Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանցին, որը 2023-ին աշխատում էր Սոյուդլու գյուղի բնապահպանական ցույցերի համար պաստառներ տպող տպարանում, դատապարտվել է բանտարկության՝ թմրանյութերի մեղադրանքով։
Օգոստոսի 7-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 34-ամյա Ջոշգուն Մուսաևին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 2023-ի հունիսին Սոյուդլու գյուղի մերձակայքում ոսկու հանքի պատճառած բնապահպանական վնասի դեմ բողոքի ցույցից հետո մեկ տարի անցկացրած ոստիկանական կալանքի հետո։ Նա պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Մուսաևը ձերբակալվել էր 2023-ի հունիսի 21-ին՝ բողոքի ցույցերի սկսվելուց մեկ օր անց, և տեղափոխվել է Պետական անվտանգության ծառայության Գյանջայի բաժին, որտեղ ըստ նրա՝ իրեն առաջարկել են ընտրել վեց գրամ թմրանյութ կամ 10 կիլոգրամ թմրանյութ պահելու տարբերակների միջև։
Դատավարության ժամանակ Մուսաևը հայտարարել է, որ իրեն Գյանջայից տեղափոխել են Բաքու և ստիպել մասնակցել Նարիմանովի այգում ոստիկանության կողմից նկարահանված թմրանյութերի բեմադրված գործարքի։
«Հաջորդ առավոտ ես նստեցի [այգում], ինչպես ինձ հրահանգել էին, և նրանք նկարահանեցին դրսից։ Ավելի ուշ իմացա, որ ստեղծել են մի սցենար՝ ապացուցելու, որ ինձ իբր բռնել են Բաքվի այգում»,- ասել է նա դատարանում։
Նա կարծում է, որ իշխանությունները պատժել են իրեն Սոյուդլուում ցուցարարների օգտագործած պաստառները տպելու համար։ Սոյուդլու գյուղն ավելի քան մեկ տարի է՝ ոստիկանական շրջափակման մեջ է: Բողոքի ցույցերը թե՛ ոսկու հանքի կողմից թթվային թափոնները մոտակա արհեստական լիճ լցնելու դեմ էին, թե՛ հավելյալ թափոններ լցնելու համար երկրորդ պոչամբար կառուցելու պլանների դեմ:
2023-ի հունիսին բողոքի ցույցին մասնակցում էր ավելի քան հարյուր ցուցարար: Նրանք դաժանորեն ցրվեցին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի կողմից, որն արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ կիրառեց ցուցարարների, այդ թվում՝ տարեցների դեմ: Դեպքից հետո մի քանի լրագրող և գյուղի բնակիչ ձերբակալվեցին կամ տուգանվեցին։
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի կառավարությունը կանաչ լույս է տվել Սոյուդլուի մոտ գտնվող արհեստական լճի ընդլայնմանը։
Տե՛ս նաև՝ Չնայած բնակիչների բողոքին՝ Ադրբեջանը հաստատել է Սոյուդլու գյուղին կից պոչամբարի ծրագիրը