Ի՞նչ կնշանակի Հարիսի կամ Թրամփի նախագահությունը հայերի համար

Մանե Բերիկյան

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալաիք նախագահական ընտրությունները առաջինն են լինելու անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո, որը հանգեցրեց երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտմանը։ Այսպիսով, ԱՄՆ-ում ապրող ավելի քան մեկ միլիոն հայերի համար քվեարկության կարևորագույն հարցը Հայաստանի և հայերի ճակատագիրն է:

Թրամփի նախագահության օրոք տեղի ունեցավ Հայաստանի աղետալի պարտությունը 2020-ի Ղարաբաղյան պատերազմում, իսկ Բայդեն-Հարիսի վարչակազմի օրոք տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը։ Այժմ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների հավանական թեկնածուն է նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ:

Ի՞նչ նշանակություն կունենա Հարիսի կամ Թրամփի նախագահությունը Հայաստանի և հայերի համար։ Փորձենք հասկանալ։

Թրամփը՝ հայկական խնդիրների մասին

Հենց Թրամփի նախագահության օրոք տեղի ունեցավ 2020-ի Ղարաբաղյան պատերազմը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ հայկական վերահսկողության կորստին, իսկ ավելի ուշ ճանապարհ հարթեց 2023-ին երկրամասի վերջնական անկման համար, ինչը շրջադարձային պահ էր հայ ժողովրդի կյանքում։ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները պասիվ դիրք զբաղեցրեց և շատ բան չարեց հակամարտությանը վերջ տալու իր միջնորդական ջանքերում, բացի գաղջ դատապարտումներից և ռազմական գործողությունները դադարեցնելու երկկողմանի կոչերից: Նախագահը, սակայն, 2020-ին խոստացավ, որ «կշտկի» Ղարաբաղյան հակամարտությունը և գովաբանեց հայերին որպես «լավ մարդկանց» և «մեծ բիզնեսմենների»:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ակնհայտ «ձեռքերը լվանալու» քաղաքականությունից բացի՝ Թրամփի վարչակազմը բազմիցս և համաձայնեցված ջանքեր գործադրեց արգելափակելու ԱՄՆ օգնությունը տարածաշրջանին։ Թրամփի վարչակազմը բազմիցս թիրախավորել է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության ծրագիրը և ի վերջո ընդհանրապես դադարեցրել մարդասիրական օգնությունը և ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը:

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները վերջ դրեց նաև Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան հավասարազոր ռազմական օգնություն տրամադրելու տարիների նախադեպը՝ փոխարենը ավելացնելով Ադրբեջանի ֆինանսավորումը մինչև ավելի քան 100 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմի տարեկան բյուջեի հատկացումների պահաանջներում կրճատվում էր Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Որպես նախագահ՝ Թրամփը հրապարակավ ողջագուրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի զինվորականներն ուղղակիորեն աջակցում էին Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա։ Նա նաև չկարողացավ դատապարտել կամ քայլեր ձեռնարկել Էրդողանի թիկնապահների դեմ, երբ նրանք հարձակվեցին և ֆիզիկական հաշվեհարադար տեսան խաղաղ ցուցարարների նկատմամբ հենց ԱՄՆ-ում՝ Էրդողանի Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ժամանակ:

ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողջունի Թրամփի հերթական նախագահությունը, ոչ թե Թրամփի կոնկրետ քաղաքականությունը, այլ նրա ստեղծած արտաքին քաղաքական միջավայրը, որը թույլ կտա Ադրբեջանին շարունակել անպատիժ գործել։

Հակոբյանն ասում է, որ Ադրբեջանն «անհամբեր սպասում է Թրամփի աշխարհին, քանի որ նրանք կարծում են, որ Թրամփի ընտրությունը նշանակում է Ռուսաստանի հաղթանակ Ուկրաինայում, ԱՄՆ-ի ավելի քիչ ներգրավվածություն և գործողությունների ավելի մեծ ազատություն աշխարհում յուրաքանչյուր բռնապետի համար, մասնավորապես, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի կամ անձամբ Ալիևի»։

Ինչպես ինքը՝ Թրամփը, այնպես էլ նրա փոխնախագահի թեկնածուն՝ սենատոր Ջեյմ Վենսը (Օհայոից) հայ համայնքի կամ հայկական հարցերի հետ առնչության փորձ չունի։ Այնուամենայնիվ, Վենսը հոկտեմբերին Կոնգրեսին ուղղված հուշագրում ընդգծում էր «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի արագ տապալումը և քրիստոնեական հին համայնքի գաղթը»: Իսկ հունվարին Վենսը ԱՄՆ ֆինանսների նախարարին նամակ էր հղել` կոչ անելով արգելափակել զենքի վաճառքը Chekoslovak Group-ին՝ վիճահարույց մի ընկերություն, որը, ի թիվս այլ բաների, ըստ Վենսի, խախտում է Ադրբեջանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն:

Իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Թրամփը ոչ միայն չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այլև ակտիվ փորձեց արգելափակել ճանաչման ջանքերը Կոնգրեսում։ 2019-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, Թրամփը սենատորներ Լինդսի Գրեհեմին, Դևիդ Փերդյուին և Քևին Քրամերին օգտագործեց՝ արգելափակելու Սենատի կողմից բանաձևի հաստատումը: Այնուամենայնիվ, Թրամփի ջանքերն ապարդյուն էին, և օրինագիծն ի վերջո ընդունվեց:

Ինչպես իր բոլոր նախորդները և իրավահաջորդը, Թրամփը իր պաշտոնավարման բոլոր չորս տարիներին հրաժարվեց 1992-ին ընդունված Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետից՝ վերացնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ օգնության սահմանափակումների արգելքը:

Միացյալ Նահանգներում ապրող շատ հայերի համար մեկ այլ կարևոր խնդիր է ներգաղթը, քանի որ շատ ընտանիքներ Հայաստանից գաղթում են ԱՄՆ և ստանում քաղաքացիություն: Թրամփի վարչակազմի օրոք էական կրճատումներ են եղել օրինական, ընտանեկան ներգաղթի մասով, ինչը կարող է ազդել բոլոր այն հայերի վրա, որոնք հույս ունեն հովանավորել իրենց ընտանիքների ներգաղթը Միացյալ Նահանգներ:

Հարիսը հայկական հարցերի շուրջ

2021-ի ապրիլին Բայդեն-Հարիսի վարչակազմը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջինը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, շատ քննադատներ նշում են, որ այս քայլը խաթարվել է Բայդենի ձախողմամբ, որը չկանխեց անցյալ սեպտեմբերին Արցախի հայերի էթնիկ զտումը նրանց նախնիների հայրենիքից:

Ավելի քան ինը ամիս Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում էր սովամահ անել Ղարաբաղում ապրող ավելի քան 100 000 հայերին: Սեպտեմբերին դա վերաճեց խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակման և ամբողջ բնակչության բռնի տեղահանությամբ: Բայդենի վարչակազմը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի պարտադրած շրջափակումը և դրան հաջորդած էթնիկ զտումները՝ բացի դատապարտումներից և չկատարված խոստումներից:

Բայդենի օրոք Հայաստանը ոչ միայն կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների վրա՝ 2021-ի մայիսից ի վեր երկու առանձին հարձակումների արդյունքում: Հայ պաշտոնյաները պնդում են, որ Միացյալ Նահանգները նշանակալի դեր է խաղացել Ադրբեջանի հետագա ներխուժումը Հայաստան կասեցնելու գործում 2022-ի սեպտեմբերին։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը, ի վերջո, չկանխեց Ադրբեջանի ներխուժումը կամ ճնշում չգործադրեց Բաքվի վրա՝ նահանջելու օկուպացված տարածքներից։

Որպես Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր՝ Հարիսը մեծ հաջողություններ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու գործում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում Ապրիլի 24-ի հիշատակի օրը ոգեկոչող գրառումներով և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակությամբ: Հարիսը նաև նամակներ է ստորագրել 2019 և 2020 թվականներին՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերին՝ Թրամփի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության կրճատումից հետո։ Նա նաև նամակ է հղել՝ կոչ անելով Կոնգրեսի գրադարանում պատշաճ կերպով դասակարգել Հայոց ցեղասպանությունը։

«Նրա թեկնածության լավ կողմն այն է, որ կապ չունի, թե որ կուսակցությունն է ներկայացնում թեկնածուն․ եթե նա ընտրված պաշտոնյա է Կալիֆոռնիայից, արդեն ինչ-որ մակարդակի հարաբերություններ ունի հայ համայնքի հետ»,- ասում է Հակոբյանը Հարիսի մասին։

«Եվ, որ ավելի կարևոր է, նա որոշակիորեն տեղյակ է նաև հայկական խնդիրների և Հայաստանի մասին, ինչը պարտադիր չէ, որ այդպես լինի Միացյալ Նահանգների այլ վայրերի դեպքում: Այսինքն, իրազեկման խնդիր չկա»:

Բացի այդ, Բայդեն-Հարիսի վարչակազմը հստակ է արտահայտվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու իր մտադրության մասին: Այդ նպատակով Միացյալ Նահանգները շատ ավելի ներգրավված է եղել Բայդենի օրոք հայ-ադրբեջանական հակամարտության միջնորդական ջանքերում և ողջունել է Ռուսաստանի ուղեծրից հեռանալու Հայաստանի հավակնությունները: Հայ պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները նշանակալի դեր է խաղացել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի հետագա ներխուժումը Հայաստան կասեցնելու գործում:

Ամենակարևորը, թերևս, այն է, որ Բայդենի և Հարիսի օրոք Միացյալ Նահանգները զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար՝ աճող հետաքրքրություն ցուցաբերելով էներգետիկ, տնտեսական և պաշտպանական ոլորտներում: Անցյալ սեպտեմբերից Միացյալ Նահանգները և Հայաստանը անցկացրել են առնվազն երկու համատեղ զորավարժություն՝ ամրապնդելու կապերը «Արծիվ գործընկեր» ծրագրի շրջանակում: Վաշինգտոնը անցյալ ամիս նաև հաստատեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում մշտական ​​խորհրդական կնշանակի, իսկ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու Հայաստանի հետ տնտեսական կապերը առևտրի և ներդրումների միջոցով։ Միացյալ Նահանգները նաև բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանը ամերիկյանով փոխարինելու հնարավորության շուրջ։

Ըստ Հակոբյանի՝ Հարիսի նախագահությունը հայերի համար կնշանակի «այն, ինչ ունենք հիմա»։ Հայաստանի նկատմամբ Հարիսի քաղաքականությունը, հավանաբար, համահունչ կլինի Բայդենի քաղաքականությանը, ինչը նշանակում է ընդհանուր առմամբ «հայաստանամետ» դիրքորոշում և Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ջանքեր՝ առանց ուղղակիորեն ընդդեմ Բաքվի ռեժիմի:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը անցյալ շաբաթ հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացում արտատարածքային միջանցքի իր պահանջից: Այն, ինչ Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։ Հնարավոր այդ երթուղին դարձել էր կարգավորման գործարքի հասնելու տարիների ջանքերի հիմնական խոչընդոտներից մեկը, և շատերը ենթադրում են, որ Ադրբեջանի զիջումը ԱՄՆ-ի ճնշման արդյունք է:

Ամենակարևորը

2024-ի նոյեմբերին կա՛մ Թրամփը, կա՛մ Հարիսը կլինեն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը։ Բայց որքանո՞վ է հաղթող թեկնածուն որոշելու հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքը։

Փորձագետների կարծիքները տարբեր են։ Ըստ Հակոբյանի՝ խոսքը կուսակցականության մասին չէ, այլ քաղաքական իսթեբլիշմենթի մասին է։

«Այսօր ԱՄՆ-ում քաղաքական իսթեբլիշմենթն առավել, քան երբևէ պատմության մեջ բարենպաստ է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Եվ դա այնքան էլ կապ չունի կուսակցական խնդիրների հետ, դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը շրջադարձ է կատարել դեպի Արևմուտք»,- ասում է Հակոբյանը:

Read the article in English: What would a Harris or Trump presidency mean for Armenians?

Մեկնաբանել