Keto Guru. նիհարեցնող հրաշք դեղահա՞բ, թե՞ վտանգավոր խաբեություն

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքում վերջերս գովազդվում և վաճառվում է Keto Guru անվանումով միջոց՝ որպես դեղահաբ: Գովազդային էջերը պնդում են, որ այն օգնում է նիհարել առանց դիետաների, բարելավել մարսողությունը, կարգավորել նյութափոխանակությունը և այլն:

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքում Keto Guru-ի գովազդից և կայքից։

#CivilNetCheck-ը փորձել է պարզել՝ արդյո՞ք գովազդվող միջոցն իսկապես դեղահաբ է, գրանցվա՞ծ է որևէ տեղ, թե ոչ:

Ի՞նչ է Keto Guru-ն, և ինչպե՞ս է տարածվում գովազդը

Սոցցանցերում Keto Guru-ի գովազդներում քաշի կորստի վերաբերյալ տվյալները հակասական են. մի դեպքում նշվում է, որ երկու պարկուճ օգտագործելով՝ հնարավոր է մեկ շաբաթում մինչև 9 կգ նիհարել, մյուս դեպքում՝ 4 շաբաթում 15 կգ:

Հայաստանը, սակայն, միակ երկիրը չէ, որտեղ տարածվում է այս գովազդը: Նույն էջերը նմանատիպ կեղծ գովազդներով թիրախավորում են նաև Խորվաթիայի և Իսպանիայի քաղաքացիներին:

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքում Keto Guru-ի օտարալեզու գովազդից

Ֆեյսբուքյան գրառումները տանում են yourcomfortlife.store և wewry.site կայքեր, որտեղից հնարավոր է գնել միջոցը: Չնայած տարբեր դոմեյններին՝ կայքերի բովանդակությունը նույնական է:

Կայքերում նշվում է, որ Keto Guru-ն «մշակվել է սննդի և առողջության հետ կապված կարևոր կլինիկական կենտրոնների մասնակցությամբ»՝ առանց հստակեցնելու, թե որ կենտրոնների: Մեզ չհաջողվեց գտնել տվյալներ միջոցի մշակման և կլինիկական կենտրոնների վերաբերյալ:

Կայքում նաև ներկայացված է իբրև թե առողջ սննդի բնագավառի փորձագետ ոմն Կիմ Սեթոյանի կարծիքը: Սակայն նման անուն-ազգանունով փորձագետ գոյություն չունի, իսկ օգտագործված լուսանկարը վերցված է համացանցից:

էկրանապատկերը՝ Keto Guru-ն վաճառող կայքից

Ի՞նչ է կետո դիետան և ի՞նչ կապ ունի Keto Guru-ի հետ

Կետո դիետաները տարածված են աշխարհում: Դրանց հետևողները բացառում են ածխաջրերով հարուստ մթերքները՝ ստիպելով օրգանիզմին այրել ճարպերը: Հաճախ օգտագործվում են նաև հավելումներ՝ այս գործընթացն արագացնելու համար:

Մինչդեռ, Keto Guru-ն գովազդող կայքերում պնդում է արվում, որ հնարավոր է քաշ կորցնել առանց դիետաների ու վարժությունների՝ պարզապես օգտագործելով իրենց կողմից առաջարկվող թշշան դեղահաբը։

Դեղահա՞բ, թե՞ հավելում

Չնայած սոցցանցերում տարածվող գովազդներում Keto Guru-ն ներկայացվում է որպես դեղահաբ, սակայն հենց արտադրանքի տուփի վրա նշված է «հավելում» (supplement):

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածվող գովազդներից

Միջոցը վաճառող կայքերում նշվում է, որ արտադրանքը սերտիֆիկացված է ԵՄ-ում: Սակայն ԵՄ-ում դեղերը գրանցվում են Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից, և Keto Guru անվանումով դեղամիջոց գրանցված չէ ոչ գործակալության դեղերի, ոչ էլ բուսական արտադրանքների ցանկում:

ԵՄ-ում առկա են սահմանված կանոններ սննդային հավելումներում վիտամինների մակնշման, անվտանգության և օգտագործման վերաբերյալ, որոնց պետք է հետևեն արտադրողները: Բայց հավելումները չեն անցնում դեղամիջոցների համար պարտադիր լաբորատոր հետազոտությունները:

ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) խորհուրդ է տալիս սպառողներին հավելումներ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դրանք կարող են փոխազդել այլ դեղերի հետ: Ուշագրավ է, որ Ֆիլիպինների Սննդի և դեղերի վարչությունը 2021-ին հրապարակել է խորհրդատվական հայտարարություն՝ զգուշացնելով առողջապահության ոլորտի մասնագետներին և հանրությանը չսպառել մի շարք չգրանցված սննդային հավելումներ, որոնց թվում էր նաև Keto Guru-ն:

Keto Guru-ն տարածվում է նաև Հայաստանում գործող սոցցանցերի էջերի միջոցով: Թեև հայկական էջերից չեն պնդում, որ միջոցը դեղահաբ է, բայց չեն էլ հստակեցնում դրա՝ ընդամենը հավելում լինելու փաստը: Եթե արտասահմանյան էջերը այն վաճառում են կայքի միջոցով, ապա հայաստանյան էջերը վաճառքն անում են Ֆեյսբուքի միջոցով, այնուհետև կապվում և առաքում այն։

Այսպիսով, Keto Guru-ն դեղահաբ չէ, այլ սովորական սննդային հավելում, որի արդյունավետությունը երաշխավորված չէ: Ավելին, այն չունի ԵՄ սերտիֆիկացում և ապացուցված ազդեցություն, ինչպես նշված է վաճառքի կայքերում:

Մեկնաբանել