Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուստավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով էկոնոմիկայի նախարարի հանձնարարականը, որ հրապարակվել է Վրաստանի իրավական ակտերի լրատուում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակում:
30 կմ երկարությամբ նոր երթուղին անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ և բաղկացած է լինելու չորս գոտուց, 11 կամուրջներից և անցումներից։ Շինարարության արժեքը գնահատվում է 250 մլն եվրո։
Ներկայում Վրաստանը Հայաստանին կապվում է երեք հիմնական անցակետերով՝ Բագրատաշեն – Սադախլո, Գոգավան – Գուգուտի և Բավրա – Նինոծմինդա։ Հայաստան-Վրաստան սահմանի ընդհանուր երկարությունը 219 կմ է։