Յուսեֆ Բարդուկա, OC Media
Իսրայելի բանակը, ըստ հաղորդագրությունների, հերթապահությունից դուրս գտնվող անձնակազմին հրամայել է լքել Վրաստանն ու Ադրբեջանը՝ Իրանի կողմից իսրայելական օբյեկտների վրա հարձակման մտավախության ֆոնին:
Իսրայելական պետական Kan 11 հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հրամանը տրվել է երկուշաբթի՝ մտավախությունների ֆոնին, որ Իրանը կարող է հարվածել իսրայելական թիրախներին կա՛մ Իսրայելի ներսում, կա՛մ Իրանին մոտ գտնվող երկրներում: The Times of Israel-ը հայտնել է, որ իսրայելցի զինծառայողները «ենթադրաբար արձակուրդի մեջ կամ ընտանիքին այցելելու նպատակով կարող են գտնվել այդ երկրներում»:
Իրանը խոստացել է հաշվեհարդար տեսնել հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար: Իսրայելը չի ստանձնել սպանության պատասխանատվությունը, սակայն այդ պահից ի վեր պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին:
Օգոստոսի 9-ին բրիտանական The Telegraph թերթը հաղորդել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներգրավված է Իրանի ազդեցիկ «Հեղափոխության պահապանների կորպուսի» հետ իշխանության համար պայքարում։ Ընդ որում, նախագահն առաջարկել է, որ Իրանը թիրախավորի «Իրանի հարևան երկրներում իսրայելական գաղտնի բազաները», իսկ Հեղափոխության պահապաններն առաջ են տանում Իսրայելի վրա ուղիղ հարձակման գաղափարը։
The Telegraph-ը մեջբերել է Իրանի նախագահի օգնականի խոսքերն այն մասին, որ նախագահ Փեզեշքիանը «առաջարկել է թիրախավորել Ադրբեջանի Հանրապետությունում կամ [Իրաքյան] Քրդստանում Իսրայելի հետ կապված որևէ տեղանք՝ այդ երկրներին նախապես տեղյակ պահելով, և ավարտին հասցնել ողջ դրաման»:
Ադրբեջանը սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ և ոչ հարթ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Ադրբեջանը հերքում է իր սահմաններում իսրայելական օբյեկտների առկայությունը։
Ավելի ուշ երկուշաբթի օրը, Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալությունը հրապարակել է լրատվամիջոցների զարգացման գործակալության հայտարարությունը, որում Kan 11-ին և The Telegraph-ին մեղադրում են «ապատեղեկատվություն տարածելու» և «կասկածելի աղբյուրներին հղում անելու» մեջ։ Նրանք հերքել են, որ Իսրայելն «արգելել է իր զինվորներին մնալ Ադրբեջանում»։
«Հայտնում ենք, որ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ զորակազմ չկա։ Մենք խստորեն դատապարտում ենք կեղծ լուրերի վրա հիմնված տեղեկատվական մանիպուլյացիաները»,- հայտարարել է գործակալությունը։
Վրաստանը պաշտոնապես չի մեկնաբանել իսրայելական զինվորականների՝ Վրաստանը լքելու հրամանի մասին լուրերը, իսկ արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին: Վրաստանը սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ։ Իսրայելում բնակվում է մոտ 120,000 վրացի հրեա։
Ավելի վաղ, Թեհրանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությունը Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը՝ Հանիեի սպանությունից մեկ օր առաջ, հակասություններ էր առաջացրել: OC Media-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատել Ադրբեջանում և Վրաստանում Իսրայելի դեսպանատների հետ։