Ֆեյսբուքյան էջերը կեղծ գրառումներ են տարածում օդանավի կործանման և զոհերի մասին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքան էջեր պարբերաբար հայ օգտատերերի շրջանում գրառումներ են տարածում օդանավի կործանման և զոհերի մասին՝ տպավորություն ստեղծելով, թե դեպքը տեղի է ունեցել Հայաստանում։ Մինչդեռ, խուճապ տարածող գրառումները կեղծ են և մոլորեցնում են օգտատերերին։

Ի՞նչ են գրում ֆեյսբուքյան էջերը, ե՞րբ է տեղի ունեցել ավիավթարը

Ֆեյսբուքյան մի շարք էջեր՝ «Ընդմիշտ իմ Հայաստան» (191 հազար հետևորդ), «Լրիվ Նոր Հայաստան» (196 հազար հետևորդ), «Սփյուռք» ( 182 հազար հետևորդ) և այլն, պարբերաբար խուճապային գրառումներ են անում՝ ահազանգելով Boeing 737 օդանավի կործանման և 180 զոհի վերաբերյալ։ Գրառման հետ կցված է media24news.com կայքի հղումը։ Այս կայքին #CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել էր։

Հղումով անցնելուց հետո պարզ է դառնում, որ լուրը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին։ Այն էլ՝ ժամանակավրեպ է։

էկրանապատկերը՝ «Լրիվ Նոր Հայաստան» ֆեյսբուքյան էջից

Իրանում իսկապես օդանավի կործանում է տեղի ունեցել, բայց ոչ թե վերջերս, այլ 2020-ին։ Boeing 737 օդանավը կործանվել էր Թեհրանից Կիև թռիչք կատարելու ժամանակ։

Նույն գրառումը ֆեյսբուքյան այլ էջեր ևս վերջերս տարածել են՝ կցելով lureronline.live, lrahos24.live և haylives.live կայքերի հղումները։ Երբ անցնում ենք հղումներով, պարզվում է, որ հոդվածն այլևս գոյություն չունի կայքում։

Էկրանապատկերը՝ lureronline.live, lrahos24.live և haylives.live կայքերի հղումները գրառմանը կցած ֆեյսբուքյան էջերից

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը օդանավի կործանման և զոհերի վերաբերյալ խուճապային լուրեր են տարածում՝ տպավորություն ստեղծոլով, որ դեպքերը տեղի են ունենում ներկայում և Հայաստանում։ Այդ էջերը օգտատերերին մղում են սեղմել հղման վրա՝ նպատակ ունենալով դիտումների միջոցով գումար աշխատել։

Մեկնաբանել