտարարությունում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլքեր Թյուրքը նույնպես պահանջեց անկախ հետաքննություն անցկացնել ցուցարարների նկատմամբ պետության կողմից բռնաճնշումների ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: «Մենք հասկանում ենք, որ շատ մարդիկ ենթարկվել են բռնի հարձակումների խմբերի կողմից, որոնք, ըստ տեղեկությունների, կապված են կառավարության հետ, և ոչ մի ջանք չի գործադրվել նրանց պաշտպանելու համար»,- ասված էր նրա հայտարարությունում:
Հասինայի կառավարության հասցեին քննադատությունը չի դադարել։ ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ կասկածի տակ էին դնում հունվարի վերջին ընտրությունների օրինականությունը, երբ Հասինայի «Ավամի լիգա» կուսակցությունը վերընտրվեց չորրորդ անգամ անընդմեջ:
2024-ի ապրիլին «Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը և դրա հետևանքները Բանգլադեշի համար» խորագրով ճեպազրույցում Դաքայում ԱՄՆ դեսպանատան՝ այս տարածաշրջանի հարցերով պատասխանատու Մաքսվել Մարտինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Բանգլադեշի զինված ուժերին տեսնել որպես «տարածաշրջանում զուտ անվտանգության մատակարարի»: Դիտարկմանը, որ Հնդկաստանը տարածաշրջանում առաջատար դեր է խաղում Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարության հարցերում, Մարտինն արձագանքել էր, որ ԱՄՆ-ը Բանգլադեշի հետ իր հարաբերություններին նայում է «երկկողմ հիմքի վրա», «մենք մեր հարաբերություններին չենք նայում այլ երկրի ոսպնյակով»:
Մարտինն ասել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բանգլադեշի զինված ուժերին հասնելու 2030-ի նպատակին՝ ապահովելու երկրի անվտանգությունը, արձագանքելու տեխնածին և բնական աղետներին և ավելի շատ ներգրավվելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում:
Մարտինն ասել էր, որ Բանգլադեշում աշխատանքային իրավունքների վերջին շեշտադրումները և ազատ ու արդար ազգային ընտրությունների վերաբերյալ ավելի վաղ շեշտադրումները Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարության մաս են: